ՕԴԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ Մեզ իրոք տիրել է քաղաքական մոլուցքը: Եվ այդ մոլուցքը երբեմն ինքնամոռացության է հասնում: Մի քանի ամիս առաջ մենք մեկ՝ ցասումով (անկախ օրաթերթի խմբագրի դեմ քրեական գործ հարուցելու կապակցությամբ), մեկ՝ դառը հրճվանքով (երբ դիտում էինք Քաղաքացիական ավիացիայի վարչության պետի խեղկատակային հեռուստաարդարացումները) հետեւում էինք Նիկոլ Փաշինյան-Հովհաննես Երիցյան դիմակայությանը: Հետո մեզ՝ հայաստանցիներիս, երեսուն տարով զրկեցին մեր ողջ «օդային» իրավունքներից, (ստույգ աղբյուրների վկայությամբ ոմանց նաեւ «հողային» իրավունքներից)՝ դրա համար ստեղծելով իրավական հիմնավորում՝ «Ավիացիայի մասին օրենքի» տեսքով: Մոտեցումը բոլոր այս գործընթացներին քաղաքական էր, ինչով էլ պայմանավորված էր բարձրացած աղմուկը: Նույն այդ ժամանակ, մեր աղմուկին զուգահեռ երկիր-մոլորակի տարբեր անկյուններում տեղի էին ունենում սոսկալի ավիավթարներ (օրինակ՝ խիստ բարեկեցիկ Շվեյցարիայի երկնքում), որոնց մասին լուրերը ցնցում էին աշխարհը՝ անմասն չթողնելով իհարկե եւ մեզ: Մեր արձագանքը, սակայն, լոկ զգացական էր, ինչի պատճառը երեւի թե մեր ինքնապաշտպանության բնազդի խորը նիրհն է: Այլապես, ինչպե՞ս պատահեց, որ ոչ ոք (համենայն դեպս՝ բարձրաձայն) չփորձեց համադրել իրադարձությունների այդ երկու շարքը: Մեզ համար ամպրոպը դղրդում էր հեռվում: Մենք գերադասում էինք չմտածել, որ մեր քարուքանդ ու չկանոնակարգված, մեղմ ասած՝ խոցելի, ավիացիոն տնտեսությունը ավելին քան պարարտ հող է ստեղծել այդօրինակ աղետների համար: Մինչդեռ մեր գլխավերեւում թեւածել են վտանգներ՝ սպառնալով ոչ միայն ինքնաթիռների ուղեւորների, այլեւ շրջակա միջավայրին եւ հազարավոր մարդկանց: Ըստ իրազեկ աղբյուրներից ստացված մեր տեղեկությունների, հունիս-հուլիս ամիսներին հայաստանյան երկնքում երկու անգամ այսպես կոչված ավիացիոն միջադեպեր են գրանցվել, որոնք, գրեթե ամբողջությամբ կրկնելով Բոդենյան ողբերգության ընթացքը, երջանիկ պատահականությամբ են բարեհաջող ավարտ ունեցել (հունիսի 6-ին եւ հուլիսի 19-ին): Հունիսի 6-ին «բախումնավտանգ մոտեցում» է արձանագրվել Երեւանի օդահանգույցի տարածքում (ավելի ստույգ՝ Կիրովի գործարանի միջակայքում), Սիրիական ավիաընկերության Բ-727 եւ ՌԴ-ին պատկանող ԱՆ-26 ինքնաթիռների միջեւ: Իսկ հուլիսի 19-ին այդ նույն իրավիճակում՝ այս անգամ ոչ պակաս վտանգավոր գոտում՝ Հոկտեմբերյանի շրջանի երկնքում հայտնվել են «Հայկական ավիաուղիների» եւ «Աերոֆլոտի» երկու ՏՈւ-154 ինքնաթիռները: Ի դեպ հաստատված է, որ վերջին դեպքում սովորականի նման (դա են վկայում դիսպետչերական ծառայության աշխատակիցները) անջատված էր 3,5 մլն արժողությամբ Օդային երթեւեկման կառավարման «Թոմսոն» մակնիշի համակարգը, որի համար ճապոնական «Մարուբենո» ֆիրմայից մեր վերցրած վարկը պետք է մարվի մինչեւ 2003 թվականը: Բարեբախտաբար ավիավթարներ տեղի չունեցան: Բայց միջադեպերը, անկախ ելքից, համաշխարհային պրակտիկայի չգրված օրենքների համաձայն, պետք է հայտնի դառնային Հատուկ լիազորված մարմնին (որն, ի դեպ, մեզ մոտ բացակայում է) եւ հետաքննվեին: Ոչ այնքան մեղավորներին պատժելու համար, որքան հետագայում նմանօրինակ միջադեպերից խուսափելու: Մեր պարագայում այդ ամենն անհնար է, քանի որ ոլորտի թե8217 պլանավորումը, թե8217 աշխատանքների կազմակերպումը, թե8217 դրանց վերահսկումը կենտրոնացած են մեկ ձեռքում: Իսկ այդ ձեռքի տերը անթույլատրելի երկար ժամանակ ոմն մեկն էր, որի պրոֆեսիոնալիզմը կարծես միայն բավարարում էր անցանկալի ինֆորմացիայի արտահոսքը հարազատ վարչության պատերից դուրս կանխելուն: Այս տեսակետից իրավիճակը թերեւս անփոփոխ կմնա, քանի որ նորաթուխ օրենքում ամրագրված են կազմակերպչական նույն սկզբունքները, նաեւ նույն գործելաոճն են պատրաստվում որդեգրել արգենտինյան ներդրողները: Նրանք, ի դեպ, նպատակ չեն դնում ներդրումներ կատարել ոլորտը զարգացնելու համար: Թեեւ եթե ներդնեն էլ, բոլորին հայտնի ոչ դեգեներատ գործիչների «հոգածության շնորհիվ» կարող են չգտնել ներդրման օբյեկտը, Հայկական ավիացիան: Միթե՞ կարելի է Հայկական ավիացիա համարել կարճ ժամանակահատվածում երկու անգամ ապահերմետիկացման եւ շարժիչի քայքայման ենթարկված «Airbus»-ը, Հայաստանում գործող Բրիտանական, Ավստրիական, Բելգիական եւ այլ «ավիաուղիները»: Վարչության պետի հատուկ հպարտության առարկա հանդիսացող այդ «գործակալությունները» չեն կարող եւ երբեք չեն լինի նեցուկ Հայաստանի պես փաստացի պատերազմող երկրին, եւ ազգադավություն է նրանցով փոխարինել այն ամենը, ինչ կոչվում է Հայկական ավիացիա: Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի այն նույն եթերաժամում, որի ընթացքում Գլխավոր վարչության նախկին պետը շեփորում էր իր nրերորդ օտարերկրյա ձեռքբերումը, նաեւ մեկ այլ տեղեկություն էր հաղորդվել: Ղարաբաղյան ազատամարտի հերոս օդաչուներին շքանշաններ շնորհելիս դահլիճում գրեթե բացառապես տարեց օդաչուներ են ներկա եղել: Արդյոք դա՞ չէ հերթական վերջի սկիզբը…8230 Հետգրություն: Այս նյութի գաղափարը ծագեց օդային միջադեպերի մասին լուրի անմիջական տպավորության ներքո: Թվում է, ՀՀ Ավիացիայի Գլխավոր վարչությունում կատարված պաշտոնափոխությունը պետք է մեզ բավարարեր, դեռ ավելին, ոգեւորեր: Սակայն ոգեւորությունը մեղմ ասած անհիմն է. մեկ անձով ոչ8217 համակարգն է բարեփոխվում, ոչ8217 օդային տնտեսության տեխնիկական ապահովությունը, ոչ8217 էլ այն սպասարկող աշխատակազմը: Եվ եթե նոր ղեկավարությունը չի ցանկանում պատասխանատու լինել նաեւ այլոց մեղքերի համար, պետք է անհապաղ դիմի կտրուկ քայլերի: ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ