Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանց լրացուցիչ մրցույթների

Սեպտեմբեր 03,2002 00:00

Առանց լրացուցիչ մրցույթների ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսը նվիրված էր ընդունելության քննություններին եւ ամփոփիչ բնույթ ուներ, քանի որ լրատվամիջոցներն արդեն հանգամանորեն անդրադարձել էին քննությունների մանրամասներին, ինչից էլ ընդհանուր առմամբ նախարարը գոհ էր: Նախ նշվեց, որ այս տարի դիմորդների թիվն անցյալ տարիների հետ համեմատելի էր, եւ նորություն համարվեց այն, որ այս տարի մեծացել էր դիմորդների հոսքը բնագիտության ուղղությամբ ճարտարագիտության համալսարանում, որոնք միշտ ունեցել են թերակատարման վտանգ: Արդեն նշել ենք, որ մեծ հետաքրքրություն էր նկատվում կիրառական մաթեմատիկա, հաշվողական տեխնիկաներ, տնտեսագիտություն եւ, որ անսպասելի էր, հոգեբանություն, սոցիոլոգիա, մանկավարժություն մասնագիտությունների նկատմամբ: Հոսքի անկում էր նկատվել բժշկական համալսարանում, իսկ իրավագիտություն, միջազգային դիվանագիտություն մասնագիտությունների գծով բարձր մրցույթը պահպանվում էր: Քննությունների ընթացքում որեւէ արտակարգ միջադեպ չի գրանցվել, համենայնդեպս այնպիսիք, որ կարիք լիներ քննարկել հանրապետական ընդունող հանձնաժողովում: Այստեղ ուղղված հիմնական բողոքներն առնչվել են գնահատմանը, եղել են տեխնիկական բնույթի վրիպակներ, իսկ խոշոր վրիպումներ ստուգման արդյունքում չեն հայտնաբերվել, հաշվիչ կենտրոնի չափանիշները եւս համընկնում էին տետրերի գնահատականների հետ: Ցուցակները փակցնելուց հետո եղած 5 վրիպումները մրցույթի վրա չեն ազդել, որովհետեւ եղել են վճարովի եւ ԱՏ համակարգի ցուցակներում: Հանրապետական հանձնաժողովն իր վերջին նիստում 2 կարեւոր որոշում է ընդունել, որոնք կօգնեն ավելի հանգիստ անցկացնել քննությունների վերջին փուլը: Նախ որոշվել է ԱՏ դիմում-հայտերն ընդունելու կապակցությամբ. մի զգալի զանգված լրացրել է միայն անվճար եւ վճարովի՝ անտեսելով ԱՏ-ն: Քննության արդյունքում հանձնաժողովը որոշել է այս դեպքում թույլատրել օգտվել ԱՏ-ից՝ միայն այն մասնագիտությամբ, ինչ որ վճարովիով կամ անվճարով է նշված եւ նաեւ՝ դիմորդի միավորներն այս դեպքում անցողիկի սահմանում պետք է լինեն: Իսկ վճարից հրաժարվելու դեպքում առաջացած թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթ չի լինելու, քանի որ պահանջարկն արդեն իսկ լրացվում է ԱՏ-ով, եւ բուհերն այս իմաստով առանձնապես մեծ վնաս չեն կրում: Այս տարի դիմորդների շրջանում կտրուկ աճել է զոհված ազատամարտիկների երեխաների թիվը, եւ ստիպված ԿԳՆ-ն կառավարություն է դիմել՝ պահուստային տեղերը եւս 40-ով ավելացնելու համար: Օրենսդիրի հետ քննարկվում է նաեւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին արտոնություն տալու հարցը, քանի որ, ըստ նախարարի, այս շերտը պետության օգնության առավել մեծ կարիք ունի: Ի դեպ, հարկ է նշել, որ բուհերում գործում է նաեւ զեղչերի համակարգը. վերջին 4 տարիներին «Համահայկական երիտասարդական հիմնադրամի» եւ բուհերի ջանքերով 4 միլիոնի զեղչ է արվել: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կլուծվի շտեմարանների ցավոտ խնդիրը. մասնագետների կարծիքով՝ վերջիններս հնարավորություն չեն տալիս հատկապես լեզվական գիտելիքները ստուգելու: Կստեղծվեն աշխատանքային խմբեր բոլոր առարկաների գծով, որոնք շտեմարանները մաքսիմալ կերպով կմոտեցնեն դպրոցական դասագրքերին՝ բացառելով անգամ վիճահարույց հարցերը: Այս իմաստով նորմալ է միայն աշխարհագրության շտեմարանի վիճակը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել