«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» Հարցազրույց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ Այս բնույթի հարցազրույց ՀՀ նախագահության որեւէ թեկնածուից թերեւս չի վերցվել: Ոմանք կարող են զարմանալ, այլոք՝ հիասթափվել, բայց դաշինքների, թեկնածուների, ընդհանրապես՝ նախընտրական հարահոսի առնչությամբ հարց Դեմիրճյանին չի տրվել: Արծարծվել են ազգային դոկտրինայի, պետականության ծիրում գաղափարախոսությունների, հասարակության ինստիտուցիոնալ կարգավորման հարցեր: Ինչո՞ւ նման հարցազրույց կամ ինչո՞ւ Դեմիրճյանի հետ: Այդ մասին՝ հետգրությունում: «Կազմակերպված կարող է լինել եւ բռնապետությունը» – Պրն Դեմիրճյան, մի հարցազրույցում Դուք ասել էիք, թե քաղաքականությամբ հետաքրքրվել եք միշտ: Դա հոբբի՞ է: – Չէի ասի: Պատմությունը, քաղաքականությունը, տնտեսությունը միշտ էլ եղել են իմ նախասիրությունների շրջանակում: Մինչեւ այժմ էլ սերը պատմական գրականության հանդեպ մնացել է, բնականաբար, նաեւ՝ հետաքրքրությունը գործիչների հանդեպ, ովքեր կարողացել են պատմություն կերտել: Հետո, Կենտկոմում Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարության տարիներին հնարավորություն կար կարդալու գրականություն, որը լայն շրջանառության մեջ չէր, եւ դա գրավիչ հնարավորություն էր: Վերջապես, ես մի ընտանիքում էի ապրում, որտեղից քաղաքականությունը ճանաչում եմ ոչ թե արտաքին երեւույթով, այլ ներքին էությամբ: Կենտկոմում Դեմիրճյանի ղեկավարման տարիներին այդ հնարավորությունը ունեի եւ հետեւում էի իրադարձություններին, անմիջական վկա էի դառնում իր քայլերին, անգամ իր հետ հանդիպումների էի մեկնում` ժողովրդի հետ եւ այլն… 98-ին, երբ վերադարձավ քաղաքականություն, արդեն իր կողքին էի: Բայց անձամբ զբաղվել քաղաքականությամբ երբեւէ չէի մտադրվել: Թե ինչպես եւ ինչու եկա քաղաքականություն, դա արդեն գիտեք: – Գիտենք՝ «Հոկտեմբերի 27»… բայց շարունակենք այնտեղից, որ Դուք քաղաքականությունում եք: Եթե կարելի է, մի հարց, որն այլ երկրում գուցե տարօրինակ հնչեր. ըստ Ձեզ՝ ո՞րն է պետության առաքելությունը: – Պետությունը միշտ եւ ամենուր ունի մեկ հիմնարար առաքելություն՝ ապահովել իր քաղաքացիների անվտանգ, արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքը: Իր այս հիմնարար առաքելությունից շեղվելիս պետությունը կարող է վերածվել չարիքի եւ չծառայել հասարակությանը: Այսօր շատ է խոսվում, թե Հայաստանը պետք է դառնա «տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրը»: Բայց շատ կազմակերպված կարող է լինել եւ բռնապետությունը, որտեղ տիրում է վախի մթնոլորտը: Իսկ վախը, ինչպես գիտեք, «լավագույն» կազմակերպիչն է: Կարծում եմ՝ առաջին հերթին. մենք պետք է դառնանք մի երկիր, որտեղ գերիշխում են օրենքները, ոչ թե կամայականությունը, պետք է ունենալ հասարակության վստահությունը վայելող իշխանություններ եւ երկրում հաստատել արդարության մթնոլորտ: Դժվարություններ, փորձություններ լինում են միշտ եւ ամենուր, բայց հաղթահարում են դրանք, որպես կանոն, համախմբված հասարակությունները: Իսկ հասարակությանը ոչինչ այնպես չի համախմբում, ինչպես վստահությունը եւ արդարությունը: – Գիտե՞ք, հայերի դեպքում պետության մասին խոսակցությունները նաեւ մի ենթատեքստ են ներառում՝ վերաբերմունքը Հայ Դատին եւ Սփյուռքին: – Իհարկե, անցյալը, հատկապես՝ 1915թիվը, չի կարող մոռացվել, եւ պատմական արդարությունը պետք է հաղթանակի: Նախ արժանին պետք է մատուցել պահանջատիրության ուղղությամբ մինչ այժմ արվածին՝ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, թե՛ խորհրդային տարիներին եւ թե՛ դրանից հետո: Սա համազգային խնդիր է, եւ այս հարցում առավել սերտ պետք է լինի համագործակցությունը Հայաստանի ու Սփյուռքի միջեւ՝ հիմնված իրատեսական մոտեցումների վրա: Առհասարակ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար, որպեսզի երկու տարին մեկ ուղղակի լոզունգներ չթմբկահարվեն, հասունացել է համապատասխան պետական մարմին ստեղծելու անհրաժեշտությունը: Խորհրդային ժամանակներում կար Սփյուռքի կոմիտե, իր ժամանակում ինչ եւ որքան հնարավոր էր՝ այդ կոմիտեն իրագործում էր: Նոր կառույցը նոր խնդիրներ կլուծի: – Չգիտեմ՝ ինչ եք ենթադրում՝ «իրատեսական մոտեցումներ» ասելով, բայց կան ժողովուրդներ, որ իրավական ընթացակարգով սփյուռքից վերածվել են պետության: Հայկական Սփյուռքը կարո՞ղ է նման ուղի անցնել: – Նաեւ այլ ժողովուրդների փորձը կարելի է նկատի ունենալ: «Տարածված է հարմարվողականության գաղափարախոսությունը» – Վերադառնանք Հայաստանին. այստեղ խնդիրը երեւի թե իբրեւ արդյունավետ պետություն կայանալն է: Պետություն կայացնում են երկու-երեք քաղաքական ուժեր, որպես կանոն՝ տարբեր գաղափարախոսությունների հարող: Իսկ Հայաստանում որ ուժին հարցնես՝ կպարզվի, որ միաժամանակ եւ սոցիալական արդարության է հետամուտ, եւ ազատ մրցակցության է նախանձախնդիր: Դե, եթե միաժամանակ ամեն ինչ են, չի՞ նշանակում, որ ի վերջո ոչինչ են: – Ընդհանրապես կուսակցական դաշտը կայանում է ժամանակի ընթացքում: Այժմ Հայաստանում 100-ից ավելի գրանցված կուսակցություն կա, եւ պարզ է, որ նրանց տարբերակողը գաղափարական հավատամքը չէ: Ցավոք, տարածված է հարմարվողականության, ամեն գնով իշխանական լծակներին մոտենալու «գաղափարախոսությունը»: Այնպիսի կայացած քաղաքական ուժեր, որ գաղափարական հենքի վրա ծրագրեր կազմեն եւ հետեւողական գտնվեն դրանք իրականացնելու գործում, իսկապես գրեթե բացակայում են: «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունումը գուցե կբարելավի ներկա դրությունը, բայց վերջնական կարգավորումը կատարելու է ժամանակը: Մյուս կողմից. ժամանակակից աշխարհում նկատվում է գաղափարախոսությունների մերձեցման միտում: Դոգմատիկ դիրքորոշումներն իրենց չեն արդարացնում: Պետական կառավարման մեջ անհրաժեշտ են իրատեսական, պրագմատիկ մոտեցումներ: Չի կարելի, այն էլ՝ սիրողական իմացությամբ, ֆետիշացնել մի գաղափարախոսություն եւ դրան ենթարկեցնել ողջ հասարակական կյանքը՝ անտեսելով մյուս գաղափարախոսությունում առկա դրականը: Նման նախադեպեր մենք արդեն ունեցել ենք: Խորհրդային Միությունում, օրինակ, անտեսվում էին մրցակցության առավելությունները տնտեսության մեջ: Այսպես կոչված՝ բարեփոխումների տարիներին արհամարհվեց սոցիալական արդարության գաղափարը: Ակնհայտ է` ազատ մրցակցությունը տնտեսության զարգացման պարտադիր պայման է, բայց պետությունը պետք է չեզոքացնի դրա բացասական դրսեւորումները, որովհետեւ հասարակության ներդաշնակ զարգացման պայմանն էլ սոցիալական արդարությունն է: Եվ, ի վերջո, պետք է հիշել, որ ցանկացած ռեֆորմ իմաստազուրկ է, եթե չի ծառայում մարդուն: – Գիտեք, ես Հայաստանում գրեթե չեմ հանդիպել գաղափարախոսությունների իմացությամբ գործչի: Նույնիսկ 98-ին մեկին հարցրի. «Եթե սոցիալիստը շուկայական տնտեսության կողմնակից է, ըստ Ձեզ՝ նա դառնում է լիբերա՞լ»: Ասաց.«Այդպես կարող է պատահել Ֆրանսիայում, բայց ոչ Հայաստանում»: Պրիմիտիվիզմը` սեփականության ձեւից գաղափարախոսություն ածանցելու, իր արմատներով՝ երեւի խորհրդային ռեցիդիվ է` տնտեսությունը բազիս է…8230 – Իհարկե, գաղափարախոսությունը չի բխում սեփականության ձեւից: Եվ ավելորդ է ասել, որ սոցիալիզմը չի մերժում շուկայական տնտեսահարաբերությունները: Գաղափարախոսությունների տարբերությունը առաջնային արժեքների մեջ է: Ինչ վերաբերում է տնտեսությանը, առհասարակ չի կարելի տնտեսությունը մեկուսացված ոլորտ դիտարկել: Այն, որ նույն տնտեսական մոդելը մի երկրում գործում է, մյուսում՝ տապալվում, խոսում է արտատնտեսական գործոնների էական դերակատարության մասին: Տնտեսական քաղաքականություն մշակելիս էլ չի կարելի այդ գործոններն անտեսել՝ մշակույթ, ազգային մեթալիտետ եւ այլն: – Ամեն դեպքում՝ ինձ որոշակիորեն հետաքրքրում է` շուկայական տնտեսակարգի կողմնակից լինելը վերացնո՞ւմ է հայեցակարգային տարբերությունները Ձեր եւ լիբերալների միջեւ, ենթադրենք՝ կրթության ոլորտում, ասենք՝ բարձրագույն կրթության մատչելիության առումով… – Մենք գտնում ենք, որ ոչ միայն կրթությունը, այլեւ՝ գիտությունը, մշակույթը, առողջապահությունը պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում: Բարձրագույն կրթության ասպարեզում էլ պետք է անել առավելագույնը, որ այն հասանելի լինի ընդունակ դիմորդին` անկախ վերջինիս վճարունակությունից: Կոնկրետ ուղիներ կարելի է գտնել: Միգուցե, օրինակ, ոչ պետական բուհերում էլ հարկային բեռի թեթեւացման հաշվին անվճար տեղեր սահմանվեն կամ մի այլ տարբերակ: Թեեւ, իհարկե, կրթության մատչելիությանը զուգահեռ՝ պետությունը պետք է մտահոգվի նաեւ դրա որակի վերահսկմամբ: «Կոնյունկտուրային լուծումներն անընդունելի են» – Քաղաքական ուժերը, գաղափարախոսությունները կոչված են ուղենշելու առաջընթաց: Բայց հասարակությունները, կարծում եմ, նախ կայունության կարիք ունեն, որպեսզի «հատակը» չբարձրանա, եւ պետական կառավարումը չլինի վիճակախաղ: – Հասարակության բնականոն զարգացում երաշխավորելու ուղին անհատի համար հասարակական հիերարխիայով բարձրանալու հնարավորություն ստեղծելն է` իր ձգտումներին եւ ունակություններին համապատասխան: Մինչդեռ Հայաստանում ոչ միայն շարքային քաղաքացու վերելքն է կախման մեջ դրվել կամայական գործոններից, այլեւ՝ պետական իշխանությունը: Անձի համար նախարարություն է կիսվում ու միացվում, պաշտոններ են հիմնվում ու վերացվում: Նման մեթոդներով պետություն չի կարելի ղեկավարել: Պետությունը պետք է հասարակությանը տա առաջընթացի կողմնորոշիչներ, ոչ թե իրեն պետության հետ նույնացնող իշխանությունը՝ ինքնապաշտպանական բնազդով՝ անվերջ փնտրի կոնյունկտուրային լուծումներ: Դա անընդունելի եւ վերջին հաշվով դատապարտված գործելակերպ է: – Իհարկե, մերժելի է, երբ փողոցից գտնված թերուսին նշանակում են նախարար, բայց մի իմաստնություն էլ կա՝ ձուկը գլխից է հոտում: Այդուհանդերձ, կարծում եմ՝ մտահոգիչն այսօր իշխանությունները չեն, այլ այն, որ վաղը բարձրանան ավելի արժանիները: Երեւի թե, դրա համար մեծ հաշվով խնդիրը հանգում է քաղաքացիական, պետական ծառայության համակարգը կայացնելուն: – Այդ պետական կամ, ավելի լայն ընդգրկումով, քաղաքացիական ծառայությունը, բարեբախտաբար, այն ոլորտն է, ուր այլ պետությունների փորձը միանգամայն կիրառելի է: Ինչ խոսք, առաջին պլան մղվում են գիտելիքները, պրոֆեսիոնալիզմը, կենսափորձը: Բայց դրանք պետք է գնահատվեն միասնական չափանիշներով եւ անկախ կառույցում: Այնուհետեւ պետք է տարանջատել երկու գործընթաց՝ ծառայողի որակավորումը եւ նշանակումը՝ նաեւ ժամանակային տեսակետից: Բայց սա արդեն առանձին, ծավալուն խոսակցության նյութ է: Ես ցանկանում եմ ավարտել ամենաէականով: Գաղափարները, ծրագրերը կարեւոր են, դրանց մասին կարելի է երկար խոսել, բայց…. քանի դեռ երկրում հաղթահարված չէ վստահության ճգնաժամը, եւ ժողովուրդը դուրս է մղված քաղաքականությունից, դատապարտված կլինի ցանկացած ծրագիր: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ Հ. Գ. Ինչո՞ւ այսպիսի հարցազրույց: Հայաստանում գուցե տուրք տալով բարձրին իջեցնելու խորհրդային ավանդույթին, գուցե էքսպարտկոմի մակարդակին մատչելի դառնալու համար, քաղաքական մշակույթը հասցվել է ռեպլիկների, կոնյունկտուրային «բացահայտումների», սերտած արտահայտություններով փոխհրաձգությունների մակարդակի: Մինչդեռ մեզանում երբեւէ պե՞տք է քաղաքական գործիչները սկսեն միտք շարադրել` բանսարկությունների ու ինքնագովության փոխարեն: Ինչո՞ւ Դեմիրճյանի հետ նման հարցազրույցը: Որովհետեւ որեւէ կառույցի, առավել եւս՝ պետությանը, բովանդակություն հաղորդելու համար քիչ են ցանկությունն ու մղումը, հարկավոր է կենսափորձով հաստատված էություն: Այս առումով Դեմիրճյանն առանձնանում է Հայաստանի քաղաքական դաշտում: 1987-ին Մոսկվայից հաստատվում են հատկացումները ապագա «Մարս» գործարանին, բրիտանական կողմի հետ կնքվում են կառուցման պայմանագրեր եւ գործարանի տնօրեն է նշանակվում Ստեփան Դեմիրճյանը: 88-ին սկսվում է Ղարաբաղյան շարժումը, փլուզվում է ԽՍՀՄ-ը, ընդհատվում է պայմանագրերի գործողությունը, եւ չի մնում ոչինչ՝ բացի 30-ամյա Դեմիրճյանի վճռականությունից՝ ավարտելու եւ շահագործման հանձնելու իր գործարանը: Եվ նա այդ անում է: Ստեփան Դեմիրճյանը կառուցում է Հայաստանի ամենահզոր գործարանը այն ժամանակ, երբ ՀՀ իրարահաջորդ կառավարությունները փոշիացնում էին արդյունաբերությունը… Դեռ Աստվածաշնչում է ասված, թե ոչինչ նոր չի կատարվում, կրկնվում է այն, ինչ եղել է: Եվ իհարկե կառուցում է նա, ով երբեւէ կառուցել է: