ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Վերջին 2-2,5 տարում Հայաստանում ընթացող ներքաղաքական պրոցեսները արտառոց են քաղաքագիտական առումով։ Փորձ է արվում ազատագրական պայքար նախատեսող իրավիճակում քաղաքական պայքարի միջոցով երկիրն ազատել զավթիչներից (միգուցե վերջիններիս «համոզելով» ազատության անհրաժեշտության մեջ)։ Մանրամասնենք։ 99-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ բռնի հեղաշրջում։ Ժողովրդի կամքը կենտրոնացնող դեմքերի սպանությամբ վերջ տրվեց ժողովրդի իշխանությանը։ Այնուհետեւ սկսվեց զավթած լրացուցիչ իշխանության ամրացումը, կատաղի պայքար մղելով բոլոր հնարավոր խոչընդոտների դեմ։ Ընթանում էր եւ շարունակվում է ընթանալ բացահայտ պատերազմ հեղաշրջման պատվիրատուների բացարձակ իշխանության ամրապնդման համար։ Այս դեպքում խոսք լինել չի կարող քաղաքական պայքարի մասին։ Քաղաքականությանը վերջ տրվեց 99-ի հոկտեմբերի 27-ին։ Հետագայում տեղի ունեցածը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ։ Հիմնական քաղաքական ուժերի միջեւ չէր կարող բանավեճ ընթանալ երկրի ինչպիսին լինելու հարցի շուրջ։ Այդ հարցի պատասխանը տվեց ժողովուրդը 99-ի մայիսին, իսկ մի քանի ամիս անց այդ պատասխանը բռնադատվեց։ «27»-ի կազմակերպիչները պարտադրեցին իրենց պատասխանը՝ երկիրը պետք է անազատ, մեկ մարդու քմահաճույքների կատարման տարածք լիներ։ Այս պայմաններում որեւէ խոսակցություն երկրի զարգացման ուղղությունների վերաբերյալ պարզապես դատարկաբանություն է, որը բոլոր ժամանակներում բռնապետությունների ուղեկիցն է եղել։ Իրական պայքարն ընթանում է բռնի վարչակարգի եւ դրա հետ չհաշտվողների միջեւ։ Տարօրինակ է նաեւ վերջիններիս ընդդիմություն անվանելը։ Դիմություն-ընդդիմություն հասկացությունը, նրանց փոխազդեցությունը քաղաքական պայքարին է բնորոշ։ Ի՞նչ ընդդիմություն հրեշավոր սպանությունների միջոցով բացարձակ իշխանություն հաստատած վարչախմբին։ Չէ՞ որ ընդդիմադիր լինելը պետք է վտանգ չներկայացնի որեւէ մեկի համար։ Կարելի՞ է «27»-ից հետո խոսել քաղաքական մրցակցության անվտանգության մասին։ Ունենք երկիրը զավթած վարչախումբ, վարչախմբին անվերապահորեն աջակցողների փոքր խմբավորումներ, որոնք շարունակում են իրենց կուսակցություններ անվանել «քաղաքակիրթ» շղարշ հագցնելով իրենց ստրկամտությանը։ Եվ կան երկրի ազատության համար պայքարող ազատամարտիկներ, որոնց անվերապահ աջակիցն է հասարակության առաջադեմ մասը։ Վերջիններս կենաց-մահու պայքար են մղում «27»-ից մինչեւ այսօր, եւ, ցավոք, ոչ առանց զոհերի։ Մեզ համար անդառնալի կորուստ են պետական-քաղաքական գործիչների «սպանությունները» եւ «ինքնասպանությունը», մեր հայրենակից, Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի բացահայտ սպանությունը։ Ոչ քոչարյանահպատակ հեռուստաընկերության փակումը նույնպես տեղավորվում է այդ պայքարի տրամաբանության մեջ։ Չէ, ինչո՞ւ պիտի փակվեր որեւէ այլ հեռուստաընկերություն, բացի «Ա1+»-ից, որը ոչ մի կերպ չընդունեց կամակատար լինելու պահանջը։ «Ա1+»-ը մի շարք այլ լրատվամիջոցների հետ բացառիկ դիմադրություն ցույց տվեցին 99-ի հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ապատեղեկատվություն տարածելու որեւէ փորձի դեմ։ Իհարկե, քաղաքական հեղաշրջումը պետք է ուղեկցվեր տեղեկատվական դաշտի լրիվ զավթմամբ եւ ենթակայեցմամբ հեղաշրջման պատվիրատուներին։ Սա նրանց հնարավորություն կտար ապատեղեկատվություն տարածելու միջոցով ապակողմնորոշել հասարակությանը եւ կամ չեզոքացնել նրա դիմադրությունը, կամ, որ ավելի զարհուրելի է, նրան էլ մասնակից դարձնել ոճիրի հովանավորմանը։ Այդ թույլ չտվեցին այն լրագրողները, որոնք ոչ մի վայրկյան չհեռացան ԱԺ տարածքից, անտեսելով հնարավոր վտանգ ու դիպված, դրսեւորելով բացառիկ քաղաքացիական անձնուրացություն, ուղիղ լրահոս ապահովեցին դեպքերի ծավալման առաջին վայրկյաններից մինչեւ ոճրագործների վնասազերծումը։ «Ա1+»-ի անձնակազմը այդ գործում կենտրոնական դեր խաղաց։ Պատահակա՞ն է, որ հենց նա եթերազրկվեց։ Սա քաղաքակա՞ն պայքար է։ Այնինչ վարչախմբի կամակատար խմբավորումները աղաղակում են, թե ընդդիմությունը (ասել է թե մեր ազատության, արժանապատվության պահանջատերերը) ծրագիր չունի, ընդհանուր գաղափարներ չունի։ Ա՜յ, ա՜յ, ա՜յ… Ի՜նչ դիպուկ դիտողություն։ Ուրեմն երկրում վայրագությունների միջոցով գերիշխանություն հաստատած կարգը մերժելու համար նախ պետք է երկրի զարգացման ծրագի՞ր ունենալ, կոնկրետ գաղափարախոսության կրո՞ղ լինել։ Աջ կենտրոնամետ կամ ձախ կենտրոնախո՞ւյս պետք է լինել։ Օրինակ, աջ կենտրոնամետը կարող է իրեն թույլ տալ այդպիսի ռեժիմին ծառայելու «երանությունը», իսկ աջ ազգայնականը՝ ո՞չ… Կամ «Սոցինտերնի» անդամ ձախերը պետք է նորմա՞լ ընդունեն, որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնողի թիկնապահները պիտի հրապարակավ մարդ սպանեն եւ անպատիժ մնան։ Այնինչ՝ սոցիալիստական մի այլ ուժ ոչ մի կերպ չի կարող համակերպվել դրա հետ։ Մենք բոլորս՝ Հայաստանի քաղաքացիներս, 99-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում եւ 2000-ի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում կատարված հրապարակավ գազանությունների «ժամանակակիցը» կոչվելու խարանն ենք կրում, քանի դեռ չենք ձերբազատվել այդ ոճրագործությունների ետեւում կանգնածների ոչ թե ներկայությունից, այլ նրանց կողմից «ղեկավարվելու» ծաղրուծանակից։ Այս նվաստացուցիչ իրավիճակից դուրս գալուց հետո միայն կվերականգնվեն քաղաքական պրոցեսները, քաղաքական իրականությունը։ Կվերաիմաստավորվեն երկրի հեռանկարների բազմազանության, նրանցից լավագույնի մասին խոսակցությունները։ Զարմանալի չէ նաեւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող արտաքին զարգացումների ընթացքը։ Գույք՝ պարտքի դիմաց. ռազմավարական կարեւորագույն նշանակության ձեռնարկությունների օտարման հեռանկարով։ Երկրի կարեւորագույն դարպաս հանդիսացող շրջանում «սուվերեն acces»- ոչնչի դիմաց, տարածքների հանձնում։ Չէ՞ որ արեւելյան խանը դիտարկվում է որպես իր խանության միանձնյա տերը եւ կարող է այն վաճառքի հանել իր ուզած ձեւով։ Ինչո՞ւ պետք է դրսում որեւէ մեկը հաշվի նստի մեր ժողովրդի, նրա շահերի հետ, եթե այդ ժողովուրդը հանդուրժում է խանական իշխանություն։ Այստեղ արդեն ստրկամիտների «մոդեռն» տերմինաբանությունը չի փրկի։ Կուսակցություննե՜ր, ծրագրե՜ր… Սրանք անհասկանալի հնչյուններ են միջնադարյան բարքերի ֆոնին։ Այնինչ ընդդիմությունը (ստիպված եմ կիրառել գործածվող անվանումը), ես կասեի մեր հասարակության առաջատարները ոչ մի դեպքում չեն հանդուրժի այդպիսի բարքեր։ Նրանց շարքերը ստվարանում են ավելի արագ, քան կցանկանար որեւէ ստրկամիտ։ Այդպիսին է հասարակական զարգացման տրամաբանությունը։ Ժողովրդին չես կարող անընդհատ խաբել։ Անհնար է խաբեությամբ, բառերի ու հասկացությունների աճպարարությամբ ստիպել հասարակությանը հրաժարվել իր ազատությունից ու արժանապատվությունից։ Նրա փոքր մասին հնարավոր է գնել, վարձակալել, բայց վերջիններս շատ ավելի անողոք են լինելու իրենց տիրոջ հանդեպ առաջին իսկ առիթի դեպքում։ Չէ՞ որ հոգեբանական էներգիան նույնպես ենթարկվում է պահպանման օրենքին։ Ինչքան էակը ընդունակ է հոգեբանական ճնշումներ ընդունելու (թեկուզ նյութական փոխհատուցման գնով), նույնքան էլ կհակադարձի ճնշման բացակայության դեպքում։ Այ սրանց վայրի վրեժխնդրություն հրահրելու կանխողը նույնպես հասարակության առաջամարտիկներն են լինելու, նույն նրանք, ժողովրդի արժանապատվության պահանջատերերը՝ վայրագ իշխանության «ընդդիմությունը»։ ԳԱՅԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ