Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական հեղաշրջումների սինդրոմը

Օգոստոս 31,2002 00:00

Պետական հեղաշրջումների սինդրոմը Հայացք մահապատժի խցից Օրեցօր ավելացող ժողովրդական զայրույթն ու ցասումը մի նոր ուժգնություն փոխանցեց իր իսկ ընդվզումին, ինչը արտացոլվեց 1996թ. սեպտեմբերյան հայտնի դեպքերով։ Ներքաղաքական կյանքում, անբնականորեն ստեղծված ապակայուն իրավիճակը այլեւս դարձավ ոչ կառավարելի եւ հղի անկանխատեսելի հետեւանքներով։ Ժողովրդական ապստամբության գլուխ անցած ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի գաղտնի բանակցությունների ընթացքում, որը պարտադրված էր արտաքին ուժերի, հատկապես ԱՄՆ վարչակազմի կողմից, պայմանավորվածություն ձեռք բերվեց մի կողմից դադարեցնելու ինքնաոչնչացման գնացող հեղաշրջումների գործընթացը, իսկ մյուս կողմից ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը պարտավորվեց նախագահական մանդատը հանձնելու ԱՄՆ վարչակազմի կողմից պարտադրված ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին։ Ըստ ձեռք բերված փոխհամաձայնությունների, 1998թ. փետրվարի 12-ին ՀՀ նախագահը պիտի հանդես գար արդեն իսկ նախօրոք պատրաստված իր հրաժարականի ներկայացումով։ Սակայն, հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների, 1998թ. փետրվարի 2-ին ՀՀ նախագահը իր հրաժարականն է ներկայացնում արդեն «հայտնի ուժերին»։ Կատարված փաստի առկայությունն անսպասելի ցնցում է առաջացնում ինչպես ԱՄՆ վարչախմբի, այնպես էլ տարաբնույթ խմորումների տեղիք տալիս Հայաստանում գործող ատլանտիզմին ծառայող ուժերի փոխհարաբերությունների միջեւ։ Համակարգայնականության գաղափարներին նվիրյալ մարտիկները երբեւիցե չպիտի ներեին ոչ ՀՀ նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին եւ ոչ էլ, այսպես կոչված, հայտնի ուժերին։ Հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման ուշացման պատճառները նախապատրաստական կազմակերպումների մեջ չէին, այլ իշխանափոխությունից անմիջապես հետո, տրամաբանական լուծումների շրջանակներում էր սահմանափակված։ Սակայն նորընտիր նախագահին հաջողվեց բավականին նուրբ անցում կատարել արդեն իսկ օրինաչափություն դարձած վենդետայի պահանջներից եւ ներքաղաքական կյանքը մտցնել իր բնական ու կայուն ընթացքի մեջ։ Բանտերից ազատ արձակվեցին ՀՅԴ կուսակցության մի շարք գործիչներ, սակայն ոչ բոլոր դաշնակցականները եւ վերաբացված ՀՅԴ կուսակցությունը շատ լուրջ ամբիցիաներով մուտք գործեց քաղաքական բեմահարթակ։ Պետական հեղաշրջման առաջին ազդակները ի հայտ եկան հակազդեցությունների այն շրջանում, երբ փորձեր ձեռնարկվեցին արցախյան խնդրի լուծումը ներկայացնել հանրությանը նեգատիվ տեսանկյուններից, ջանք չխնայելով այն վերածել բավականին լուրջ գործոնի։ Ինչպես նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի, նույնպես էլ ներկայիս նախագահ Ռ. Քոչարյանի վարչախումբը, կրկնօրինակված ներկայացման սցենարով փորձեր ձեռնարկեց մեկուսացնելու նախագահին, նպատակ հետապնդելով 1998թ. փետրվարի 12-ի բացթողումների ու թերությունների սրբագրումը։ Դիմություն-ընդդիմություն, իշխանամետ-իշխանադեմ խրամատներով իրարից տարբեր, սակայն մեկ գերքաղաքական նպատակի ծառայող ատլանտիզմի պիոներիան, համակարգայնական ծրագրերի իրականացման համար նախ պիտի իր օժանդակությունն ու զորակցումը գտներ հասարակության տարբեր սոցիալական շերտավորումների մեջ, օգտագործելով նրանց պոտենցիալ հնարավորություններն ընդդեմ, այսպես կոչված, հայտնի ուժերի։ Սակայն Կարեն Դեմիրճյանի անսպասելի վերադարձը մեծ քաղաքականություն, լուրջ խնդիր էր առաջադրել թե քաղաքական դաշտում ստեղծված խաղի նոր կանոնների եւ թե հասարակության տարբեր շերտավորումների վրա ունեցած նրա անհատական ուժի գերազդեցության առումով։ Սրանով իսկ տվյալ քաղաքական ուժերին մղելով դեպի լուսանցքային գիծ՝ վերածել էր քաղաքական հաշմանդամների։ Հոկտեմբեր 27-ը եկավ սրբագրելու այն բոլոր թերություններն ու անճշտությունները, ինչը բաց էր թողնվել պլանավորման ու համակարգման ընթացքում։ ԱԺ դահլիճում սպանվեցին հայտնի ուժերից ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը։ «Ծառայողական պարտականությունների կատարման» բերումով ԱԺ չներկայացած ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը «ճակատագրի բերումով» ողջ մնաց։ Հեղաշրջման աննախադեպ շրջադարձի արդյունքում ողջ մնաց նաեւ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը։ Հոկտեմբերի 27-ը իր բնույթով ճիշտ պահին ընտրված պետական հեղաշրջում էր։ Որքանով որ այն պլանավորված էր բավականին բարձր մակարդակի վրա եւ ապահովում էր պրոֆեսիոնալիզմի հիմնական դրույթները, այնուամենայնիվ այն համակարգողներն ու իրականացնողները գործել են սիրողական շրջանակների մեջ, ձախողելով ողջ գործողությունը։ Սակայն հեղաշրջման փորձը թեւակոխեց մի նոր շրջան՝ վերածվելով համակարգված գործընթացի։ Նախաքննական եւ դեռեւս շարունակվող դատաքննական ժամանակահատվածում մեկը մյուսին հակասող, իրարամերժ եւ ընդհանուր դրժումների առկայությամբ ոչ միայն փաստվեց համակարգման մարմնի գոյությունն ու ներկայությունը, այլեւ ձեռագրային կրկնություններով վավերագրեց արտաքին ուժերի ակտիվ մասնակցությունն ու ենթագիտակցական ինքնապաշտպանական բնազդները։ Որքան էլ որ փորձեր ձեռնարկվեցին ստվերել արտաքին ուժերի մասնակցությունն ու հեղաշրջման իրական նպատակները, այնուամենայնիվ այս գործոնով սկիզբ դրվեց ինքնաբացահայտումների նախադեպը չունեցող գործընթացին։ Օտար պետություններում, գաղտնի օպերացիայի պլանավորման ու համակարգման աշխատանքներում հմտացած եւ բարձր պրոֆեսիոնալիզմ ձեռք բերած անտեսանելի ճակատի մարտիկները լավ չէին հասկացել տարբեր ազգերին հարիր եւ միայն իրենց էթնիկ խմբին հատուկ մի շարք կարեւոր դրույթներ։ Խնդիրը հոկտեմբերի 27-ի բացահայտումը չէ, այլ պետական հեղաշրջման բացահայտման ձեւերն ու միջոցները։ ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել