Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԴ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 31,2002 00:00

ԱՅԴ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ Մեզանում, գիտենք, օրենքները միայն հասարակ, խեղճուկրակ մարդկանց համար են գրվում կամ ստեղծվում, գրվելուց հետո էլ այդ նույն մարդկանց վրա են փորձարկվում, ավելին՝ ջարդվում։ Էրոտիկ ամսագիրը պատժելի է, հարկերից խուսափելը՝ ո՞չ Ուսումնասիրության շատ հետաքրքիր նյութ են հանրապետության մեջ կատարված հանցագործությունների մասին պատմող պաշտոնական հրապարակումները, տեսաշարերը։ Օրինակ, հատուկ ռեպորտաժ կարող են պատրաստել ՆԳՆ կամ մաքսային, հարկային ծառայություններն այն մասին, թե ինչպես ինչ-որ մի երիտասարդի են ձերբակալել, որը Ռուսաստանից մեր հանրապետություն իբրեւ թե մեծ քանակությամբ պոռնոգրաֆիկ ամսագրեր է ներմուծում, սակայն խոշոր հանցագործությունների հեղինակներին ոչ միայն չեն ենթարկի օրենքով սահմանված պատիժներին, անգամ հեռուստատեսությամբ չեն համարձակվի ցուցադրել՝ ի ցույց ժողովրդի։ Իհարկե, ինչպես հետո պարզվեց, հանրապետության սեռական դաստիարակությամբ զբաղվող այդ երիտասարդը ռուսական մի շարք ամսագրեր է ներկրում Հայաստան, որով «խփում» է մեկ ուրիշ ներկրողի գործին, որն ուզում է դրա մենաշնորհը միայն իրենը լինի։ Որոշ իրավապահ մարմիններ էլ մենաշնորհի ձգտողին աջակցում են՝ երիտասարդին որսալով իբրեւ խոշոր հանցագործ, եւ լայն հասարակությանն էլ պարծանքով մատուցում, թե տեսեք-տեսեք՝ ինչ լավ ենք աշխատում… Իսկ մեծ պահանջարկ ունեցող այդ ամսագրերը տարբեր են՝ զվարճալի, խաչբառային, էրոտիկ, խոհարարական… Ինչպիսի՜ խոշոր հանցագործություն՝ էրոտիկ ամսագրեր է բերում, հայ ժողովրդի ազգային նկարագրին ինչպիսի՜ հարված… Այս ձեւական սկզբունքների, օրենքների եւ բարոյականության թեման այսօր շատ արդիական է Հայաստանում։ Օրերս տեղեկացանք, որ Երեւան-Եղվարդ երթուղային տաքսին էլ, մյուսների նման, կոնկրետ տերեր ունի։ Սա բացահայտվել է, երբ հարկային մարմինների ստուգումներից պարզվել է, որ գրանցված հինգ մեքենաների թիվը իրականից քիչ է ներկայացված։ Իրականում տասն են։ Կեղծիքը բացահայտվել է եւ 3 մլն դրամի խախտման ակտ է գրվել։ Սակայն առայսօր ոչ այդ 3 մլն դրամն է մուծվել պետբյուջե (ասում են ակտը անհետացել է այնպես, կարծես այն երբեւէ չի էլ եղել), ոչ էլ կատարողներն են պատժվել։ Ինչո՞ւ, որովհետեւ Շահումյանի շրջանում գրանցված այդ «Ժորժետ» ՍՊԸ-ն պետական մի քանի պաշտոնյաների զավակներինն է, ինչպես՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի որդունը, նախկինում ծխախոտի խոշոր ներմուծող Աշոտ Մելքոնյանի որդունը, Մաքսային պետական վարչության պետի առաջին տեղակալ Գագիկ Խաչատրյանի որդունը եւ Արագածոտնի մարզի ՆԳ բաժնի պետ Գոռ Ալեքսանյանի որդունը։ Բնականաբար, սա առաջին դեպքը չէ, երբ ակտ է գրվում ու ինչպես գրվում է, նույն կերպ էլ մոռացվում է։ Գաղտնիք չէ եւ այն, որ երթուղային բոլոր ավտոմեքենաների գծերը տերերով են։ Ու ոչ ոք չի կարող այնտեղ ստուգումներ անցկացնել եւ անիմաստ էլ է. ինչու գրել, եթե քիչ անց պետք է պատռվի։ Կամ ո՞ր մի պետական պաշտոնյան է մինչ օրս պատժվել՝ պետական պաշտոնը սեփական բիզնեսի ստեղծմանը կամ ընդլայնմանը ծառայեցնելու համար։ Այլեւս անհերքելի է ու ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե այդ պետական ծառայողներն ինչեր են ձեռք բերում պաշտոնի քողի տակ եւ, բնականաբար, խուսափում պատասխանատվությունից։ Գլխավոր փոսը փորված է Երեւանը «կանգնած» է ռեմոնտի։ Երեւանի յուրաքանչյուր բնակիչ այս ռեմոնտի հետեւանքները զգում է իր մաշկի վրա, սկսած փոշուց մինչեւ քանդված փողոցներ, անորակ քարից ծուռտի-մուռտի սարքած բորդյուրներ, փոսեր… Թերեւս Սովետական Միության տարիների Երեւանի մայթերն ընդգծող բորդյուրներն ավելի որակյալ քարից էին եւ ավելի որակյալ էին շարված, քան այսօրվանը, չնայած Լինսի հիմնադրամը, հանձինս Քըրք Քըրքորյանի, մեծ գումարներ է հատկացրել փողոցների եւ մշակութային կառույցների վերանորոգման համար։ Ընդ որում, որքան հայտնի է, Քըրքորյանի պահանջներից մեկն այն է եղել, որ անհրաժեշտ շինարարական նյութերը պետք է պարտադիր եվրոպական արտադրանքի լինեն, ոչ թե թուրքական կամ Էմիրաթներից բերված էժանագին նյութերից։ Դժվար է ասել, թե որքանով են պահպանում այս պայմանը Լինսի հիմնադրամի ներկայացուցիչները, որոնք անգամ ստույգ հաշվարկել չգիտեն։ Շինարարական այս աշխատանքների ընթացքում, պարզվում է, մի շարք մշակութային օբյեկտների հատկացված գումարները չեն համապատասխանում կատարվելիք աշխատանքների ծավալին։ Իսկ Լինսի ներկայացուցիչները շինարարական աշխատանքների համար մրցույթներ անցկացնելիս առաջնորդվել են «ով ավելի էժան» սկզբունքով։ Խնդիրը ոչ թե որակն էր, այլ էժանը։ Մարդիկ կույր չեն եւ անզեն աչքով էլ երեւում է համատարած այս ռեմոնտի գլխառադությունը, որը հիշեցնում է ԱԺ պատգամավորների նախընտրական «կոսմետիկ ասֆալտապատման» արշավը, որոնք էլ իրենց հաշվարկն ունեն՝ ասֆալտ մինչեւ հաջորդ ընտրությունների ասֆալտը։ Բացի այդ, դեռեւս հայտնի չէ, թե որ մի փայլուն գլխում է ծագել Երեւանի մշակութային բոլոր կառույցները՝ համերգասրահներ, թատրոններ, թանգարաններ եւն, այդքան երկար ժամանակով փակել՝ երկու ամառ, երկու ձմեռ։ Ո՞վ է տեսել նման բան։ Լավ, մենք հեչ, բա տուրիստները եթե գան, ո՞ւր պիտի գնան, ի՞նչը տեսնեն Երեւան-ռեմոնտ 2002 «Բիենա՞լը»… Երեւանցիները արդեն մոտ 2 շաբաթ ահազանգում են խմբագրություն՝ բողոքելով Թումանյան 34 հասցեում նոր սկսված մի շինարարության մասին։ Մեկ շաբաթ առաջ այդ տեղում աղբով լի մի աղբաման էր տեղադրված, այսօր արդեն այն ցանկապատված է, շինարարական տեխնիկա է աշխատում (ինչպիսի՜ էվոլյուցիա), մի քանի մետր խորությամբ փոս է գոյացել շենքերի արանքում (Խնկո- Ապոր անվան գրադարանի բակում)։ Բնակիչները, պարզվում է, լավ էլ ինֆորմացված են. ով՝ ով է, ինչը՝ ումն է։ Հեռախոսազրույցներից եւ նրանց հետ հանդիպումից պարզվեց, որ այդ շենքերի բակում տուն է կառուցում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Լինսի հիմնադրամի ծրագրերի համակարգող Արտաշես Թումանյանը։ Հարեւաններից մեկն էլ նետեց, թե. «Կենտրոնում էլ տեղ չի մնացել, խի՞ չպիտի գար այստեղ, իրա շատ պե՞տքն ա, թե բնակիչների, գրադարանի լույսն ա փակում, երեւի էս էլ ա Լինսի հիմնադրամի ծրագրերից»։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել