Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԸ

Օգոստոս 31,2002 00:00

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԸ Ամենաբարդ մտքերը պարզ եւ հանրամատչելի ձեւով ներկայացնելը յուրահատուկ շնորհ է, որը տրված չէ ամեն մեկին: Առավել եւս՝ ժամանակակից փիլիսոփաների հիմնական մասին, որոնք հաճախ առաջնորդվում են «որքան խրթին եւ անհասկանալի՝ այնքան լավ» կարգախոսով: Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Լեւոն-Հարություն Աբրահամյանի «Նամակներ անցյալի բարոյախոսների մասին» գիրքը /«Արեգ» հրատարակչություն, Երեւան, 2001/ անմիջապես առանձնանում է շարադրման մատչելիությամբ: Ամեն ինչ արվել է ընթերցող լայն հասարակությանը հասկանալի լինելու, փիլիսոփաների գաղափարներն ընկալելի դարձնելու համար: Գիրքը գրված է «թանկագին բարեկամին» ուղղված 13 առանձին, բայց միեւնույն ժամանակ՝ իրար հետ սերտ ներդաշնակվող նամակների ձեւով: Յուրաքանչյուր նամակը նվիրված է անցյալի խոշորագույն փիլիսոփաներից մեկին /կամ իրար հետ որոշակի ընդհանրություն ունեցող երկու-երեք փիլիսոփաների/, եւ շոշափում է բարոյականության փիլիսոփայությանը նվիրված մի թեմա: Նամակներից ամեն մեկը պատրաստի դասախոսություն է, միեւնույն ժամանակ՝ կենդանի եւ գրավիչ զրույցի հրավեր: Սկզբից եւեթ հեղինակն արտահայտում է իր տրամադրվածությունը՝ «ուզում եմ վերադառնալ էթիկական մտքի դասականներին, ուշադիր վերընթերցել նրանց, հետեւելով նրանց մտքին, կրկին փորձել մտածել այն ամենի մասին, ինչը շարունակում է անհանգստացնել մեզ»: «Ուխտագնացություն դեպի դասականները»՝ այդպես է ձեւակերպել իր առջեւ դրված նպատակը հեղինակը: Սակայն մինչ ուխտագնացությունը սկսելը, նա պարզաբանում է, թե ով է դասականն իր պատկերացմամբ. «Դասականն այն լեզուն է, որով մտածում ենք, որի միջոցով փորձում ենք հասնել փոխհասկացողության»: «Ոչ դասականը իմպրեսիոնիստական է, որտեղ շեշտը դրվում է ինքնարտահայտման, սեփական աշխարհայացքը ներկայացնելու վրա»: Դասականները մեզ ստիպում են մտածել, իսկ ոչ դասականները՝ ուզում են հիացմունք առաջացնել: Տեղի սղության պատճառով հնարավոր չէ վերլուծել բոլոր նամակները, ուստի հեղինակի մոտեցումները ներկայացնելու համար կանգ առնենք մի քանի օրինակի վրա: Չորրորդ եւ հինգերորդ նամակները նվիրված են երջանկության հավիտենական թեմային՝ ո՞րն է իրական երջանկությունը, որտե՞ղ է այն: Եվ եթե չորրորդ նամակում տրվում է էպիկուրյան տեսակետը՝ «մարդն ապրում է երջանկության համար», ապա հինգերորդում՝ ստոիկյան փիլիսոփայության լուսատուներից մեկի՝ Սենեկայի մոտեցումը. «Երջանիկ է նա, ում երջանկություն պետք չէ»: Երջանկության մասին ունեցած պատկերացումներով իրարից բավականին հեռու գտնվող փիլիսոփաները, սակայն, շնորհիվ Լ.-Հ. Աբրահամյանի վերլուծության, դառնում են հոգեհարազատ ընթերցողին: «Էպիկուրի այգու» մուտքին փակցված «ճամփորդ, այստեղ քեզ լավ կզգաս, այստեղ է բարձրագույն բարիքը՝ վայելքը» միտքը, որը ժամանակին մեծ աղմուկ էր առաջացրել, հեղինակը յուրովի մեղմում է, հիշելով Էպիկուրի այլ արտահայտություններ եւս: Իսկ որովայնային բավականության մասին Էպիկուրի արտահայտությունը նա ընթերցողին մատուցում է այն ժամանակ, երբ վերջինս բավականին համակրանք է ձեւավորել այդ փիլիսոփայի նկատմամբ: Սենեկան, հակառակը, կարծում էր, որ իրական երջանկության հիմքը կատարված պարտքի զգացողությունն է: Սակայն Սենեկային Լ.-Հ. Աբրահամյանը հիշում է ոչ միայն երջանկության ստոիկյան իդեալի կապակցությամբ: Սենեկայի շուրթերից ընթերցողը լսում է բարձրարժեք մտքեր՝ ճակատագրի, մարդկային կամքի զորության, կյանքի արժեքի մասին: Ցանկալի է այդ մտքերը պարզապես կարդալ՝ դրանք մեկնաբանության կարիք չեն զգում: Յոթերորդ նամակում մենք արդեն ֆրանսիացի դասականներ Միշել Մոնթենի եւ Բլեզ Պասկալի շրջապատում ենք: Իրարից շատ տարբեր, բայց նույն դաշտում գտնվող այս փիլիսոփաներին հեղինակը տարբեր ձեւով է վերաբերվում: Եթե Բլեզ Պասկալի հոգու վեհության առջեւ նա խոնարհվում է, ապա որպես մտերիմ ընկեր ընտրում է Մոնթենին: Վերջինս աշխարհիկ, գրեթե «մերոնքական» անձնավորություն էր՝ ի տարբերություն այս աշխարհից հոգնած Պասկալից: Այս նամակում գլխավոր թեման մարդն է՝ մարդկային ունայնությունը, մարդու անկատարությունը, նրա թուլությունները: «Մարդը ոչ հրեշտակ է, ոչ էլ անասուն»,- այս միտքն իրարից անկախ արտահայտել են երկու փիլիսոփաներն էլ: Ընդհանրապես ողջ գրքում, անկախ այն բանից, թե որքանով են սրտամոտ հեղինակին տվյալ փիլիսոփայի մոտեցումները՝ բարոյական տարբեր խնդիրներին, նա դրանք ներկայացնում է այնպիսի գորովանքով, որ ընթերցողը դառնում է տվյալ փիլիսոփայի բարեկամը, ծայրահեղ դեպքում՝ քննադատողն ու ընդդիմախոսը, բայց ոչ երբեք՝ հակառակորդն ու թշնամին: Նրան, ում հասկանում ես, չես կարող թշնամանալ, իսկ շնորհիվ Լ.-Հ. Աբրահամյանի, գրքում հիշատակված բոլոր փիլիսոփաների տեսակետները հասկանալի են դառնում ընթերցողին: ՀԱԿՈԲ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել