Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի՞թե կվերականգնվեն նախամարդու բարքերը

Օգոստոս 31,2002 00:00

Մի՞թե կվերականգնվեն նախամարդու բարքերը Հիրավի, մեր ժողովուրդը պարծենալու շատ արժանիքներ ունի։ Դրանց, մոտ ապագայում, հնարավոր է, որ ավելանա մի նոր «առանձնահատկություն» եւս: Այն է՝ սեփական ականջները «ոմանց» բութ եւ ցուցամատերի միջեւ ճզմված վիճակում խորհրդարանի դահլիճից մինչեւ նախատեսված «քաղաքամաս» ճամփորդելու նախագահական «հնարամտության» իրականացումը։ Ոմանք, այդ թվում մասնավորապես խորհրդարանի «մեծամասնություն» կոչվածը, թերեւս կառարկեն իրենց չարչրկված բառակապակցություններով, իբր «շահարկում եք, նախագահը այդ ճանապարհորդությունը ակնկալում էր իրականացնել միայն 1-2 կամ 5-7 պատգամավորների նկատմամբ, այլ ոչ ժողովրդի»։ Այ, հենց այստեղ է «շան գլուխը թաղված», որ ո՛չ նախագահը, ո՛չ էլ խորհրդարանի չարաբաստիկ մեծամասնությունն իրենց, բազմիցս, հաշիվ չեն տալիս այս կամ այն արտահայտությունների, թողտվությունների ու ոտնձգությունների համար։ Այդ «ոմանք» կարծում են, որ շրջապատն իրենցից ավելի հիմար է ու չհասկացող կամ, որն ավելի հավանական է, թքած ունեն (օգտվենք Արթուր Բաղդասարյանի բառադարանից) հասարակության կարծիքի վրա։ Մի՞թե որեւէ մեկի համար գաղտնիք է, որ այդ փոքրաթիվ պատգամավորներն են միայն, որ այսօր խորհրդարանում ներկայացնում են երբեմնի «Միասնություն» դաշինքին ձայն տված ընտրողների բացարձակ մեծամասնությունը։ Դրանց թիվը ոչ թե 1-2 կամ 5-7-ի սահմաններում է, այլ՝ հասարակության ջախջախիչ մեծամասնության թվաքանակում։ Այնպես որ, նախագահը «ականջների» ակնարկով, հերթական անգամ, փորձում է սարսափեցնել ոչ թե մի քանի պատգամավորների, այլ հասարակության մեծամասնությանը, որ, տեսեք, եթե փորձեք ընդդիմանալ ինձ, ապա ձեր ականջները ոլորելով պատժամիջոցների կենթարկեմ բոլորիդ։ Իհարկե, ինչպես միշտ, «խալխի» միջոցով, իսկ այս անգամ՝ իրավապահների։ Արդեն հատկանշական է դարձել, որ ժողովրդի շահերը ոտնահարող այս կամ այն միջոցառումները հանրապետությունում իրականացվում են ուրիշի ձեռքերով։ Այս գործում, հիրավի, մեծ վարպետություն են ձեռք բերել իշխանությունները, կրակից շագանակներ են հանում առանց սեփական ձեռքերն այրելու։ Այդ նպատակին են ծառայում, թերեւս, տարբեր կարգի հանձնաժողովները։ Այսպես՝ էներգետիկայի հանձնաժողովը ծառայում է հիմնավորելու ուռճացրած սակագները, առողջապահությանը՝ հիվանդանոցները փակելու, բժիշկներին գործազրկելու, «բարեփոխումները» արդարացնելու համար, մարդու իրավունքները հոգ է տանում ոճրագործների շահերը պաշտպանելու համար (ասենք, հո Նարիրի Հունանյանին չեն նեղացնում, ժամանակին կերակրում ու սուրճ մատուցում են եւ այլ նման բաներ), Հեռուստատեսության եւ ռադիոյինը նպատակադրված է, որպեսզի «օրինականորեն» հիմնավորի հանրապետությունում գործող (առայժմ՝ անցյալում) միակ անկախ հեռուստաընկերությունների՝ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» փակումը)։ Եթե այսպես շարունակվի, բացառված չէ, որ մի օր էլ կբացահայտվի նաեւ Ն. Հունանյանի «հանձնաժողովի» արմատների իսկությունը։ Վաղն էլ ակնկալվում է, որ ականջները քաշելու «հայրենանվեր» գործը կիրականացվի իրավապահների միջոցով։ Հերիք չէր դեռ չմոռացված, նույնպես ուրիշի ձեռքերով իրականացված, դաժանագույն, չարաբաստիկ հաշվեհարդարը «Առագաստում»… Ահա այս է իրականում հայաստանյան դեմոկրատիան ու նրա նեանդերտալյան գարշելի պատկերը։ Ցավալի է, որ նույն անցումային ժամանակաշրջանում, օրինակ, Ռուսաստանում օրեցօր բարելավվում է ոչ միայն տնտեսականը, այլ նաեւ բարքերն ու կարգերը։ Էլ չասենք արեւելաեվրոպական երկրների մասին։ Պատճառն այն է՝ մի կողմից ղեկավար այրերի համախառը մակարդակներն ու նրանց համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին, մյուս կողմից նրանց շրջապատողների՝ մասնավորապես, խորհրդարանականների ծախվելիության ու քաղաքական ռենեգատության հակվածության աստիճանը։ Հենց այս անհամապատասխանություններն ու անբարո իրականությունն է, որ հիմնական պատճառն է ժողովրդի համաճարակային հիասթափության ու հնարավորինս արտագաղթի։ Ո՞վ կկասեցնի այս կործանարար պրոցեսը (գործընթացն ուրիշ բան է), եթե ոչ ժողովրդականություն վայելող 4-րդ իշխանության հատվածը՝ առաջավոր հասարակայնության հետ համագործակցված։ ՍԵՎԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ Տնտ. գիտ. թեկնածու, թոշակառու Հ. Գ. Տարակուսելի է, որ իրավապահներին սրտամոտ լինի նախագահի «ականջային» մտահղացումը։ Որքան էլ դժգոհենք, այնուամենայնիվ, վերջին տասնամյակներում ներքին գործերի գերակշռող մեծամասնությունը դեռեւս ժողովրդի զանգվածային արդարացի պոռթկումների նկատմամբ հանդես չի եկել ընդդեմ իր ժողովրդի։ Միգուցե հենց այս նկատառումն է, որ այսօր իշխանությունները հակված են մասնատելու այդ գերատեսչությունը, դրանով իսկ հեշտացնելով նրանց լիովին ծառայեցնելը սեփական շահերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել