Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱ՞Ն

Օգոստոս 31,2002 00:00

ԱՌԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱ՞Ն Բանկային վերահսկողության արդյունավետությունից են մեծապես կախված բանկային համակարգի հուսալիության աստիճանը, նրա զարգացման միտումները եւ հեռանկարները: Բանկային վերահսկողությունն ուղղված է հնարավորինս նվազեցնելու բանկերում առկա ռիսկերի ազդեցությունը: Հայաստանի Հանրապետությունում բանկային վերահսկողության ինստիտուտը ձեւավորվեց դեռ 1994-1995թթ., երբ ընդունվեց բանկային օրենսդրությունը եւ հստակեցվեցին բանկային գործունեության խաղի կանոնները: Այդ երկու տարիների ընթացքում ասպարեզից վերացան շուրջ 40 բանկեր, որոնք չդիմանալով աճող մրցակցությանը եւ կապիտալի կտրուկ ավելացման պահանջին, կամ էլ իրականացնելով խիստ ռիսկային գործարքներ, զրկվեցին բանկային լիցենզիայից: Դրան հաջորդող 4 տարիների ընթացքում բանկային համակարգը դրսեւորեց կայուն քանակական եւ որակական աճի միտումներ, որոնք առաջանցիկ էին տնտեսության այլ ճուղերի զարգացման տեմպերի համեմատ: Այդ տարիների ընթացքում զուգահեռաբար որակապես աճում եւ զարգանում էր բանկային վերահսկողության կառույցը: Զրոյից ստեղծվեց փաստաթղթային վերահսկողության վարչությունը, որի խնդիրն էր բանկերից պարբերաբար ստանալ ֆինանսական հաշվետվություններ, մշակել եւ վերլուծել ստացված տեղեկատվությունը եւ ներկայացնել առաջարկներ առանձին բանկերում ու ողջ համակարգում ձեւավորվող միտումների վերաբերյալ: Եթե նկատվում էին վտանգավոր միտումներ, ապա վերահսկողության վարչությունը բանկում կատարում էր ավելի խոր ուսումնասիրություն եւ համատեղ ներկայացնում առաջարկություններ իրավիճակի շտկման համար: Այս երկու վարչությունները միավորվեցին մեկ դեպարտամենտում, ինչը թույլ տվեց կոորդինացնել դրանց աշխատանքները եւ հստակեցնել փոխադարձ կապը երկու վարչությունների միջեւ: Բացի դրանից, դեպարտամենտի կազմում ընդգրկվեց նախկինում Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության կազմում եղած լիցենզավորման բաժինը, քանի որ վերջինս իրականացնում էր նոր ստեղծվող բանկի նաեւ վերահսկողական ֆունկցիա: Դեպարտամենտի վերջին ստորաբաժանումը նորաստեղծ մեթոդոլոգիայի բաժինն էր, որի հիմնական խնդիրն էր մշակել բանկային համակարգի հեռանկարային զարգացման եւ համապատասխանաբար՝ բանկային վերահսկողության հայեցակարգերը, կանխատեսել զարգացման միտումները, կատարելագործել վերահսկողական գործիքները: Այդ ժամանակաշրջանում հստակեցվեց եւ կատարելագործվեց նորմատիվային ողջ դաշտը, սկսեցին ռիսկով կշռվել բանկի ակտիվները, 1996թ. գործողության մեջ դրվեց վարկերի դասակարգման եւ դուրսգրման համակարգը, որը կարեւորագույն քայլ էր բանկի իրական վիճակի արտացոլման ճանապարհին, սկսեց գործել բանկերի ղեկավարների որակավորման համակարգը: Բանկային համակարգը տնտեսության առաջին ճյուղն էր, որն անցավ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին: Այս ամենի արդյունքում 1995-1999թթ. բանկային համակարգում գրանցվեց բոլոր ցուցանիշների աննախադեպ աճ: Մասնավորապես շուրջ 4.5 անգամ աճեցին համակարգի ընդհանուր ակտիվները, այն դեպքում, որ վերը նշված վարկերի դասակարգման համակարգի ներդրման արդյունքում բանկերը 1996-1998թթ. ընթացքում հաշվեկշիռներից դուրս գրեցին շուրջ 8 մլրդ դրամ վատորակ վարկեր: Ավելի քան 4 անգամ աճեց բանկերի կապիտալի ցուցանիշը, շուրջ 9 անգամ աճեցին ֆիզիկական անձանց ավանդները, ինչը խոսում էր բանկերի հանդեպ բնակչության վստահության աճի մասին: Բանկային ակտիվների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում աճեց 8% (1995թ.) մինչեւ 19% (1999թ.): Ավանդների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում նույն ժամանակահատվածում աճեց 0.5% մինչեւ 3%: Սակայն 2000թ. սկսեց բանկային համակարգի ցուցանիշների աճի տեմպերի նվազում, իսկ 2001թ. եւ ընթացիկ տարում որոշ ցուցանիշների թվի բացարձակ նվազում, այն դեպքում, երբ տնտեսության մեջ պաշտոնապես արձանագրվել են տնտեսական աճի բավական բարձր ցուցանիշներ: Աճեցին բանկերի վնասները, սկսվեց փողերի որոշակի «փախուստ» բանկերից, մի քանի բանկեր, այդ թվում՝ խոշոր, հայտնվեցին սնանկացման օրենսդրության գործողության դաշտում: Այստեղ կան օբյեկտիվ պատճառներ, որոնց մասին մենք խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում: Սակայն առկա են եւ խիստ սուբյեկտիվ գործոններ, որոնցից մեր կարծիքով ամենաէականը՝ Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության կառույցի թուլացումն է եւ արդյունքում՝ բանկային համակարգում բացասական, ճգնաժամային միտումների կտրուկ ուժեղացումը: Այսօր, ըստ էության, լուծարված է բանկային վերահսկողության դեպարտամենտը, փոխարենը չունենալով համարժեք կառույց, վերացված է փաստաթղթային վերահսկողության վարչությունը, չկա մեթոդոլոգիայի բաժինը, արդյունքում անհասկանալի է վերահսկողության այսօրվա մեթոդաբանությունը եւ ընդհանրապես՝ գաղափարախոսությունը: Կենտրոնական բանկը այսօր հայտարարում է ռիսկերի կառավարման վրա հիմնված վերահսկողական համակարգի ստեղծման մասին, չանդրադառնալով դրա իրականացման մեխանիզմներին, չնկարագրելով նրա օրգանական կապը նախորդ համակարգի հետ, ինչը կասկածի տակ է դնում դրա արդյունավետությունը: Վերջին երեք տարիների ընթացքում գնալով ընկնում էր վերահսկողության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի մակարդակը, քանզի վերահսկողության դեպարտամենտի ղեկավարությունը ի վիճակի չէր ապահովել որակյալ կադրերի վերարտադրության գործընթացը, կազմակերպել աշխատակիցների որակյալ վերապատրաստում, կանգնեցնել կադրերի հոսունությունը: Իմ սուբյեկտիվ գնահատականով վերջին երկու տարում դեպարտամենտում բավականաչափ վատթարացել էր բարոյական մթնոլորտը: Իսկ վերջին կես տարվա ընթացքում վերահսկողության բլոկի կառավարումը ընդհանրապես թերի էր, քանզի վերջինիս ղեկավարը համատեղում էր իր պաշտոնը առեւտրային բանկերից մեկի ղեկավարի պաշտոնի հետ: Այս իրավիճակից դուրս գալու համար այսօր անհրաժեշտ է ոչ թե քանդել եղածը, այլ հակառակը՝ պահպանել, զարգացնել եւ խելացի օգտագործել: ՌՈՒԲԵՆ ՎԱԼԵՍՅԱՆ Հ.Գ. Ես համոզված եմ, որ այս հոդվածին էլ է «պատասխան» հետեւելու Կենտրոնական բանկից, կամ էլ վերջինիս պատվերով: Եթե գոնե այս անգամ պատասխանը լինի ըստ էության, ծավալվի առողջ բանավեճ, ես կհամոզվեմ Կենտրոնական բանկի ղեկավարության շահագրգռության մեջ՝ փնտրել եւ գտնել խելամիտ եւ արդյունավետ լուծումներ: Հակառակ դեպքում, եթե հերթական անգամ խոսվելու է ոչ թե պրոբլեմից, այլ քննարկվելու է հոդվածի հեղինակը, ապա միանգամից կասեմ հետեւյալը. ենթադրենք, որ տողերիս հեղինակը երկրագնդի ամենաբացասական անձնավորությունն է, դրանից ոչ կշտկվի վիճակը բանկային համակարգում, ոչ էլ կբարձրանա քայքայված բանկային վերահսկողության ծառայության արդյունավետությունը, նույնիսկ եթե Կենտրոնական բանկի մուտքի վրա աչքով ուլունք կախեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել