Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆԵՏԸ ԿՓՐԿԻ ԵԶԴԻՆԵՐԻՆ

Օգոստոս 31,2002 00:00

ԻՆՏԵՐՆԵՏԸ ԿՓՐԿԻ ԵԶԴԻՆԵՐԻՆ Կոտայքի մարզի Զովունի գյուղը Հայաստանում եզդիներով բնակեցված ամենախիտ տարածքն է: Օսմանյան Կայսրության կազմակերպած ջարդերի ժամանակ եզդիները հայերի հետ միաժամանակ գաղթեցին Արեւմտյան Հայաստանից: Եզդիական համայնքը հուսահատված է Զովունի գյուղի առաջին եկվորները եզդիներն են, որոնք այստեղ բնակություն են հաստատել 1936-ին, ավելի վաղ քան հայերը: Գյուղի պռնկին ծվարած եզդիական Ամո թաղամասում բնակվում է 350 բազմանդամ եզդի ընտանիք (շուրջ 1500 մարդ): Նախկին մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում եզդիների թիվը հասնում էր 60000-ի: Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի տվյալներով՝ այսօր Հայաստանում ապրում է մոտավորապես 30000 եզդի: «Տեղյակ ենք պահում ձեզ, որ եթե եզդիների պայմանները չբարելավվեն, չվերադարձվեն եզդիների արոտավայրերը, կասենք՝ վերցրեք մեր բնակարանները, վերցրեք մեր անասունները. մենք գնում ենք Հայաստանից: Այլեւս այսպես չենք կարող ապրել: Մեր գործը թողնում ենք Աստծուն»,- Հայաստանի նախագահին, վարչապետին ուղղված բաց նամակում գրում են եզդիները: 2001թ. ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում առաջին անգամ հեռագնա արոտների վարձակալությունը իրականացվեց մրցութային կարգով: Մրցույթների անցկացման լիազորությունը տրվեց մարզային մրցութային հանձնաժողովներին: Զովունի գյուղում բնակվող եզդիների պարբերական ցույցերը ՀՀ նախագահի նստավայրի եւ կառավարության շենքի մոտ վերը նշված հանձնաժողովների դեմ են: Եզդիական համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ մրցույթն անցկացվել է խտրական սկզբունքով, այսինքն` հայ հայտատուի հետ ոչ հավասար պայմաններում: Աճուրդային պայմաններով վաճառքի հանված արոտավայրերից զրկվեցին 25 եզդի ընտանիքներ, որոնցից շատերն արդեն վաճառել են իրենց անասունները: Եզդիների խնդիրներին տեղյակ է ՀՀ նախագահի խորհրդական, ազգային փոքրամասնությունների հարցերով պատասխանատու Ռազմիկ Դավոյանը: Նա ընդունել է եզդիներին եւ լսել նրանց: «Հողատարածքների հետ կապված խնդիրների առնչությամբ հանրապետության նախագահը կարգադրել է հարցին մեղմ մոտեցում ցույց տալ: Հարցը քննարկվել է խորհրդակցության ժամանակ, որին ներկա են գտնվել տարածքային կառավարման նախարարն ու եզդիների ներկայացուցիչները: Դրանք եզդիների պապենական հողերը չեն եւ նոր կարգի համաձայն աճուրդի պիտի դրվեն: Հողատարածքներից զրկվել են նրանք, ովքեր հայտերը ժամանակին չեն ներկայացրել կամ ներկայացրել են թերի»,- ասում է նախագահի խորհրդականը: Եզդիները մտահոգված են եւ չեն պատկերացնում իրենց հետագա անելիքը: «Մեր ձեռքից արոտավայրերը վերցնում են, ի՞նչ պիտի անենք, ո՞ւր գնանք, ինչո՞վ զբաղվենք»,- շարունակ կրկնում են նրանք: «Եթե դիտավորյալ չի արվում, այդ դեպքում ինչո՞ւ ազատ տարածքները չեն դրվում մրցույթի, այլ դրվում են այն հողերը, որտեղ մենք 40-50 տարի շարունակ ապրել ենք: Մեր ժողովուրդն էլ մտածում է, որ մեզ ուզում են տեղահան անել: Այս ամենը գալիս է վերեւից»,- ասում է Ագիթ անունով մի տղամարդ: Վտանգավոր գոտի Ձորի բերանին 70 հեկտար տարածքի վրա ապրում է շուրջ 70 եզդի ընտանիք: Խորհրդային տարիներին այս նույն տարածքում կատարվել է բարձրավոլտ էլեկտրալարանցում: Բարձր լարման էլեկտրալարերի դզզոցը սովորական ականջի համար լսելի է: Այս տարածքում ճառագայթային մասը բարձր ու անթույլատրելի է եւ հղի հիվանդությունների վտանգով: 73-ամյա Օրո Ավդալյանը պատմում է, որ տարբեր հիվանդություններից մահացել են իր կինը, եղբայրն ու հարսները: Նա 11 երեխա ունի եւ 60 թոռ: Օրո Ավդալյանն ասում է, որ թոռները նույնպես հիվանդ են եւ իրենց միակ փրկությունն այս տարածքում որքան հնարավոր է քիչ մնալն է: Այսինքն՝ սար բարձրանալը, ինչից իրենց փորձում են զրկել: Վտանգավոր այս գոտում մարդիկ չեն կարողանում հեռուստացույց միացնել, բարձր հոսանքից դրանք այրվում են: Հորդառատ անձրեւներից ու կայծակից մի քանի անգամ էլեկտրալարերը պոկվել են. «Գյուղը ելել- փախչում էր»,- շարունակում է պատմել Օրո Ավդալյանը: Իշխանությունների խոստումները, թե մարդիկ այս վտանգավոր գոտուց կտեղափոխվեն, չեն կատարվել: Ի տարբերություն հայկական թաղամասերի՝ եզդիների տնից տուն անցնելը բավականին դժվար է: Ճանապարհները, որոնցով քայլում ես՝ դժվար է փողոց անվանել: Դրանք ասֆալտապատ չեն եւ անանցանելի, ամբողջովին ջուր է ու ցեխ: Ճանապարհները բարեկարգելու վերաբերյալ եզդիների բողոքներն անտեսվում են: «Հիմնադրամներ կան, որոնք մեծ գումարներ են ծախսում ճանապարհաշինության վրա, սակայն այդ ամենը մեր կողքով է անցնում»,- բողոքում է եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանը: Եզդիներն իրենց ներկայացուցիչները չունեն ՀՀ նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովում: Չկան եզդիական դպրոցներ ու դասարաններ, ուսուցիչներ ու եզդիերեն դասագրքեր: Եզդիերեն դասավանդող միակ ուսուցիչը վերջերս մահացել է: Եզդիները չեն հասկանում, թե ինչու են հայ իշխանավորներն իրենց ատում: Լրագրողի այցելությունը գյուղ եւ իրենց խնդիրներին ուշադրություն դարձնելը նրանց մեջ հույսեր արթնացրին, իսկ երբ իմացան, որ հոդվածը տպագրվելու է ինտերնետային էջում ՝ համոզված էին, որ իրենց խնդիրներին լուծում կտրվի: «Եթե ինտերնետում կարդան՝ դրսից շատերը կգան օգնության: Ինտերնետը մեզ կփրկի»,- վստահ է Ազիզ Թամոյանը: Եզդիները չեն ընդգծում եւ բարձրաձայն չեն արտահայտում ազգային խտրականության հարցը, սակայն Թոռնիկ անունով մի տղամարդ հարցնում է. «Ես ի՞նչ մեղավոր եմ, որ եզդի եմ ծնվել»: ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Նյութն ամբողջությամբ կարդացեք www.hetg.am էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել