Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ

Սեպտեմբեր 03,2002 00:00

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ Ընդդիմադիր 16 կուսակցությունները չեն մոռացել, որ իրենց պատգամավոր ներկայացուցիչները դեռ ԱԺ նախորդ նստաշրջանում նախագահ Քոչարյանին սպառնացել էին խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստին դարձյալ բարձրացնել վերջինիս պաշտոնանկության հարցը օրակարգում ներառելու խնդիրը: Մեր աղբյուրների պնդմամբ, նրանք արդեն այսօր մտմտում են ԱԺ առաջիկա նիստում իրենց անելիքի՝ նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հարցն օրակարգում պնդելու եւ քննարկելու հարցի շուրջ: Ըստ հավաստի տեղեկությունների, քննարկվող հնարավոր երեք տարբերակները հետեւյալն են եւ բոլորն էլ նախատեսված ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի կողմից այդ հարցի քննարկումն օրակարգում չներառելու հաստատ որոշման հաշվառմամբ. ա. եթե Քոչարյանի պաշտոնանկության հարցը չներառվի օրակարգում, ինչպես ԱԺ հերթական նստաշրջանի վերջին նիստում՝ ընդդիմադիր պատգամավորները «զավթելու» են ամբիոնը, բ. հարցն օրակարգում չներառելու դեպքում՝ վերջիններս օգտվելու են օրակարգի շուրջ ելույթ ունենալու հնարավորությունից՝ հայտարարելով ընդդիմադիր պատգամավորների կողմից ԱԺ նիստերը բոյկոտելու մասին, գ. ոչինչ չեն ձեռնարկելու՝ հաշվի առնելով, որ նախագահական հերթական ընտրություններին հինգ ամիս է մնում: Ի դեպ, մեր տվյալներով, վերջին տարբերակին է հակված միավորման անդամ կուսակցությունների մեծամասնությունը, ինչից պետք է ենթադրել, որ Քոչարյանին եւ նրա ռեժիմը մերժող «արմատական» ընդդիմությունը՝ ա. խուսափում է իր ականջը քաշված տեսնելու հեռանկարից, բ. դեմ չէ «անգործության» ենթարկված ԱԺ-ի հնարավոր լուծարմանը, գ. «խելոքացել» է եւ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պարապ հույսեր այլեւս չի փայփայում: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել