Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՏ»-ի եթերազրկման իրական պատճառը

Օգոստոս 31,2002 00:00

«ՆՏ»-ի եթերազրկման իրական պատճառը Արամ Սարգսյանի հեռուստաելույթի կանխումն էր «Նոյյան Տապան»-ի եթերազրկման գործընթացն աներեւակայելի արագությամբ տեղի ունեցավ եւ տեւեց ընդամենը չորս օր` 2001թ. սեպտեմբերի 10-ից մինչեւ 14-ը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին տեղի էին ունեցել երկու իրադարձություններ, որոնք բավական մեծ լարվածություն էին առաջացրել Հայաստանի քաղաքական դաշտում. կազմակերպվել էր սեպտեմբերի 1-ից րոպեավճարի կիրառման մասին «ԱրմենՏելի» որոշման դեմ հակակառավարական կոչերով ուղեկցվող երթ եւ հանրահավաք, որի ժամանակ արձանագրվեցին ընդհարումներ իրավապահների եւ ցուցարարների միջեւ, եւ նոր էր ավարտվել ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Հանրապետություն» կուսակցության առաջին համագումարը, որի ժամանակ հրապարակվեց Ռ.Քոչարյանի հրաժարականը պահանջող երեք կուսակցությունների հայտարարությունը: Համագումարի ավարտին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հետ պամանավորվածություն ձեռք բերվեց սեպտեմբերի 16-ին «5-րդ խոսափող»-ի շաբաթօրյա թողարկմանը մասնակցելու մասին: Նույն օրը` սեպտեմբերի 7-ին, այդ մասին ծրագրի հեղինակը տեղեկացրեց թե՛ «Լոտոսի» տնօրենին, թե՛ «Նոյյան Տապան»-ի ղեկավարությանը: Իսկ արդեն սեպտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ինչ-ինչ խնդիրներ են առաջացել «Լոտոսի» կողմից, եւ հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել մինչեւ սեպտեմբերի 14-ը ներառյալ: Այստեղ հարկ է անել հետեւյալ պարզաբանումը. «5-րդ խոսափող»-ի շաբաթվա առաջին հինգ օրերի թողարկումների ֆորմատն էր «վարող-հեռուստադիտող», իսկ շաբաթօրյա թողարկումներինը` «վարող-հյուր-հեռուստադիտող»: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ այդ ավանդույթը խախտվեց, եւ սեպտեմբերի 10-ին՝ երկուշաբթի, թողարկումը կազմակերպվեց ԱՄՆ-ում «Նոյյան Տապան» ԼՎԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ: Այսպիսով, դժվար չէր կռահել, որ ծրագրի մյուս երեք թողարկումներից մեկին կարող էր մասնակցել ՀՀ նախկին վարչապետը, ինչը հաստատապես խիստ անցանկալի էր ներկայիս իշխող վարչակարգի համար, հատկապես՝ այդ օրերին: Եվ պետք է ասել, որ ծրագրի հեղինակը մտադիր էր հենց այդպես էլ անել: Սակայն մյուս օրը՝ սեպտեմբերի 11-ին, հակառակ «Լոտոսի» հետ չորսօրյա եթերի վերաբերյալ պայմանավորվածության, պարզվեց, որ «5-րդ խոսափող»-ն այլեւս զրկված է եթերից, ինչը եւ անհնար դարձրեց ծրագրին Ա.Սարգսյանի մասնակցությունը: Ռ.ԵՂՅԱՆ www.hanrapetutyun.am P.S.- Տարօրինակ զուգադիպությամբ գրեթե նույն օրերին հրահանգավորված հոսանքազրկման միջոցով կասեցվեց ընդդիմադիր գործիչներից մեկի` Աշոտ Մանուչարյանի ելույթն Աշտարակի կաբելային հեռուստատեսությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել