Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՎՈՐԻՆ

Սեպտեմբեր 03,2002 00:00

ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՎՈՐԻՆ Արմեն Բեջանյանի, Կարեն Զաքարյանի, Մանվել Ասատրյանի, Արամ Աղաբաբյանի եւ Արթուր Յազչյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության լուսաբանման 7 ամիսների ընթացքում այդպիսի լարվածություն չէր եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում։ Դատական նիստը դեռ չսկսված, սպառնալիք տեղաց նախ դատավոր Իսկուհի Վարդանյանի հասցեին՝ ամբաստանյալներից մեկի հարազատի կողմից («Եթե արդար դատավճիռ չլինի՝ գլուխդ կկոտրեմ»), ապա մեղադրող Ա. Երիցյանի, երբ նա միջնորդում էր պատժաչափը։ Արթուր Սուրենի Պարսամյանի սպանության հանգամանքները վերլուծելիս մեղադրողը փորձեց պատասխանել իր իսկ կողմից բարձրացված հարցին. ի՞նչ է եղել իրականում։ Ապա համադրելով ապացույցները, հայտարարեց, թե ասվածը մերկապարանոց սյուժեի հիման վրա չի կառուցված։ Մեղադրողի խոսքը ուղեկցվում էր դահլիճից արված ռեպլիկներով. «Նաիրի Հունանյանի հոդվածներն են դրել վրաները», «Ամոթ ձեզ», «Բեն Լադենը դուք եք»։ Այնուամենայնիվ, մեղադրողը միջնորդեց ազատազրկել Արմեն Բեջանյանին եւ Կարեն Զաքարյանին՝ 10-ական, Արամ Աղաբաբյանին եւ Մանվել Ասատրյանին՝ 8-ական տարի ժամանակով։ Համաներման առթիվ 1/3-ով կրճատվեց Արթուր Յազչյանի պատժաչափը (2 տարի 8 ամիս), ինչի կապակցությամբ իր զարմանքը չկարողացավ պահել նախագահող Վարդանյանը. «1/3-ո՞վ»։ Ինչպես նկատեցիք, սա առաջին դատարանը չէ, որտեղ մեղադրողները եւ դատավորները պատժաչափի առաջադրման առիթով բախվում են միմյանց հետ։ Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանը մեղադրանքը պաշտպանող դատախազներին, դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությանը հանձնարարական է իջեցրել, որ դատական վիճաբանությունների փուլում արտասանած ճառերում «միջնորդություններով, որոշակի ձեւով» նրանք պետք է ներկայացնեն «ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատիժների տեսակներն ու չափերը», որպես քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության անհրաժեշտ, բաղկացուցիչ մաս։ Իր հերթին, Դատարանների նախագահների խորհուրդը կայացրել է թիվ 47 ամենափրկիչ որոշում, ըստ որի, դատախազը պաշտպանում է մեղադրանքը՝ հիմնավորելով որոշակի անձի կողմից Քրեական օրենսգրքով արգելված կոնկրետ արարքի կատարման հանգամանքը։ ԴՆԽ-ն որոշել է նախ, որ մեղադրողը «որոշակի պատժաչափ եւ պատժատեսակ առաջարկելու լիազորությամբ օժտված չէ»։ Սակայն, ինչպես նկատեցիք, դատավորը պնդում է իրենը, կատարելով իր վերադասի որոշումը, դատախազներն էլ կատարում են իրենց շեֆի հանձնարարականը։ Պատժաչափը դարձել է իրավաբանական կռվախնձոր ցանկացած դատարանում։ Այս գործով երկու վկաների՝ Միսաք Հարությունյանի եւ Կարեն Հակոբյանի նկատմամբ մեղադրողը հայտնեց, որ դիմելու է դատախազություն՝ քրեական գործ հարուցելու համար, քանի որ նրանք դատաքննության ժամանակ տվել են ակնհայտ կեղծ ցուցմունքներ։ Մեղադրող Ա. Երիցյանը բերեց նրանց թե՛ նախաքննական, թե՛ դատաքննական ցուցմունքները։ «Իմ կարծիքով, արժանահավատ պետք է դիտել նրանց նախաքննական ցուցմունքները, որոնք չեն հակադրվում գործի փաստական տվյալների հետ»։ Մեղադրողի կարծիքով, եթե վկաներին «ստիպած լինեին», որ «սխալ» ցուցմունք տային, ապա «փառք Աստծո, բոլորս էլ գիտենք, մեր ժողովուրդն իրազեկ է ամեն ինչին, երկրի նախագահի տեղն էլ գիտեին, կարող էին բողոքարկել, որը չի կատարվել։ Ծեծելու հետ կապված, գործում չկար մի դիմում, որ ծեծել են իրենց»։ Ըստ մեղադրողի, արարքները հիմնավորվել են դատաբժշկական փորձագիտական եզրակացությամբ։ Խոսելով հասարակական վտանգավորության մասին, Ա. Երիցյանը նշեց, որ կյանքից զրկվել է 15 տարեկան պատանի, եւ այլ ավելի ծանր հանցագործություն չի կարող պատկերացնել։ Մեղադրողը նշեց, որ տարածված են այս կարգի սպանությունները, որոնք պատճառաբանվում են, թե սոցիալական անապահով վիճակից ելնելով են. «Սոցիալական ծանր պայմանները չեն դարձել այս ողբերգության պատճառը, չնչին առիթից ոգեւորվում են, մի քանի բաժակ խմելուց ոգեւորվում եւ այդ ոգեւորության արդյունքում գնում սպանություն են կատարում»։ Տուժող Կարեն Բադոյանը, որը ինչպես տեղեկացրել էինք, ԱՄՆ գնաց (իր ցուցմունքը տալուց մի քանի օր հետո) զրկվեց («չօգտվեց») ճառ ասելու իրավունքից։ Փաստաբան Ռուբեն Սահակյանը սկսեց իր ճառն ամբաստանյալ Արմեն Բեջանյանի ցուցմունքներից։ Հոկտեմբերի 1-ի ցուցմունքում, որը տվել էր պաշտպանի ներկայությամբ, ամբաստանյալը մասնավորապես գրել է. «Դանակը թափահարել է իր դիմաց կանգնածի որովայնի, ստամոքսի շրջանում։ Դրանից բարձր իր ձեռքը չի եղել»։ Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամբաստանյալն այդ ժամանակ տեղյակ չի եղել Արթուր Պարսամյանի դիակի փորձաքննության եզրակացությանը։ Հետեւաբար, ըստ նրա էլ, Բեջանյանը (Չալո) ճիշտ ցուցմունք է տվել. հարվածել է Ա. Պարսամյանին։ Ըստ Ռ. Սահակյանի, Բեջանյանի ցուցմունքը համընկնում էր մյուս ամբաստանյալների՝ Ա. Աղաբաբյանի, Մ. Ասատրյանի նախաքննական ցուցմունքներին, ավելին՝ վկաներ Ա. Ասատրյանի, Կ. Հակոբյանի, Ս. Միքայելյանի եւ այլոց ցուցմունքներին։ Ներկայացնելով դեպքի հաջորդ օրվա դրվագը (Ս. Ասատրյանի ցուցմունքից)՝ «Երբ ինքը մտել է տուն, մայրն ասել է՝ շտապ գնա զորամաս, քանի որ այդ ապուշները երեկ կռիվ են արել։ Չալոն մեկին խփել է։ Եվ այդ երեխան մահացել է։ Մայրս ասաց, որ բոլորն այդ սենյակում են։ Ես բարձրացա այդ սենյակը, որտեղ Ա. Աղաբաբյանն էր, Կարենը, հայրը։ Իր հարցին՝ ճի՞շտ է, որ մարդ է մահացել, Կարենը (Հակոբյան) ասել է՝ այո։ Ո՞վ է խփել, երեւի Չալոն։ Ինքը Չալոյին հարցրել է՝ ճի՞շտ է, Չալոն պատասխանել է՝ ճիշտ է, ինքն է խփել», այն որակեց «կեղծ տղայական»։ Պաշտպանական կողմը 25 օր ժամանակ է խնդրել պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել