ԱՅՍՏԵՂ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԿԱՐԵԼԻ Է ԱՊՐԵԼ Ազատագրված տարածքներ արտահայտությունը շատերի համար քաղաքական վիճաբանություններից հեռու չի գնում, եւ դեռեւս շատ քչերն են պատկերացնում դրանց գոյության լրջությունը, ավելին, շատերը դեռեւս չեն էլ գիտակցում, որ դրանք իսկապես ազատագրված են եւ ոչ թե գրավված, որ դրանում համոզվելու համար կան բոլոր իրական ապացույցները: Այն, ինչ միայն լսել էինք Այս անգամ «Առավոտը» ազատագրված տարածքներ այցելեց ճիշտ հակառակ կողմից: Մենք ուղեւորվեցինք Քարվաճառ (ադրբեջանական անվանումը՝ Քելբաջար), որի ճանապարհն անցնում է Վարդենիսով, եւ Զոդի հանքերին անմիջապես հաջորդում է վերանվանված Շահումյանի շրջանը՝ Քարվաճառ շրջկենտրոնով: Ի դեպ, Շահումյանն իր հետ բերել է մեր օկուպացված մյուս տարածքների գյուղերի անվանումները՝ Գետաշեն, Նոր Վերինշեն, Նոր Մանաշիդ եւ այլն: Զոդից հետո կտրուկ փոխվում է բնության պատկերը: Ղարաբաղի բնության մասին ես կարդացել էի միայն գրքերում: Իմ մեջ հատկապես տպավորվել էր 1-ին դասարանում անցած մի բանաստեղծություն՝ «Ղարաբաղ» վերնագրով, եւ երբեք չեմ մոռանում իմ առաջին դասարանի դասղեկի պատկերավոր նկարագրությունները եւ նաեւ այն, որ այդ օրը նա պարտադիր բոլորիս հարցրեց բանաստեղծությունն անգիր ու ամենակարեւորը՝ առոգանությամբ: Հիմա իմ առջեւ բացվում էր այն, ինչ ես այդ դասին դասղեկիս ջանքերով զգացել էի ու պատկերացրել: Հիմա այլեւս ջանքեր պետք չէին տեսնելու ու վայելելու այդ կտրուկ փոփոխվող ռելիեֆը՝ ժայռերի հետ բարձրանալով վեր, սարերի գունավոր գորգերից խլելով մեկ դեղին, մեկ մանուշակագույն ծաղիկների բույրը կամ խիտ անտառներից դուրս փախչող ու քարին հպարտ կանգնող եղնիկի վրա հայացքդ կենտրոնացնելով: Մեկ երեւում են գանգի, արծվի տեսքով հսկա ժայռաբեկորներ, մեկ երկնաքերներ, որոնց վերջը չէր երեւում: Ընդհանրապես, շատ հպարտ է Ղարաբաղի բնությունը եւ իր հանդեպ հատուկ ուշադրություն է պահանջում: Օրինակ, անծանոթ մարդը երբեք չի կարող տեսնել ժայռի գլխին, ծառերի մեջ թաքնված Գոհար թագուհու բերդը, ուր հայտնի չէ՝ վերջին անգամ ով է ոտք դրել: Եվ ակամա ցանկություն է առաջանում թեկուզ օրերով ու ամիսներով ման գալ ու գտնել բերդ տանող ճանապարհը. ձորից ջուր բերելու ճանապարհ գոնե եղած կլինի, բայց ամեն ինչ այնքան առեղծվածային է ու թաքնված, պահանջկոտ ու պատվախնդիր: Գյուղացու «հոգսերը» Ճանապարհի կեսից մեքենան վերցրեց մի խումբ կանանց, որոնք անմիջապես խոսակցություն բացեցին նախօրեին Թարթառի ափին խեղդված երիտասարդ մի կնոջ մասին, որ կովերին տարել էր ջուր խմելու, ինքն էլ շոգից փրկվելու համար մտել ջուրը: Սկանդալների սիրահար գյուղացի կանայք հնարավոր բոլոր տարբերակներով փորձում էին ապացուցել, որ նրան դիտավորյալ խեղդել են, բայց, ի վերջո, դատաբժշկական փորձագետը հաստատել էր առաջին տարբերակը: Ճանապարհին ականատես եղանք, թե ինչպես բուժքույր Նունեն Նոր Վերինշեն գյուղից Մանաշիդ էր շտապում՝ մի երեխայի առողջական վիճակն ստուգելու նպատակով: Երկու գյուղերի հեռավորությունը 5 կմ էր, ու բուժքրոջ համար բախտի շռայլություն էր մեքենայի հանդիպելը, որ իրեն տեղ կհասցներ: Այսուհանդերձ, ժամանակին կատարվում են երեխաների համար սահմանված բոլոր պատվաստումներն ու բուժօգնությունները: Հիշյալ գյուղերում մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում համոզվեցինք, որ բոլոր ընտանիքներում կա գոնե մեկ աշխատող ձեռք: Տղամարդիկ հիմնականում աշխատում են շինարարության վրա, զբաղվում հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Իսկ վերջիններիս համար արցախյան պարարտ հողն ու գերհարուստ բուսականությունը առավելագույնս բավարար է: Ինչպես վերաբնակվել Ազատագրված գրեթե բոլոր տարածքներում շինարարական աշխատանքները արագ թափով իրականացվում են, բայց դեռեւս չեն բավարարում Արցախ «ներգաղթողների» պահանջները: Այդ են վկայում ՀՀ կառավարությանն առընթեր փախստականների եւ միգրացիայի վարչությունում կուտակված բազմաթիվ դիմումները: Առաջին հերթին բավարարվում են Բաքվից տեղահանված փախստականների պահանջները: Հիմնական բնակությունը Արցախի հողում ենթադրում է նախկին բնակավայրի գրանցումից դուրսգրում: Այնուհետեւ քաղաքացին ծանոթացվում է նոր բնակավայրի պայմաններին եւ տեղափոխվում այնտեղ՝ մինչ աշխատանքի անցնելը ստանալով որոշակի գումար. կերակրողը՝ 25 հազար դրամ, իսկ ընտանիքի մյուս անդամները՝ 5 հազարական: Բացի այդ, նրանց տրվում է նաեւ անասնավարկ՝ 200 հազար դրամ եւ, բնականաբար, տուն՝ իր հողամասով ու պտղատու ծառերով: Ի դեպ, կառուցվում են առանձնահատուկ մեծ տներ՝ բազմազավակ ընտանիքների համար, գյուղապետարաններ, բուժկետեր, դպրոցներ: Ինչպես ԼՂՀ վերընտրված նախագահ Արկադի Ղուկասյանն իր նախընտրական քարոզարշավում նշեց, եթե միայն մարդկանց այստեղ բերելու խնդիրը լիներ, այսօր էլ կարող ենք 30-40 հազար մարդ բերել: Բայց ամեն գյուղում պետք է դպրոց կառուցել, հոսանք անցկացնել, պետք է հեռուստատեսության, ջրամատակարարման հարցերը լուծել: Իսկ այդ ամենը բյուջեով հնարավոր չէ իրականացնել: Այստեղ էլ օգնության են հասնում բարերարները: Մինչեւ այս տարվա վերջը համալիր լուծում կստանա 40-50 գյուղերի հեռուստատեսության հարցը. «Որքան էլ բնությունը գեղեցիկ լինի, հեռուստատեսությունն անհրաժեշտ է, մանավանդ որ ֆուտբոլասերներ էլ կլինեն:8230Այն, ինչ մենք արել ենք այն սուղ պայմաններում, հերոսական աշխատանք է: Դուք շատ աշխատասեր ժողովուրդ եք, ձեզ լուրջ աջակցություն է պետք, որ ոտքի կանգնեք: Միասին գնանք այս ճանապարհով, եւ վստահ եմ, որ հաջողության կհասնենք»,- ժողովրդին էր դիմում Ա. Ղուկասյանը: Ի դեպ, նրան Նոր Վերինշեն եւ Նոր Մանաշիդ գյուղերն ընդունեցին մի առանձին շուքով, եւ երբ գյուղացիներին հարցնում էինք, թե ում են ընտրելու, ավելի համոզիչ էր դառնում փաստը, որ Ա. Ղուկասյանն ըստ էության մրցակից չուներ: ԼՂՀ իշխանությունները համոզված են, որ ռեալ է 7-10 տարվա ընթացքում բնակչությունը հասցնել մինչեւ 300 հազարի: «Լուծելով այս խնդիրը, մենք լուծում ենք նաեւ մեր անվտանգության խնդիրը. եթե մենք ունենք շատ բնակչություն, ուրեմն մեր բանակն էլ է հզոր՝ եւ քանակի, եւ որակի տեսակետից: Ես վստահեցնում եմ ձեզ, որ այն, ինչ մենք արել ենք վերաբնակեցման ծրագրերով, դա անշրջելի է»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ