Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիճակագրական շրջափակում

Օգոստոս 31,2002 00:00

Վիճակագրական շրջափակում Հայաստանում վիճակագրությունը շարունակում է մնալ իշխող վարչախմբերի մենաշնորհը, որոնք էլ այն ծառայեցնում են անձնական եւ կլանային շահերին։ Մինչդեռ, ժողովրդավարական հասարակարգի կայացվածության պահանջներից մեկը տվյալ հասարակությունում անկախ վիճակագրական ծառայությունների գոյությունն է, նրանց համար անհրաժեշտ փաստական տվյալների ստացման մատչելիությունը։ Նախագահական քարոզարշավին ձեռնամուխ եղած Ռ. Քոչարյանի վարչախումբը, անշուշտ, վճռորոշ դեր է հատկացրել պետական վիճակագրությանը, որն ամբողջապես ի սպաս է դրված սոցիալ-տնտեսական շռնդալից հաջողությունների վերաբերյալ ստուգման ոչ ենթակա տեղեկատվության տարածմանը։ Իսկ տարածողների դերում հանդես են գալիս անձամբ ՀՀ նախագահը եւ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները։ Այսուհանդերձ, իրական վիճակագրական տվյալների՝ ամբողջատիրությանը բնորոշ շրջափակման պայմաններում էլ, հնարավոր է որսալ որոշ պաշտոնատարների կողմից այս կամ այն միջոցառումների ժամանակ ակամայից արտաբերած փաստական տվյալներ, իրարամերժ տեղեկատվություններ եւ վերջապես միջազգային փորձագետների ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք լույս են սփռում իրերի ճշմարտացի պատկերի որոշ մանրամասների վրա։ Մինչ ՀՀ պետվիճծառայությունը տարվա, եռամսյակների եւ կիսամյակների կտրվածքով շարունակաբար սրընթաց աճի թվեր է տրամադրում ժողովրդին, օրինակ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայաստանցիների կյանքի որակը այս տարի նորից անկում է արձանագրել։ Տնտեսական աճի վարկածին դեմ է գնում նաեւ պետեկամուտների նախարարության հրապարակած բյուջեին պարտք ունեցող կամ հարկային վնաս հայտարարագրած շուրջ 2000 փոքր, միջին եւ խոշոր ձեռնարկությունների ցուցակը։ Կարծում եմ, կեղծիքի վրա հիմնված 2000 հաշվետվություններում արտացոլված է 150 մլրդ դրամի վնաս, որը չի ընդգրկվել պետբյուջեում։ Հաշվետվություններից նաեւ հետեւում է, որ այսօրվա Հայաստանում վնասաբեր է ցանկացած բիզնես, սկսած հանքահումքային պաշարների (պղինձ, մոլիբդեն, պեռլիտ եւ այլն) արդյունահանումից ու արտահանումից, մինչեւ հանքային ջրերի, գարեջրի, ըմպելիքի, գինու, օղու, կոնյակի, հացամթերքների ու երշիկեղենի արտադրությունն ու վաճառքը։ Վնասաբեր են աշխատում նաեւ բանկերը, սննդի օբյեկտները, ադամանդի, ծխախոտի արտադրություններն ու վաճառքը, տոնավաճառները եւ այլն, եւ այլն։ Հարց է առաջանում, եթե այսօրվա Հայաստանում տնտեսության բոլոր ճյուղերը վնասով են աշխատում, ապա ինչի՞ հաշվին է աճ արձանագրվում։ Ներկայացնենք փաստերի համադրման եւս մեկ օրինակ։ Հայաստանում գրանցված տնտեսվարող սուբյեկտների թիվը հասել է 90 հազարի եւ այս փաստը ծառայեցվել է տնտեսության աճի եւ աշխատատեղերի ստեղծման «հաշվարկներին»։ Վերջերս կայացած սեմինարի ժամանակ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը վրդովմունքով հայտարարեց, որ գրանցված մոտ 90 հազար ձեռնարկություններից իրականում աշխատում են եւ հարկատու են մոտ 5 հազարը, մնացածը սնանկ են կամ էլ սնանկացման եզրին։ ԿԲ նախագահը նաեւ տարօրինակ հնչող փաստ ներկայացրեց։ Ըստ նրա, այսօր աշխատող եւ բարգավաճող շատ ձեռնարկատերեր «վերջին 5 տարիների ընթացքում բանկերից վերցրած տասնյակ միլիարդավոր դոլարների վարկեր հետ չեն վերադարձրել եւ դրա համար նրանք ոչ մի պատիժ չեն կրել»։ Իհարկե, այսուհետեւ պաշտոնատարներին խիստ ցուցմունք կտրվի՝ շատ զգույշ լինել արտահայտությունների մեջ եւ բացառել ակամա անկեղծությունների դեպքերը։ ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել