Լրահոս
Օրվա լրահոսը

Ոճիր եւ պատիժ

Օգոստոս 31,2002 00:00

Ոճիր եւ պատիժ Նախագահ Քոչարյանի նախկին (՞) թիկնապահ Աղամալ Հարությունյանի (Կուկու) պայթեցված «Մերսեդեսի» մնացորդների մեջ հայտնաբերվել են պայթուցիչ սարքի հարվածային մեխանիզմի կտորներ։ Հիշեցնենք, որ այդ «Մերսեդեսը» նախագահի թիկնապահը ձեռք էր բերել այն օրերին, երբ նրա դեմ մեղադրանք էր հարուցված «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության (թեկուզ՝ անզգույշ) մեջ, որի համար Աղամալ Հարությունյանը նույնիսկ մեկ օր չնստեց ամբաստանյալին հատկացված տեղում եւ արժանացավ զուտ պայմանական ազատազրկման։ Օգոստոսի 20-ին բռնկվեց Աղամալ Հարությունյանի «Մերսեդեսը», եւ այրման ընթացքում լսվել էր պայթյուն։ Այժմ նախաքննական մարմինը հիմնականում քննում է պայթեցման վարկածը, քանզի փորձաքննությամբ մեքենայի մնացորդների մեջ, ճիշտ է, չհայտնաբերվեց պայթուցիկի որեւէ բեկոր, բայց, փոխարենը հայտնաբերվեցին հարվածային մեխանիզմի կտորներ։ «Մերսեդեսն»՝ ինքը ստացել էր բեկորային բազմաթիվ վնասվածքներ, բեկորներից ծակծկվել էին մետաղական մասերը։ Սակայն, կրկնում ենք, մինչ այժմ չի հայտնաբերվել որեւէ բեկոր։ Թեեւ Աջափնյակի Բաշինջաղյան 20 հասցեի, որտեղ բնակվում է Աղամալ Հարությունյանը, ամբողջ տարածքն ուսումնասիրվել է մանրակրկիտ ու բազմիցս։ Անգամ սպառազինությանը քաջածանոթ անձինք են տարակուսում, թե այդ ի՞նչ պայթուցիչ մեխանիզմ է եղել դրված, որը չի թողել որեւէ բեկոր։ Վերլուծությամբ ենթադրվում է, թե գործողությունների ծրագրված ընթացքը եղել է այսպիսին՝ Աղամալ Հարությունյանը պետք է շարժվեր մեքենայով, եւ այդ ժամանակ պիտի բռնկվեր այն։ Ըստ ամենայնի, ուղղակի պայթյունը տեղի է ունեցել ժամանակից շուտ։ Ուստի, սա ավելի շուտ մահափորձ է, քան գույքը վնասելու դիտավորություն։ Սեպտեմբերին կլրանա Պողոս Պողոսյանի սպանության տարելիցը։ Ու թերեւս պատահական չէ, որ պայթյունը կազմակերպված է եղել այս ժամանակահատվածում։ Գուցե նաեւ բացառված չէ, որ դրդապատճառները կարող են այլ լինել, եթե հաշվի առնենք, որ նախագահի թիկնապահներն այժմ էլ են միջամտում առեւտրային տարբեր գործարքների։ Սակայն այն գործիչների համար, ովքեր այս ընթացքում հետեւել են Պողոս Պողոսյանի սպանության գործի՝ ֆարսի վերածված դատավարությանը, ակնհայտ է, որ սա ուղղակի վրիժառության գործողություն է։ «Տղանե՛ր, այսպես հարցեր չեն լուծում,- մահվանից առաջ Կարեն Դեմիրճյանի ասած խոսքերը կրկնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։- Ես՝ որպես քաղաքացի եւ քաղաքական գործիչ, խիստ դատապարտում եմ կատարվածը. չի կարելի հաշվեհարդար տեսնել։ Որքան էլ Աղամալ Հարությունյանն ունենա իր մեղքի բաժինը, բայց այն պիտի որոշվի արդար դատարանի արդար դատավճռով։ Բացի այդ՝ միայն Աղամալ Հարությունյանը չէ, որ մեղավոր էր Պողոս Պողոսյանի սպանության մեջ։ Կան նաեւ այլ մեղավորներ. Պողոս Պողոսյանի նկատմամբ հաշվեհարդարն իրականացրել էին 6-7 հոգով։ Եվ բացի դրանից՝ կա նաեւ դրդիչը, կոնկրետ հանձնարարական տվողը։ Բայց միա՛յն արդար դատավճռով պետք է լուծվեր հարցը եւ ոչ թե պայթյունով»։ Սակայն եթե սա իրոք պայթեցում է եւ մահափորձ՝ հարկ է արձանագրել առավել կարեւոր մի երեւույթ, որի վտանգի մասին՝ պատվիրված եւ անարդար դատավճիռների առկայության պայմաններում, բազմիցս էին զգուշացնում վերլուծաբանները։ Եվ նույնը հիշեցրեց Արտակ Զեյնալյանը. «Սա ահազանգ է, որ մեր քաղաքացիներն այլեւս ընդհանրապես չեն վստահում Հայաստանի արդարադատության համակարգին։ Աղամալ Հարությունյանի մեքենայի պայթյունը եզակի դեպք չէ։ Սրանից առաջ էլ են եղել հաշիվները սեփական ուժերով պարզելու փորձեր, հաշվեհարդարներ, որոնց անդրադարձել է մամուլը։ Սա նշանակում է, որ մենք ուղղակի չունենք արդարադատության համակարգ, եւ մարդիկ արդար դատաստան տեսնում են սեփական ուժերով։ Պետք է այս ահազանգից լուրջ հետեւություններ անեն արդարադատության համակարգի պատասխանատուները»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել