Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ Է ՆԱՅՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Սեպտեմբեր 03,2002 00:00

Ո՞ՒՐ Է ՆԱՅՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» սպառողների դատավարությունն առիթ դարձավ անդրադառնալու այս պատմության մեջ արդարադատության նախարարության դերակատարությանը։ Հիշեցնենք, որ երբ սպառողներն իրենց հայցադիմումում որպես պատասխանող ներառել էին նաեւ արդարադատության նախարարությունը, վերջինս գրությամբ դատարանին հայտնել էր, թե «անպատշաճ պատասխանող» է։ Այս գրությունը դատավարության մասնակիցները գնահատել էին իբրեւ «ձեռքերը լվանալու» փորձ։ Այսպես, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն ասաց. «Մենք, որպես քաղաքացիներ, պահանջում ենք արդարադատության նախարարությունից՝ իր վերահսկողությունն իրականացնել «Իրավական ակտերի մասին» օրենքի կատարման վրա։ Սա տարածվում է նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի վրա, որի որոշումները եւ ընդունած իրավական ակտերը չեն համապատասխանում այդ օրենքով սահմանված կարգին։ Մենք պահանջում ենք անվավեր ճանաչել այդ ոչ իրավական ակտերը։ Սակայն, կարծում եմ, արդարադատության նախարարությունը, չուզենալով խառնվել այս գործին, խնդրեց փոխարինել իրեն՝ որպես անպատշաճ պատասխանող»։ «Տանիք» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Աշոտ Բլեյանը նշեց, թե արդարադատության նախարարության դերակատարությունն այս պատմության մեջ այդչափ անմեղ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից. «Եվ պատահական չէ, որ մեր հայցադիմումում Ազգային հանձնաժողովի հետ միասին համապատասխանող ենք ճանաչել նաեւ արդարադատության ու կապի եւ տրանսպորտի նախարարություններին, այսինքն՝ կառավարությանը։ Քանզի խախտվում, ոտնահարվում է հազարավոր քաղաքացիների սահմանադրական իրավունքը, բայց կառավարությունը դիտորդի կարգավիճակում է։ Նման կրավորական դերն այս դեպքում համարում եմ հանցավոր։ Սա նշանակում է, որ կառավարությունը պարզապես հրաժարվում է կառավարել Հայաստանի Հանրապետությունը։ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը շատ հստակ ընդգծում է արդարադատության նախարարության դերը կառավարման համակարգում եւ հատկապես Հայաստանում իրավունքի գերակայության սկզբունքը բոլոր ոլորտներում հաստատելու առումով։ Մեջբերեմ այդ օրենքի հոդված 91-ից. «Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերի ընդունման, հրապարակման կամ կիրառման կարգի պահանջների խախտում հայտնաբերած յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել (…) ՀՀ արդարադատության նախարարին, կամ դատարան՝ պահանջելով օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել՝ խախտումները վերացնելու»։ Մենք՝ քաղաքացիներս, կատարել ենք օրենքի այս պահանջը եւ Ազգային հանձնաժողովի գործունեության մեջ մեզ հայտնի դարձած խախտումների մասին գրավոր դիմումով տեղեկացրել ենք արդարադատության նախարարին։ Նույն հոդվածի համաձայն՝ «ՀՀ արդարադատության նախարարն իրավասու է գերատեսչական իրավական ակտ, ինչպես նաեւ՝ ներքին ակտ ընդունելու իրավասություն ունեցող մարմիններում ծանոթանալ իրավական ակտերի հաշվառման մատյանին, պահանջել իրավական ակտերը։ Իսկ սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտերի հայտնաբերման դեպքում՝ ՀՀ արդարադատության նախարարը 15 օրվա ընթացքում հրապարակում է տեղեկատվություն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված, հրատարակված կամ կիրառվող իրավական ակտերի մասին, դիմում է սույն օրենքի խախտմամբ իրավական ակտն ընդունած կամ կիրառող մարմնին, համապատասխան լիազորություններով օժտված նրա վերադասին՝ առաջարկելով վերացնել օրենքի խախտումները»։ Հիմա ունենք այդպիսի պետական մարմին՝ Ազգային հանձնաժողով, որն իր գործունեության առաջին օրվանից թույլ է տվել բազո՛ւմ, բազմաթի՛վ, մի քանի տասնյակ իրավական ակտերի ընդունման, հրապարակման եւ կատարման ակնհայտ խախտումներ»։ Ընդհատեցինք պրն Բլեյանին՝ հավելելու համար, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հեղինակներն են մատնանշում, թե Ազգային հանձնաժողովի ընդունած մրցույթի կարգը որքան հակասություններ ունի իրենց ընդունած օրենքի հետ։ Դարձյալ արդարադատության նախարարության պարտավորությունն էր՝ Ազգային հանձնաժողովին պարտադրել, որ վերացնի իրենց ընդունած որոշման հակասություններն օրենքի հետ։ «Այո, դա նույնպես նրանց պարտականությունն է,- համաձայնեց պրն Բլեյանը։- Խախտումները շատ են, որոնք թվարկված են մեր հայցում։ Բանը հասել է նրան, որ Ազգային հանձնաժողովը «Գերատեսչական, նորմատիվ ակտերի տեղեկագրում չի հրապարակում արտոնագրվածների ցուցակը եւ նորմատիվ տասնյակ ակտեր, բայց դա չնկատելու է տալիս արդարադատության նախարարը։ Մենք ստիպելու ենք, որ արդարադատության նախարարը գա դատարան։ Հակառակ դեպքում, նա այն արդարադատության նախարարն է, որ արդեն քրեական հանցանք է գործում եւ ստիպված կլինի օրենքով սահմանված պատասխանատվությունը կրել իր գործած հանցանքների համար, քանի որ այս դեպքում իր անգործությունն արդեն ոտնահարում է «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» հազարավոր սպառողների իրավունքները»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել