Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԴՈՒ ՈՒՂՏ ՉԵՍ»

Օգոստոս 31,2002 00:00

«ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԴՈՒ ՈՒՂՏ ՉԵՍ» Քանի դեռ մեր դատարանն անկախ չէ «Իմ բարի անունը վերականգնելու ու անհիմն մեղադրանքներից ձերբազատվելու համար պայքարելու եմ բոլոր օրինական միջոցներով: Մարդն այս երկրում միայն թղթի վրա է իրավական պետության քաղաքացի: Կալանավորելով ինձ, վարկաբեկել, ֆինանսական ու հոգեբանական ծանր վիճակի մեջ են դրել ընտանիքիս, անվերականգնելի վնաս հասցրել առողջությանս, դարձրել հաշմանդամ»,- 5 ամիս տեւողությամբ դատաքննության վերջին օրն իր պաշտպանական ճառում հայտարարեց Կորյուն Սարգսյանը: Ճաղավանդակի ետեւից արված այս հայտարարությունն ուղղված էր նաեւ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես երկրի Սահմանադրության եւ մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորի: Խորհրդային շրջանի դատախազությունը ավելի քան 10 ամիս է՝ Կորյուն Սարգսյանին մեղադրում է ծանր հանցագործություններ կատարելու մեջ. ավազակային հարձակում եւ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձ: Օգոստոսի 12-ին Ավան եւ Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Արարատ Պետրոսյան) որոշում կայացրեց քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին, սակայն Կորյուն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը մնաց անփոփոխ: Կ.Սարգսյանի փաստաբանները դատարանից պահանջել էին «հռչակել Կորյուն Սարգսյանի անմեղությունը եւ կայացնել արդարացման դատավճիռ»: Թեեւ դատաքննության ընթացքը ցույց տվեց, որ նախաքննությունը նրան մեղադրելու համար որեւէ հիմնավոր ապացույց չի ունեցել, այսուհանդերձ, դատարանը արդարացման դատավճիռ չկայացրեց: «Դատարանները դեռեւս անկախ չեն արդարացման դատավճիռ կայացնելու համար: Այստեղ դատավորի խնդիրը չէ, այլ՝ համակարգի: Դատավորը արձանագրեց, սակայն, որ այդպիսի մեղադրանքով մարդուն կարելի է տանել կործանման»,- ասում է Կ. Սարգսյանի դատապաշտպան Վաչագան Քոսյանը: Դատախազությունն ընդհանրապես, իսկ Խորհրդային շրջանի դատախազության քննիչ Միշա Բադեյանը մասնավորապես, չեն սիրում, երբ իրենց չեն ենթարկվում: Եթե մեղադրանքը չես ընդունում, ապա գոնե պետք է վճարես մեծ փրկագին, հակառակ պարագայում կհայտնվես կալանավայրում եւ ոչ մի կերպ չես կարող ապացուցել քո անմեղությունը: Ճիշտ այդպիսի իրավիճակում է հայտնվել Կ. Սարգսյանը: Նա քննիչ Բադեյանի ցանկությամբ արդեն 10 ամիս գտնվում է կալանավայրում: «Հիմարություն է ապացուցել, որ դու ուղտ չես»,- դատական նիստերից մեկում ասաց նա: Բացի այն, որ քննիչ Միշա Բադեյանը ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ է գործադրել Կորյունի եւ նրա ընտանիքի անդամների վրա, նաեւ ստորացրել, նվաստացրել է մտավորական այս մարդուն: Կորյուն Սարգսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Քրեական գործին կցված բազմաթիվ հավաստագրերը վկայում են նրա մասնագիտական բարձր ունակությունների մասին: Աշխատել է տարբեր ձեռնարկություններում, բնութագրվում է միայն դրական: Ձերբակալման պահին զբաղեցնում էր «Երկրակապ» ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնը: Ավազակային հարձակում իրոք տեղի է ունեցել: Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ Հարություն Ալեքսանյանի վրա են հարձակվել 2 անհայտ անձինք՝ նրա մոտ եղած գումարը հափշտակելու նպատակով: Հանցագործներին հաջողվել է դանակով վնասվածքներ հասցնել Հ.Ալեքսանյանին ու նրան օգնության հասած կնոջը՝ Հայկուհի Կամենդատյանին եւ փախուստի դիմել: Ամբողջ խնդիրն այն է, որ դատախազությունը չի կարողացել հայտնաբերել իրական հանցագործներին եւ ամեն գնով փորձում է մեղադրել մի մարդու, որը որեւէ առնչություն չունի կատարված հանցագործության հետ: Այս են վկայում դատարանում տուժողների եւ վկաների տված ցուցմունքները: Գործով անցնող 5 տուժողներից միայն Հայկուհի Կամենդատյանն է պնդում, որ հանցագործը Կորյուն Սարգսյանն է. «100 տոկոսով ինքն է եւ վերջ»,- սա է նրա հիմնավորումը, իսկ մյուս տուժողներից ոչ մեկը Կորյուն Սարգսյանին չեն տեսել եւ չեն ճանաչում: Դեպքից 3 ամիս անց Խորհրդային շրջանի ՆԳ անձնագրային բաժնում Հ.Կամենդատյանը լուսանկարով ճանաչում եւ հայտարարում է, որ իբր հանցագործը Կորյուն Սարգսյանն է: Լուսանկարով «ճանաչումից» հետո վերջինիս բերման են ենթարկում եւ արդեն իսկ ձերբակալված վիճակում ներկայացնում ճանաչման: Այս ընթացքում Կորյուն Սարգսյանը զրկվել է պաշտպան ունենալու իր իրավունքից: «Եթե իրավապահ մարմինը ղեկավարվեր օրենքով, ապա Կորյուն Սարգսյանը արդեն ճանաչման ժամանակ կօգտվեր իր պաշտպանական իրավունքից: Հաշվի առնելով նաեւ այն, որ «ճանաչումը» սույն քրեական գործով անցնող միակ «ապացույցն է», ապա վստահ կարելի է ասել, որ նախաքննության մարմինը դիտավորյալ է Կ.Սարգսյանին զրկել պաշտպանական իրավունքից»,- ասում է փաստաբան Անժելա Կարապետյանը: Նախ դատախազությունը Կորյուն Սարգսյանին զրկել է պաշտպան ունենալու իրավունքից, ապա հեշտությամբ սարքել է գործը՝ մեղադրանքի հիմքում դնելով միակ ճանաչման «ապացույցը», ինչը կատարվել է օրենքի կոպիտ խախտումներով: Անդրադառնանք միայն դրանցից մեկին: ՀՀ քր.դատ.օր 221 հոդվածի համաձայն, «կատարվածը չի կարող ճանաչվել հիմնավորված, եթե ճանաչողը նշել է այնպիսի հատկանիշներ, որոնք իրենց անորոշության պատճառով բավարար չեն անձի նույնացման համար»: Դատարանի հիմնավորումներից մեկը քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին այն է, որ լուսանկարով ճանաչումից հետո (ինչն արձանագրված չէ) նախաքննական մարմինը պարտավոր էր ճանաչման շուրջ հարցաքննություն կատարել, քանի որ լուսանկարի եւ անձի միջեւ էական տարբերություն կա: Դատարանն այս ապացույցը ապօրինի չի ճանաչել, սակայն նշել է, որ «այսպիսի հանգամանքներում դատարանը չի կարող անձին մեղավոր ճանաչել»: Հակասական են նաեւ տուժող Կամենդատյանի ցուցմունքները մինչեւ լուսանկարով ճանաչումը եւ դրանից հետո: Նա մանրամասն նկարագրել է հանցագործի արտաքին տվյալները, որոնք բացարձակապես չեն համապատասխանում Կորյուն Սարգսյանի արտաքին տվյալների հետ: Նշենք նաեւ, որ անձնագրի լուսանկարը տարիների վաղեմություն ունի եւ այն բոլորովին կապ չունի այսօրվա Կ. Սարգսյանի հետ: Իր նախաքննական ցուցմունքներում Հ.Կամենդատյանը ընդգծում է հանցագործի մազերի առկայությունը, ինչը առկա է նաեւ Կորյունի անձնագրի լուսանկարում, բայց ոչ այսօրվա Կորյունի, որը գրեթե ճաղատ է: Այս կապակցությամբ փաստաբանների հարցին ի պատասխան՝ Կամենդատյանը նկատեց, որ ամբաստանյալը մեկուսարանում հատուկ պոկել է իր գլխի մազերը, որպեսզի թյուրիմացություն առաջացնի: Իսկ հարցին, թե հնարավոր է չեք հիշում կամ սխալվում եք, տուժողն այս դեպքում վկայակոչել էր իր «ֆենոմենալ հիշողությունը»: Ի դեպ, տուժողին չի խանգարել «ճանաչել» Կորյունին անգամ այն պարագայում, երբ իր խոսքերով դեմքին ու աչքերին «գազի բալոնչիկից փչել էին» հանցագործները: Իր մեկնաբանությամբ՝ աչքերը պինդ փակել էր եւ չէր զգացել գազի ազդեցությունը: Դատարանում մեղադրողի հարցերը՝ ուղղված տուժողին, միայն եւ միայն մեղադրանքն ամրապնդելու միտում ունեին եւ այն ենթատեքստը, թե չվախենաս՝ դատախազությունը քեզ հետ է: Մեղադրող Փիրուզյանը նույնպես առաջնորդվում էր «հարյուր տոկոսով դու ես եւ վերջ» կարգախոսով: Նա իր պարզաբանումներում այդպես էլ չվկայակոչեց օրենքի որեւէ հոդված կամ էլ քրեական գործից որեւէ գ/թ: Խորհրդային տարիներից գերիշխող դատախազության այն մտայնությունը, թե ում երբ ուզենք՝ կնստեցնենք, շարունակվում է: «Կարծում եմ, որ դատարանը բարյացակամ վերաբերմունք է հանդես բերել դատախազության նկատմամբ եւ հնարավորություն է տվել իրենց սխալն իրենց ձեռքով ուղղելու»,- ասում է փաստաբան Վ. Քոսյանը: Սակայն դատախազությունը կատաղի պայքար է մղում իր մեղադրանքը պաշտպանելու համար: Արդեն բողոք է բերել վերաքննիչ դատարան եւ առաջիկա օրերին քննարկվելու է լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին որոշումը: Սա անմեղ մարդու պարագայում, իսկ, ասենք, Պողոս Պողոսյանի սպանության պարագայում հրաժարվում էր մեղադրանք ներկայացնելուց: ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել