Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտվում է քաղաքական ԱՆԴՈրրը

Օգոստոս 31,2002 00:00

Խախտվում է քաղաքական ԱՆԴՈրրը 2000 թ. մայիսից ի վեր Հայաստանում հաստատված Ռոբերտ Քոչարյանի միանձնյա իշխանությունը կարծես սկսում է ճեղքվել: Խոսքը ոչ թե իշխանության վերնախավում առանձին գործիչների ազդեցության մեծացման, այլ դասական իմաստով իշխանության երկատվածության մասին է, երբ բացի նախագահից ու նրա անմիջական թիմից՝ պետական մեկ այլ ինստիտուտ նրան հավասար կամ գրեթե հավասար ազդեցություն է ունենում: Որքան էլ զարմանալի է, այս օրերին նման ազդեցություն ունենալու հավակնություններ են նկատվում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մեջ: Իհարկե, շատ հավանական է, որ անձամբ վարչապետի մտքով անգամ չի անցել խաղալ կրակի հետ (նրան լավ հայտնի է, թե ինչ հետեւանքներ է դա ունենում՝ լավագույն դեպքում՝ կարող է պաշտոնանկ արվել, վատագույն դեպքում, «Հոկտեմբերի 27»-ը վկա), եւ Մարգարյանի կշռի մեծացման միտումները սոսկ քաղաքական զարգացումների անխուսափելի հետեւանք են: Սակայն տարրական տրամաբանությունը հուշում է, որ անգամ Անդրանիկ Մարգարյանի նման ամորֆ քաղաքական գործիչը համապատասխան քայլերի դեպքում իրոք կարող է ձեռք բերել Ռոբերտ Քոչարյանին հակակշռելու կարգավիճակ: Համենայնդեպս, եթե ոչ Անդրանիկ Մարգարյանը, ապա Քոչարյանը կարծես հասկացել է այդ հեռանկարը: Դրա վառ ապացույցը երեքշաբթի օրը տեղի ունեցած Համայնքների միության համագումարն էր: Ավելի ճիշտ՝ համագումարում կառավարության դեմ կազմակերպված հայհոյախառն քննադատությունը: Իհարկե, մամուլում տեսակետ եղավ, թե այդ «դեբոշի» թիկունքում կանգնած է նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, որը շատ է ուզում վարչապետ դառնալ: Սակայն Արտաշես Թումանյանի նման «եփված» քաղաքական գործիչն այս նախընտրական փուլում առանց Քոչարյանի թաքուն «դաբրոյի» եւ զուգահեռ դրսեւորած ցուցադրական դժգոհության՝ վարչապետին քլնգելու առիթով, հազիվ թե սեփական խաղեր խաղա: Բացի այդ, նախագահականում գրված «Հոկտեմբերի 27»-ը շահարկողներին դատապարտող» հայտնի հայտարարությունը «մի մարդու պես» ստորագրած համայնքապետերը եթե անգամ կասկածեին, որ Քոչարյանը դեմ է այդ շոուին, հաստատ թույլ չէին տա դրա իրականացումը: Իսկ համագումարից հետո նրանցից շատերի արդարացումները, թե իրենք տեղյակ չեն եղել, որ նման բան է նախապատրաստվում, ավելի շատ դերասանության էր նման: Եվ հետո. չէ՞ որ Քոչարյանը՝ հավանաբար տեղում զգալով, որ համայնքապետերը չափն անցնում են՝ հանպատրաստից մի թեթեւ հաթաթա էր կարդացել, ասելով, որ «անցումային շրջանի կառավարությունը սիրելու համար չէ»: Բացի այդ, եթե այդ համագումարի նպատակը կառավարության «վրայով անցնելն» է եղել, ապա դա իրագործվել է, եւ Քոչարյանը, իր սովորության համաձայն, հերթական անգամ «փչացրել» է առանց այդ էլ օգտագործված համայնքապետերին: Վերադառնանք, սակայն, Անդրանիկ Մարգարյանին, քանի որ Համայնքների միության համագումարում տեղի ունեցածն ընդամենը նրա նկատմամբ Քոչարյանի վերաբերմունքի հրապարակայնացումն էր: Ինչո՞ւ ավելի քան երկու տարի հլու-հնազանդ աշխատած վարչապետը կարող է հանկարծ վտանգ ներկայացնել Քոչարյանի համար: Մեր դիտարկմամբ՝ դրա պատճառը ոչ թե անձամբ Անդրանիկ Մարգարյանն է, այլ նրա գլխավորած Հանրապետական կուսակցության տեղերը նոր ձեւավորված ընտրական հանձնաժողովներում: Հանձնաժողովներում բավական մեծ թվով տեղեր ստանալուց հետո ՀՀԿ-ն առաջիկա ընտրությունների ընթացքի վրա ազդելու լուրջ հնարավորություն է ստացել: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի ընտրվել-չընտրվելու հարցում ՀՀԿ-ականները իրենց լուման կարող են ունենալ: Իսկ ՀՀԿ-ն՝ չնայած իշխանության կուսակցության համարում ունի, այնուամենայնիվ Քոչարյանը նրան չի կարող մինչեւ վերջ վստահել: Թեկուզ հենց այն պատճառով, որ մի անգամ Վազգեն Սարգսյանին դավաճանած հանրապետականները առանց բարդույթների այս անգամ էլ կարող են իրեն «քցել»: Պատահական չէ, որ մինչեւ օրս ՀՀԿ-ն չի արտահայտել իր դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանին առաջիկա ընտրությունների ժամանակ պաշտպանել-չպաշտպանելու հարցում: Այսպիսով, Քոչարյանը կարծես հայտնվել է անհարմար վիճակում: Մի կողմից՝ նա չի վստահում ընտրական լծակներ ստացած հանրապետականներին, մյուս կողմից՝ չի կարող ազատվել նրանցից, քանի որ ընտրական հանձնաժողովների կազմում փոփոխություններ անելու իրավունք չունի: Այդ իմաստով, չնայած վարչապետի փոփոխության մասին մշտական կանխատեսումներին, Անդրանիկ Մարգարյանի վարչապետությունը երաշխավորված է: Եթե Քոչարյանը պաշտոնանկ անի վարչապետին, ապա ներկայիս ընդդիմությունը, հաշվի առնելով նախընտրական շրջանը, կարող է ներել Անդրանիկ Մարգարյանին եւ իր գիրկն ընդունել: Ավելին. դա ընդդիմությանը շատ ձեռնտու կլինի, քանի որ նախագահական հավակնություն չունեցող Անդրանիկ Մարգարյանը՝ ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ական անդամներով կարող է զգալի աջակցություն ցուցաբերել ընդդիմության թեկնածուին: Փաստորեն, այս իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին այլ բան չի մնում, քան հակավարչապետական տրամադրություններ ստեղծելը, որից հետո ամենայն հավանականությամբ կփորձի գործարքի մեջ մտնել Անդրանիկ Մարգարյանի հետ: Վարչապետի պաշտոնից չազատելու դիմաց Քոչարյանը կարող է պահանջել հրապարակավ պաշտպանել իր թեկնածությունը: Իհարկե, շատ հավանական է նաեւ, որ Քոչարյանը ընտրությունների ժամանակ օգտագործի ՀՀԿ-ին եւ ընտրվելուց հետո պաշտոնանկ անի վարչապետին: Նման հեռանկարը, անշուշտ, չի կարող չմտահոգել հանրապետականներին: Անդրանիկ Մարգարյանի համար պաշտոնանկությունից հետո ընդդիմության շարքերն անցնելը թերեւս ամենալուսավոր հեռանկարն է, քանի որ հասկանալի պատճառներով Անդրանիկ Մարգարյանը չի կարող զբաղվել պաշտոնավարության դառը եւ քաղցր օրերի մասին հուշեր գրելով կամ մասնագիտական աշխատանքով: Ի վերջո, ամոթ է, որ երկու տարի վարչապետ աշխատած մարդը հեռանա քաղաքականությունից եւ հանգրվանի իր ամենանշանակալի ձեռքբերում երեւացող «Անդորր» սրճարանում: ԳԱՌՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031