Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄՏԵԼ Է ՎԱԶՔՈՒՂԻ

Սեպտեմբեր 03,2002 00:00

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄՏԵԼ Է ՎԱԶՔՈՒՂԻ Նախագահի վազքուղուն զուգահեռ «Այն ընտրությունը, որ ես կանեմ, այն խոսքերը, որ ես կասեմ, վստահ եղեք, կլինի ի շահ պետության։ Պե՞տք է այսօր, որ մենք հեղափոխություն անենք, ջարդենք ապակիները, 15-20 տարի հետ ընկնենք։ Պետք չի։ Ուրեմն ես դրա կողմնակիցը չեմ։ Պե՞տք է, որ այսօր մենք խառնենք մեր երկիրը։ Երբեք ոչ։ Մի քիչ առաջխաղացում ունենք, փառք Աստծո, քայլենք դեպի առաջ, հուշենք, ասենք, պայքարենք, ստեղծենք, բայց երկրի կայունությունը չի կարելի խախտել»։ Սրանք հենց այնպես, օդից վերցված խոսքեր չեն. երկրի օրենսդիր մարմնի այսօրվա ղեկավարն է այս խոսքերի հեղինակը, ու մեզ ոչինչ չի մնում, քան արձանագրել, որ եթե մի ժամանակ երկրի նախագահն ինքն իրեն դիտորդ հռչակեց, ԱԺ նախագահն էլ այսօր՝ ընտրությունների շեմին, իրեն հուշարար է հռչակում։ Միայն թե հարց է՝ ո՞վ է ուզում լսել կամ ո՞ւմ է հարկավոր այն, ինչ մտադիր է «հուշել» Արմեն Խաչատրյանը։ Անցած շաբաթ օրը ԱԺ նախագահն այցելեց մ.թ.ա. 4-5 հազար տարի առաջ Ագարակի այսօրվա տեղում գոյություն ունեցած մի քաղաքի ավերակներին, ուշի ուշով լսեց հնէաբանների պատմությունները հայտնաբերվածի մասին եւ ծառերի շվաքի տակ սկսեց իր նախընտրական արշավը։ Պրն Խաչատրյանն այդ բանն արեց անթաքույց, օրը ցերեկով եւ հայտարարեց, որ թեպետ ինքն առայժմ որեւէ կուսակցության, որեւէ դաշինքի մաս չի կազմում, բայց պետք չէ բացառել, որ կկազմի։ Սեփական կուսակցություն, ըստ ամենայնի, Արմեն Խաչատրյանը չի ստեղծի, ետ չի վերադառնա ՀԺԿ (մեր դիտարկմամբ՝ ՀԺԿ-ն նրան չի էլ ընդունի)« հասկանալի է՝ դաշնակցական էլ չի դառնա։ Որքան նկատեցինք, Արմեն Խաչատրյանը պատրաստվում է իր քաղաքական կապիտալը գովազդել ինքնուրույն, խաղի մեջ մտնել առանց կուսակցական տոմսի, բայց հաստատուն է՝ իր պետականամետ փորձը էժան չվաճառել։ Մի բան եւս ակնհայտ էր՝ Արմեն Խաչատրյանին դեռեւս ոչ իշխանական թեւից, ոչ ընդդիմության, ոչ էլ նախագահից որեւէ առաջարկություն չի արվել, եւ բնության գրկում ասուլիս տալով՝ օրենսդիր մարմնի ղեկավարը կարծես փորձ արեց ինքն իր մասին հիշեցնելու։ Որպես «հուշարարության» առաջին խրատ, ԱԺ նախագահն ընդդիմությանը եւ իշխանությանը հուշեց՝ կարողացեք իրար հետ համագործակցել. «Քանիցս նշել եմ, որ ընդդիմությունը երկրի հարստությունն է։ Եթե իշխանությունը խելոք է, հասկանում է, որ վերջին ճշմարտությունն իրեն չէ վերապահված, այլ կարելի է լսել նաեւ երկրորդ-երրորդ կարծիքները, որոնք պետք է արտահայտվեն ընդդիմության կողմից։ Ի՞նչն է պակասում այսօր ընդդիմությանը. պակասում են ապագայի հեռանկարների մասին կոնկրետ մտորումները եւ ծրագրերը։ Այսինքն՝ ոչ թե սա լինի աթոռակռիվ, լինի իշխանափոխության կռիվ, այլ լինի ավելի արժանի ծրագրերի, գաղափարների պայքար։ Կուզեի, որ մեր քաղաքական ուժերը կարողանային համախմբվել, ամբիցիաներից զերծ մնալ, ոչ թե աթոռի համար յուրաքանչյուրը պայքարեր, այլ հաղթեր այն քաղաքական ուժը, որն ավելի զորեղ եւ ավելի արդյունավետ ծրագրեր է ներկայացնում»։ Արմեն Խաչատրյանն իրեն որտե՞ղ է տեսնում բոլոր տեսակի ընտրություններից հետո։ ԱԺ խոսնակը չվարանեց պատասխանել. «Ես ինձ տեսնում եմ մեծ քաղաքականության մեջ»։ Ի՞նչ է սա նշանակում։ Մենք, իհարկե, կարող ենք պատասխանել եւ ասել, որ ոչինչ էլ չի նշանակում՝ Հայաստանի համար ի՛նչ մեծ քաղաքականություն, այստեղ միայն մեծ ամբիցիաներ են, մեծ «բազառներ» եւ մեծ «իրար քցոցիներ», բայց Արմեն Խաչատրյանի բացատրությունը, ինչպես միշտ, մի քիչ ուրիշ է։ Ըստ այդմ. «Եթե մարդ մտնում է քաղաքականության մեջ, կուտակում է փորձ՝ քաղաքական պայքարի, քաղաքական աշխատանքի, բանակցային պրոցեսի, ինչու չէ՝ նաեւ հրաշալի անձնական հարաբերություններ գործընկերների եւ աշխարհի միջազգային կառույցների հետ, տարբեր երկրների պառլամենտների ղեկավարների հետ, ուրեմն իրապես նաեւ ափսոս է այս ամենը կտրուկ թողնելը (այստեղ Ա. Խաչատրյանը խոր հոգոց հանեց- Մ. Ե.), որովհետեւ քեզ տրված չէ այդ իրավունքը, քանի որ պետությունը որոշակի ներդրում ունի քո քաղաքական կեցվածքի, ըմբռնումների, փորձի կուտակման մեջ»։ ԱԺ խոսնակը խոստովանեց, որ «մեծ երկրների քաղաքականությունը շատ մեծ ազդեցություն ունի մեր երկրի վրա, եւ մենք պիտի կարողանանք ներդաշնակեցվել մեծ երկրների այն քաղաքականությանը, որից բխում են մեր երկրի շահերը»։ Սա կարելի է համարել Ա. Խաչատրյանի նախընտրական բուկլետի արտաքին քաղաքականությանը վերաբերող մասը։ Երկրի ներքին զարգացումների մասին եւս մտքեր արտահայտվեցին. «Ինձ անչափ ուրախացնում է, երբ որեւէ տեղ ինչ-որ մի բան է սարքվում, քարը քարին է դրվում, ծառ է տնկվում, ասֆալտապատվում է ճանապարհը եւ այլն։ Եթե մենք կարողացանք ինֆրաստրուկտուրա ստեղծել, ապա ամեն ինչ կզարգանա։ Տեսեք՝ տուրիզմի չափանիշով արդեն որոշակի հաջողություն ունենք՝ ճանապարհները սարքվում են, ունենք փոքրիկ եւ հարմարավետ հյուրանոցներ, նաեւ՝ մեծ հյուրանոցներ, սննդի կազմակերպման մեծ հնարավորություն, փառք Աստծո՝ ճարտարապետական կոթողներ, եւ այս ամենի համադրումով մենք կհասնենք տուրիզմի խնդիրների լուծմանը»։ Թերեւս այս «լավատեսական»-ից պարզ է, թե ԱԺ խոսնակի վազքուղին որ ուղղությամբ է ընթանալու՝ նախագահի վազքուղուն զուգահեռ։ Զուգահեռ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի հրավիրել Արմեն Խաչատրյանին միասին նույն վազքուղում վազելու, նրանք կարծես ոչ էլ միասին լողում են կամ գնդակ նետում։ Արմեն Խաչատրյանն ակնհայտորեն արդեն ընտրել է արագությունը եւ սկսել է վազքը։ Կհասնի՞ ֆինիշին, թե՞ կմնա խաղից դուրս, առայժմ չենք կարող գուշակել, բայց ստիպված ենք պրն Խաչատրյանին հիշեցնել իր նախորդներից ԱԺ էքսխոսնակ Խոսրով Հարությունյանի օրինակը, որը եւս, մեր գնահատմամբ, առանձնապես հակված չէր հեւիհեւ վազքի եւ, իր գնահատմամբ, երեւի ճիշտ էր ընտրել արագությունն ու ժամանակը, բայց մնաց կոտրած տաշտակի առաջ եւ ԱԺ խոսնակի աթոռից հետո նույնիսկ պատգամավոր չթողեցին (ուրիշները կասեն՝ չկարողացավ) ընտրվի։ Ինչեւէ, Արմեն Խաչատրյանն իր պայքարի հիմնակետը համարեց «անվերջ, հնարավորինս ստեղծել պայմաններ քաղաքակիրթ պայքարի համար»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել