Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի վերեւ չեն հասնում

Օգոստոս 31,2002 00:00

Ավելի վերեւ չեն հասնում Ինֆորմացիայի մատչելիությունը հասարակության առավել խոցելի խմբերի համար Հասարակության ամենախոցելի ու անպաշտպան մասը տարեցներն են: Օրենքներից երբեմն գլուխ չհանող ծերերի համար Սոցիալական ապահովության եւ Կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոնների աշխատակիցների հետ շփումը շատ հաճախ վերածվում է տանջալից փորձության: Վերը նշված ծառայություններից որեւէ տեղեկություն կորզելու համար, կոնկրետ Գյումրիում, հարկավոր է, այսպես ասած, «լավ ծանոթություն ունենալ»: Թոշակների եւ նպաստների հետ կապված խնդիրները ծերերը շատ հաճախ լուծում են կազմակերպությունների տեսուչների հետ: Դրական արդյունք կամ բավարար պատասխան չստանալու դեպքում անգամ նրանցից քչերն են փորձում լինել հետեւողական եւ պաշտպանել գոնե տեղեկություն ստանալու իրենց իրավունքը: Գյումրեցի 80172ամյա ամուսիններ Մարիամ եւ Աղաբեկ Մովսիսյաններին անհրաժեշտ էր Կենսաթոշակային ապահովագրության վարչությունից վերցնել տեղեկանք իրենց թոշակի չափի մասին եւ ներկայացնել սոցծառայություն. «Առավոտ գնացի, ասին՝ երեկոյան արի, երեկոյան գնացի, ասին՝ հաջորդ օրը արի ու այդպես 4 օր: Հինգերորդ օրը էդ թղթի կտորը նոր տվել են»,- զրույցի ժամանակ դժգոհեց Աղաբեկ Մովսիսյանը: 2-րդ խմբի հաշմանդամ-թոշակառու, 55-ամյա Գոհար Հակոբյանն էլ չափազանց դժգոհ է Գյումրիի սոցծառայության աշխատակիցների վերաբերմունքից, հատկապես, երբ հարկ է լինում որեւէ տեղեկություն ճշտել. «2002թ. մարտ ամսից նպաստս չէին տվել: Բանավոր արած հարցմանս առաջին պատասխանը եղավ, թե չես վերահաշվառվել, սակայն հաշվառումը ես անցել էի դեռեւս հունվար ամսին: Այդ օրը սահմանափակվեցին այդքանով: Երբ հաջորդ օրը ավելի համառորեն պնդեցի, որպեսզի ստուգեն ցուցակները, տեսուչը՝ Վարդուհին, դժգոհությամբ մի քանի անգամ խփեց համակարգչի ստեղներին, մի ժամի չափ ներս ու դուրս արեց, հետո էլ դժգոհությամբ հայտարարեց, որ ինքը մոռացել, համակարգիչ չի մտցրել իմ անունը»։ «Որ տամ՝ գրպանիցս եմ տալու»,- ասել էր վերջինս: Ըստ Գ. Հակոբյանի, բանն ամենեւին էլ տեսուչի մոռացկոտությունը չէ: Ուղղակի չգրված օրենքի, սակայն ընդունված կարգի համաձայն, անպայման ինչ-որ մեկը պետք է դուրս մնա ցուցակներից, իսկ արդարության վերականգնումը փող արժե, այս դեպքում՝ նվազագույնը 5000 դրամ: Գոհար Հակոբյանի բանավոր բողոքների արդյունքում արդարությունը վերականգնվել է մասնակիորեն: Վերջինս 2 ամիս նպաստ չստանալուց հետո ստացել է միայն մայիս ամսինը: Ըստ նրա, «էն 2 ամիսը ուղղակի կերել են», ու չնայած այն բանին, որ հունիս ամսվա նպաստը եւս չի ստացել, մտադիր չէ որեւէ հարցում կատարել «ավելի վերեւ»: Նման դեպքերում շատերը «գլխացավանքից» խուսափելու նպատակով, շատ անգամ էլ չիմացության հետեւանքով կամ չեն փորձում հարցման ճանապարհով խնդիրը լուծել, կամ էլ գերադասում են «մի քանի կոպեկ զիջել» եւ չընկնել քաշքշուկներ մեջ: Շիրակի մարզպետարանի Սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Հարությունյանը չբացառեց ոլորտի աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումներն ու կոպիտ վերաբերմունքը: Սակայն ժխտեց որեւէ մեկին տեղեկատվություն չտրամադրելու փաստը: «Գրեթե ամեն օր ինձ մոտ են գալիս մարդիկ տարբեր խնդիրներով, որոնց փորձում ենք օրենքի սահմաններում հենց տեղում լուծում տալ: Շատ քիչ դեպքերում է, որ մարդիկ իրենց անհրաժեշտ ինֆորմացիան փորձում են ստանալ գրավոր հարցման ճանապարհով: Նման դեպքերում դիմում-նամակները մանրամասն ուսումնասիրվում են եւ պատասխանվում սահմանված ժամկետներում»: Պրն Հարությունյանը նշեց, որ իրենք օրական ստանում են միջինը 3 նամակ: Մարդիկ իրենց դիմում են հիմնականում նպաստ եւ զանազան այլ օգնություն ստանալու խնդրանքով: Որեւէ հարցում անպատասխան թողնելու դեպք պրն Հարությունյանը այդպես էլ չհիշեց: Կենսաթոշակային ապահովագրության վարչության պետ Ռուբիկ Բարսեղյանը նույնպես բացառեց իրենց ոլորտում տեղեկատվություն չտրամադրելու որեւէ դեպք: Այս տարվա հուլիս ամսվա տվյալներով, իրենք ստացել են 1189 նամակ, որից ընդամենը 10-ն է դիմում-բողոք եւ վերաբերում է թոշակների սխալ հաշվարկմանը կամ էլ թոշակի չափի ոչ բավարար լինելուն: Պրն Բարսեղյանի հավաստմամբ, դրանց բոլորին գրավոր պատասխանել են եւ ամենայն հավանականությամբ լիարժեք, քանզի նույն հարցով երկրորդ անգամ իրենց չեն դիմել: Իսկ այն հարցին, թե արդյոք տեղյա՞կ է պրն Բարսեղյանը, որ լինում են դեպքեր, երբ ծեր թոշակառուն ստիպված է մեկ տեղեկանքի համար չորս օր շարունակ գնալ-գալ, վերջինս պատասխանեց. «Գիտե՞ք, ճիշտն ասած, չեմ բացառում, որ նմանատիպ դեպքեր լինեն հատկապես տարեսկզբին, երբ մեզ մոտ սկսվում է ցուցակների, թոշակների չափերի ստուգումը: Հնարավոր է, որ ընդամենը 2 րոպե պահանջող գործողությունը ձգձգվի, ասենք, 2 օր»: Կենսաթոշակային ապահովագրության վարչության պետը նշեց նաեւ, որ եթե անգամ բողոքողներ էլ կան, ապա այդ բողոքները իրեն չեն հասնում, այլապես դրանք այլ ընթացք կստանան: Այսպիսով. միանշանակ ասել, թե Գյումրիում խախտվում է թոշակառուների կամ նպաստառուների տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ ամրագրված Սահմանադրության 24 հոդվածով, այնքան էլ ճիշտ չի լինի: Երբ զրուցում ես ծերերի հետ, պարզ է դառնում, որ հիմնականում չարաշահվում է նրանց օրենքներից անտեղյակ լինելը. մի բան, որ հազվադեպ է արտացոլվում թղթի վրա: ԵՐԱՆՈՒՀԻ ՍՈՂՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել