«Ա1+»-Ն ՈՒ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ» ՀԱՇՏՎԵՑԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԵՏ Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը երեկ մերժեց հաստատել այդ համաձայնությունը։ «Ական էիք դրել, եւ ձեզ թվում էր՝ ես չէի՞ հասկանում»,- ասաց նա դատավարության մասնակիցներին։ Բայց հաշտության համաձայնագիրը Ռուբեն Ներսիսյանը մերժեց օրվա ավարտին։ Իսկ դատական նիստը սկսվել էր այսպես. փոքր-ինչ խզված ձայնով դատավորը կարդաց իր դեմ բացարկը մերժելու վերաբերյալ որոշումը, որ կայացրել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը։ Վերջինս՝ քննելով Ռուբեն Ներսիսյանի դեմ բացարկի միջնորդությունները, պարզել էր, «որ հայցվորներն իրենց պահանջը հիմնավորելու նպատակով թեեւ հղումներ են կատարել մի շարք իրավական ակտերի ու հատկապես ՀՀ Քաղդատօրի վրա, սակայն դրանց չիմացության կամ ոչ ճիշտ մեկնաբանությունների արդյունքում կանխակալ կարծիք ունեն դատավորի անաչառության վերաբերյալ դեռ մինչեւ դատական նիստի սկսվելը։ Այսպես, հայցվորները երկու միջնորդություններում էլ նշում են, որ դատավորը պարտավոր էր գործը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկել կողմերին, ինչը, սակայն, չի կատարվել։ Այն դեպքում, երբ ՀՀ Քաղդատօրի 90 հոդվածի 3-րդ կետում պարզապես նշված է, որ դատավորը գործը վարույթ ընդունելիս կայացնում է որոշում՝ նշելով քննության ժամանակը եւ վայրը, ուրիշ ոչինչ։ Որպես բացարկը հիմնավորող փաստարկ՝ նրանք նշել են, որ դատավոր Ռ. Ներսիսյանը 15.05.1999 թ. Ա. Բլեյանի կալանքի հարցը քննարկելիս՝ վերջինիս մասնակից չի դարձրել դատական նիստին, դրանով իսկ խախտել է նրա իրավունքները, այն դեպքում, երբ համաձայն ՀՀ Քրդատօրի 285 հոդվածի 3-րդ կետի՝ անազատության մեջ գտնվող անձը որպես կանոն պետք է ներկա գտնվի միջնորդության քննարկմանը, հետեւաբար՝ հիշյալ նորմը չունի իմպերատիվ բնույթ։ Բացի այդ, նրանք նշել են նաեւ, որ դատարանը Ռ. Ներսիսյանի նախագահությամբ քաղգործով մերժել է հայցվոր Ա. Զեյնալյանի պահանջը, ցուցաբերել է կողմնակալություն, հետեւաբար, սույն գործով էլ նա չի կարող լինել անաչառ։ Ի դեպ, հիշյալ երկու դեպքերում էլ դատարանի կայացրած որոշումներն օրենքով սահմանված կարգով բողոքարկվել են, սակայն դրանք մնացել են անփոփոխ, իսկ բերված բողոքները մերժվել են անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Հայցվորներն իրենց իրավունք են վերապահել վիճարկելու նաեւ դատավորի կողմից սույն քաղգործի հետ առնչություն չունեցող քաղաքացիներին (խոսքը խաղաղ հանրահավաքների եւ երթերի երկու մասնակիցների մասին է.- Ա. Ի.) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները՝ այս դեպքում էլ իրենց վերապահելով դատախազի լիազորություններ»։ Նման մի քանի այլ հակափաստարկներ ներկայացնելով՝ Ժորա Վարդանյանը որոշել էր, որ Ռուբեն Ներսիսյանի դեմ բացարկներն անհիմն են, եւ նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող փաստեր եւ հանգամանքներ չկան։ «Ստիպված ենք շարունակել դատական նիստը»,- այս գործից գլուխն ազատելու վատ թաքցրած չբավարարված ցանկությամբ ասաց դատավորը։ Եվ սովորականի պես՝ էլի ստանձնեց դատական նիստերի քարտուղարի գործառույթն ու սկսեց ներկա-բացակա անել։ Հետո հետաքրքրվեց, թե արդյոք կողմերն ունե՞ն հաշտության համաձայնագիր կնքելու ցանկություն։ Հիշեցնենք, որ սպառողները հայցադիմում էին ներկայացրել «Ա1+»-ի ու «Նոյյան Տապանի» դեմ, նշելով, թե այդ հեռուստաընկերությունները ոտնահարել են իրենց իրավունքները՝ առանց համապատասխան իրավական հիմքի (այսինքն՝ առանց արտոնագիր տալը մերժելու որոշման)՝ դադարեցնելով հաղորդումների հեռարձակումը։ Դատավորի հարցումները պարզեցին, որ հեռարձակումն անհապաղ վերսկսելու վերաբերյալ սպառողների պահանջը, բնականաբար, ընդունելի է հեռուստաընկերությունների համար, եւ կողմերն ունեն հաշտվելու ցանկություն։ Փոքր-ինչ տատանվեց միայն «Նոյյան Տապանի» ներկայացուցիչ Արթուր Դարբինյանը, նշելով, թե ներկայումս իրենց համար անհնար է եթեր դուրս գալը. «Մեր հեռուստաընկերությունը զրկված է հնարավորությունից՝ բավարարել հայցվոր կողմի պահանջները։ Ըստ «Լիցենզիայի մասին» օրենքի՝ մենք իրավունք ունենք եթեր դուրս գալու, բայց սա մի յուրահատուկ ոլորտ է, որտեղ միայն ցանկությունը կամ օրենքի պահանջը քիչ է։ Մեր հաճախականությունն արդեն զբաղեցված է։ Բացի դրանից՝ որպեսզի մենք կարողանանք եթեր դուրս գալ, մեզ պետք է հեռուստաաշտարակում տեղադրել հաղորդակ, վարձակալել տարածք։ Իսկ հեռուստաաշտարակի տնօրինությունը, կարծում եմ, մեզ հետ համապատասխան պայմանագիր չի կնքի, քանի որ մեր ձեռքին չունենք արտոնագիր։ Մենք նաեւ չունենք մերժման որոշում, ինչպես պահանջում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը։ Եվ այսպես հայտնվել ենք փակուղում՝ չնայած ցանկություն ունենք եւ հաճույքով կկնքեինք հաշտության պայմանագիր»։ Դատավորը վստահեցրեց, թե խոսքը միայն հաշտվելու ցանկության մասին է։ Իսկ «Նոյյան Տապանի» ներկայացուցիչն ակնկալում էր, թե այս խոչընդոտները կհաղթահարվեն դատարանի վճռով։ Ի դեպ, երբ Ռուբեն Ներսիսյանը հետաքրքրվեց, թե արդյոք դիմողներից մեկը՝ «Հնաբնակ երեւանցիների միության» ներկայացուցիչ Հռիփսիմե Բաբայանը, կո՞ղմ է, որ կնքվի հաշտության համաձայնագիր, վերջինս հայտարարեց. «Ինձ թվում է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ համաձայն կլինի, որ «Ա1+»-ը վերսկսի հեռարձակումը, քանի որ նա ասում էր, թե շատ է սիրում այդ հեռուստաընկերությունը»։ Երկու հեռուստաընկերություններն էլ շատ արագ կնքեցին հաշտության համաձայնագրեր հայցվորների հետ եւ ընդունեցին, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 29 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրենք 2002 թ. մայիսի 17-ից ունեն հեռուստահաղորդումներ հեռարձակելու իրավունք։ «Ա1+»-ը պարտավորվեց մինչեւ սեպտեմբերի 15-ը, իսկ «Նոյյան Տապանը»՝ հոկտեմբերի 1-ից սկսել հեռուստահաղորդումների հեռարձակումը։ Հաշտության համաձայնագիրը հաստատելու համար դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ… վերադարձավ շուրջ 3 ժամից։ «Սա թվացյալ հեշտ որոշում էր»,- խոստովանեց նա դատավարության մասնակիցներին՝ նշելով, թե գիտեր, որ այդ համաձայնագիրն իրականում ական է։ Ակնհայտորեն պրն Ներսիսյանը կատարյալ չէ որպես ականազերծող։ Քանզի այդքան երկար խորհրդակցություններից հետո ընդամենն այս որոշումն էր կայացրել, թե հաշտության համաձայնագիրը ենթակա չէ հաստատման, «քանի որ հակասում է օրենքին եւ այլ իրավական ակտերին՝ պատասխանողը համաձայնագրով ստանձնած պարտավորությունն ինքնակամ կատարել չի կարող, քանի որ հեռուստահաղորդումների հեռարձակման հնարավորությունը տրվում է օրենքով սահմանված հատուկ կարգով, որից ներկա պահին չի օգտվում պատասխանողը»։ Ուշադրություն դարձրեք, որ որեւէ որոշակի նշում չկա՝ ո՞ր օրենքին եւ իրավական ակտերին է հակասում այս համաձայնագիրը, ի՞նչ հատուկ կարգի մասին է խոսքը։ Այս հարցերը փորձեցին պարզաբանել նաեւ հայցվորները։ Սակայն, ինչպես եւ ավելի վաղ էր արել, Ռուբեն Ներսիսյանը հայտարարեց, թե դատարանին հարցեր տալու իրավունք չունեն. «Դիմեք իրավաբանական կոնսուլտացիա»։ Թեեւ գործին մասնակցող անձանց իրավունքները հայտնելիս՝ հենց ինքն էր կարդացել Քրեադատավարական օրենսգրքի 28 հոդվածի 4-րդ կետը, ըստ որի՝ կողմերն իրավունք ունեն «հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին»։ Բարդ հարցերին Ռուբեն Ներսիսյանը հրաժարվում էր պատասխանել, բայց, այսուհանդերձ, մի պահ պատասխանեց «Նոյյան Տապանի» ներկայացուցչի ինչ-որ հարցի։ Եվ Արտակ Զեյնալյանն անմիջապես արձանագրեց, որ դատավորը խտրական վերաբերմունք է ցուցաբերում դատավարության մասնակիցների նկատմամբ, եւ առարկություն հայտնեց նրա ապօրինի գրծողությունների դեմ։ Այս պահից ընդհատվեց դատական նիստը եւ կշարունակվի երկուշաբթի, ժամը 12-ին։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Երեկվա դատական նիստին ներկա էր ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի պատասխանատուներից մեկը։ Եվ նա էլ ականատես դարձավ, որ հակառակ իրենց հավաստիացումների՝ Հայաստանի իշխանությունները եւս մեկ անգամ մերժեցին «Ա1+»-ի ու «Նոյյան Տապանի» խնդրի կարգավորման հնարավորությունը։