Տնտեսությունը՝ աճում, աղքատությունն ավելանում է «Ով էնպիսի սուտ ասի, որ ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ» հեքիաթի տարբերակով՝ վերջերս պաշտոնական լրատվությամբ գնաց այն միտքը, թե Վանաձորում 35% տնտեսական աճ կա։ Այս մասին հավաստել են Վանաձորի իշխանությունները՝ ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում կայացած խորհրդակցությունում, ինչը լուսաբանվեց հանրապետական հեռուստաալիքներով։ Ո՞ր թվի համեմատությամբ, ո՞ր կիսամյակի կամ եռամսյակի համեմատությամբ է աճը՝ ոչինչ չի նշվում։ Մի ժամանակ գոնե ասում էին. «Տարվա 9 ամսվա ընթացքում Լոռու մարզի ձեռնարկությունները թողարկել են այսքան արտադրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է այսքան եւ այլն»։ Վանաձորի ամենախոշոր՝ քիմիական արդյունաբերության համալիրը՝ իր կազմի մեջ մտնող 3 ձեռնարկություններով, օգոստոսի դրությամբ դեռեւս չէր աշխատում, արտադրանք չէր տալիս։ Կայուն հաճախականությամբ աշխատում են կարի 1-2 ձեռնարկություն (իսկ դրանք վերջին 3 տարիներին մշտապես գործել են), ինչպես նաեւ սննդարդյունաբերական փոքր ՍՊԸ-ները, սակայն զուգահեռ՝ որոշ ձեռնարկություններ էլ սնանկ են ճանաչվում ու լուծարվում (մարզային տնտեսական դատարանը հիմնականում դրանց «վրա» է աշխատում)։ 35% տնտեսական աճը գոնե համոզիչ դարձնելու համար ասեին, թե այն արձանագրվել է Լոռու մարզում եւ այդ ցուցանիշների մեջ, օրինակ, ընդգրկեին Տաշիրի ու Ախթալայի տվյալները. այդ դեպքում, միգուցե, պանրագործարանն ու լեռնամետալուրգիականը վիճակը «մեղմեին»։ Եթե իսկապես տնտեսությունը ռիթմիկ կամ թռիչքաձեւ աճում է, ինչո՞ւ համապատասխան կառույցները վիճակագրական վարչությանը չեն պարտադրում մամուլում առնվազն եռամսյակը մեկ տպագրել աշխատող ձեռնարկությունների տնտեսական շարժի վերաբերյալ տվյալները։ Եթե տնտեսությունը աճում է, ինչո՞ւ նախկինում արտադրությունում ներգրավված մարդիկ այսօր հարկադրված չարչիությամբ են ապրում՝ փողոցային առեւտրով կամ վերավաճառությամբ զբաղվելով։ Եթե տնտեսությունը աճում է, ինչո՞ւ է ակնհայտ ու չգրանցված գործազուրկների թիվն այդքան մեծ։ (Որքան էլ ուզում է բեռնակիրների ու շրջիկ լոտոյավաճառների թիվն ավելանա, միեւնույն է, դրանից տնտեսական աճ դուրս չի գա)։ Եվ, վերջապես, եթե տնտեսության մեջ (թեկուզ մեկ առանձին վերցրած քաղաքում) այսօր 35% տնտեսական աճ է արձանագրվում, ինչո՞ւ է աղքատությունն այնքան սարսափելի մեծ չափերի հասել Հայաստանում, որ դրա հաղթահարման կամ նվազեցման «ռազմավարական» ծրագիր է մշակվում եւ նույնիսկ բավականին «լուրջ» գիտական վիճաբանություններ են գնում, թե առաջիկա 10 տարիներին պետք է աղքատությունը վերացնելո՞ւ, թե՞ կրճատելու ուղղությամբ ծրագրեր մշակվեն։ Տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները արտասահմանյան դոնոր կազմակերպություններին հավաստում են, որ աղքատ երկիր ենք, որպեսզի գումարներ ստանան, իսկ երկրի ներսում հայտարարում են, թե տնտեսությունն աճում է, որպեսզի համոզեն, թե իշխանությունները նպաստում են երկրի տնտեսական բարգավաճմանը։ Եթե տնտեսական աճի վերաբերյալ տվյալների մեջ ընդգրկված են նաեւ անհայտ արտադրության հրուշակեղենն ու ընդհատակյա այլ արտադրատեսակներ, ուրեմն իշխանությունները հովանավորում են ստվերային տնտեսությունը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ