Ժիրինովսկու հայկական տարբերակը «Ես 25 տարվա լրագրող եմ եւ նման բառեր իմ հասցեին դեռ չեմ լսել»,- Ժուռնալիստների միությունում երեկ հավաքված լրագրողներին «տեղեկացրեց» Կոտայքի մարզային թերթի լրագրող Ագնեսա Հովակիմյանը։ Հայհոյախառն այդ բառաշարքի «հեղինակային իրավունքը» պատկանում է Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանին։ Իսկ նրա զայրույթի դրդապատճառն այն էր, որ լրագրողը «համարձակվել» էր թերթում լուսաբանել ընդդեմ քաղաքապետի մի խումբ գործարարների հայցով դատավարությունը։ Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացել էր «Աբովյան» հեռուստաընկերության «վերնախավը»։ Օգոստոսի 24-ին այդ ընկերության գրասենյակի վրա կատարված «վրաերթի» մասին արդեն լուսաբանվել է մամուլում, մասնավորապես՝ «Առավոտում»։ Հիշեցման կարգով ասենք, որ ըստ «Աբովյան» ՀԸ գործադիր տնօրեն Ազնիվ Չիզմեչյանի պատմածի, բռնարարքի հեղինակը Աբովյանի քաղաքապետ Կ. Իսրայելյանն է, իսկ նպատակը՝ անկախ լրատվամիջոցին իր «տեղը ցույց տալով» ապահովել նախընտրական արշավի «խաղաղ ընթացքն ու հաղթանակը»։ Գործադիր տնօրենն ասաց նաեւ, որ դեպքի կապակցությամբ (ոչ իրենց հրավերով) 2 օր առաջ Աբովյան են եկել մի շարք երկրների դեսպաններ, հանդիպել իրենց եւ քաղաքապետի հետ։ Վերջինս հյուրերին դիմավորել է ավանդական աղուհացով, զուռնա-դհոլով, հետագա զրույցի ժամանակ էլ համոզել, որ ոչ մի ոտնձգություն իր կողմից չի արվել։ «Ավելին, նա ոչ թե հայհոյել ու սպառնացել է ինձ, այլ սեփական ավտոմեքենայով հետեւել ու կանգնեցրել է ՆԳ բաժնի մեքենան, որպեսզի հարցնի իմ որպիսությունը»,- ավելացրեց տիկին Ազնիվը։ Չքննարկենք քաղաքապետի «որպիսություն հարցնելու» այս տարօրինակ ձեւը, հատկապես, որ հյուրերին ճանապարհելուց հետո նա հրապարակավ խոստացել է ազատել Ազնիվին իր երկրորդ աշխատատեղից (Աբովյանի մշակույթի կենտրոնի մանկապատանեկան բաժնի վարիչ), քանի որ «այդ կնոջ հեռուստատեսությունում հավաքվել են ուղղակի խուլիգաններ, որոնք խանգարում են քաղաքի անդորրը»։ «Հարգարժան» քաղաքապետը «քաղաքի անդորրը խանգարել» է անվանում հեռուստատեսային այն նյութերը, որոնք անդրադառնում են կանաչ տարածքների ոչնչացմանը, անօրինական կրպակների տեղադրմանը եւ այլն (խի՜ստ համոզիչ հիմնավորում- Ռ. Ա.)։ Եթե դրա փոխարեն լրագրողները ներկայացնեին, թե ի՜նչ լավ-լավ գործեր է արել Կարո Իսրայելյանը իր եւ ուրիշների անձնական գրպանների հաշվին (ինչպես տեղեկացանք Աբովյանի «Լանջ» հեռուստատեսության հաղորդումից), ա՜յ կլիներ գործ։ Դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ (Աբովյանի ՆԳ բաժնում) եւ հետագա զարգացումներն, անշուշտ, տեղ կգտնեն մեր էջերում։ Իսկ Ժուռնալիստների միության այս քննարկումը նպատակ ուներ կանխել ազատ խոսքի բռնության դեպքերը (հիշենք 2 տարի առաջ Վանաձորի հեռուստատեսության նմանատիպ օրինակը)։ «Եթե մենք ամեն մի այսպիսի քստմնելի, ճչացող դեպք քննարկման չդնենք, ապա վաղը մենք կդառնանք շատ անուժ օղակ»,- նկատեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, այդ «վաղը» կապելով հատկապես ընտրությունների հետ։ Ի դեպ, «Լանջ» հեռուստատեսության հիշյալ հաղորդման ժամանակ Ժուռնալիստների միության Կոտայքի մասնաճյուղի քարտուղար Կամո Տոնոյանը, ներկայանալով որպես նույն մասնաճյուղի նախագահ, «տեղը տեղին» ու վիրավորանքներով հարուստ «ճառեց» «Աբովյան» հեռուստախմբագրության հասցեին։ Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում արձագանքել Ա. Գեւորգյանն իր աշխատակցի նման պահվածքին, միության նախագահը պատասխանեց. «Մենք նրա հարցը լսելու ենք վարչության առաջիկա նիստում»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ