Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում մարդիկ երկրի տերը չեն»

Օգոստոս 31,2002 00:00

«Հայաստանում մարդիկ երկրի տերը չեն» Ասում է ԱԻՄ-ի նախագահը, բայց երկրի նախագահի հրաժարականը չի պահանջում Օրերս 21-ին Վանաձորի Երկաթուղայինների ակումբում ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ նշվում էր ԱԻՄ-ի հիմնադրման 15-ամյակը: Հանդիսությունն սկսվեց Ազգային օպերայի երգչախմբի ելույթով: Ազգային-հայրենասիրական խրոխտ երգերի ընդմիջումներին ներկայացվում էին հատկանշական դրվագներ՝ ԱԻՄ-ի պատմությունից: Որքան էլ տարօրինակ է, այդ դրվագների մեջ չէր երեւում 1987-1988թթ. Վանաձորում գաղտնի խմբակների տեսքով ստեղծված ու ԱԻՄ-ականության գաղափարները սերմանած մարզային համանուն կառույցի՝ «Նժդեհ» ԱԻՄ-ի դերը: Ներկայացվեցին նաեւ անկախության տարիների գլխավոր ձեռքբերումները (խոսքի ազատություն, ազատ մամուլ, ազատ ձեռներեցություն եւ այլն), սակայն այդ ձեռքբերումների մեջ ոչ միայն չէր երեւում նախորդ իշխանությունների դերը (առնվազն Ղարաբաղը ազատագրելու հարցում), այլեւ, սովորույթի ուժով Պ. Հայրիկյանը կարկտահատիկների չափով «քարեր» նետեց նախորդների ուղղությամբ: Ի դեպ, ԱԻՄ-ի նախագահին զեկուցողը ներկայացրեց՝ բազմաթիվ կոչումները հատուկ ընդգծելով, որոնցից հատկանշական էր՝ «Կոմունիստական կայսրության ահ ու սարսափ»: Իմ այն հարցին, թե ինչո՞ւ Լոռվա ԱԻՄ-ականների գերակշիռ մասը դեմ է դուրս եկել Հայրիկյանին (որով էլ պայմանավորված էր վերջիններիս բացակայությունը միջոցառմանը), Պ. Հայրիկյանը պատասխանեց, թե «Խոսքը Վանաձորի 7-8 հոգու մասին է: ԱԻՄ-ին ձայն տված 4 հազար մարդուց 12-ը էս կողմ, էն կողմ: Եթե ծառի ճյուղից մի քանի տերեւ ընկել է, տեղը նոր տերեւ կաճի»: (Բայց չէ՞ որ այդ ձայները հավաքվել են այն մարդկանց ջանքերի շնորհիվ, որոնց նա «տերեւ» է անվանում: Հիշեցնենք, որ այդ մարդիկ նույնիսկ մինչեւ վերջ ուժերը ներածին չափով պայքարում էին նրանց դեմ, ովքեր քննադատում էին Հայրիկյանին): Ի դեպ, դահլիճից հնչած մեկ այլ հարցի էլ, թե «Ինչո՞ւ ԱԻՄ-ը տրոհվեց», Պ. Հայրիկյանը պատասխանեց, թե «Մեկ-երկու տասնյակ մարդկանց հեռացումը մանր կազմակերպչական հարց է: Ովքեր ԱԻՄ-ի համագումարի որոշումներին հակադրվում են, նրանց ասում ենք բարի ճանապարհ»: Չնայած ԱԻՄ-ի նախագահը իրենից հեռացածների վերաբերյալ կասկած հայտնեց, թե հավանաբար երկրի նախագահի կողմն են անցել, բայց ինքն էլ առանձնապես նախագահին ընդդիմադիր դիրք չէր գրավել: Նա գտնում էր, որ նախագահի հրաժարականը չի կարելի պահանջել, քանի որ՝ «Մենք տեսնում ենք, որ նա աշխատում է: Իմաստ չունի նրա հրաժարականը պահանջել»: Եվ, այդուհանդերձ, ԱԻՄ-ի նախագահը համոզված է, որ «Հայաստանում մարդիկ երկրի տերը չեն: Երկրի տերը պետք է դառնալ ընտրական համակարգը բարեփոխելով»: Իսկ առայժմ՝ «Մեզ համար տագնապալին այն է, որ պառլամենտական ընտրություններում 50 հոգի պետք է լինեն «թաղի տղերք»: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել