Վերաքննիչը «ինադ» է ընկել Շենգավիթ համայնքի Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների վետերանները վիճարկում էին իրենց համայնքի տարածքային կազմակերպության նախագահ Սմբատ Գեւորգյանի ընտրությունը եւ խնդրել էին դատարանից անվավեր ճանաչել ընտրությունները։ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը բավարարել էր վետերանների հայցը։ Վերաքննիչ դատարանն էլ իր հուլիսի 7-ի վճռով գործի վարույթը կարճել էր։ Մենք անդրադարձել էինք Աստղիկ Խառատյանի նախագահությամբ ընթացած դատական նիստին, երբ գործի վարույթը ապօրինի կարճվեց մի հիմար պատճառաբանությամբ՝ «վեճը ենթակա չէ դատարանի քննությանը»։ Վերաքննիչ տրոյկան, չգիտես ինչու, իրեն իրավունք էր վերապահել վիճարկել քաղաքացիների դատական պաշտպանության իրավունքը՝ մոռանալով, որ իր խնդիրը վիճարկելը չէ, այլ՝ ապացուցելն ու գնահատելը։ Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը (Ա. Մկրտումյան, Օ. Հովհաննիսյան, Հ. Գեւորգյան, Ս. Գյուրջյան, Վ. Աբելյան կազմով) քննության արդյունքում գտավ, որ վերաքննիչ դատարանը գործի վարույթը կարճել է օրենքի սխալ մեկնաբանման արդյունքում. «քանի որ միության գործունեությունն օրինականության, իրավահավասարության, հրապարակայնության եւ ինքնակառավարման սկզբունքներով իրականացնելը որեւէ կապ չունի Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունքների հետ»։ Վճռաբեկը հետեւաբար բեկանեց վերաքննիչի վճիռը, գործն ուղարկելով նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։ Չի բացառվում, որ վերաքննիչի հաջորդ տրոյկան «քցի-բռնի» ու որոշի, որ «վեճը ենթակա չէ դատարանի քննությանը»։ Թասիբի հարց է եւ մասնագիտական յուրօրինակ համերաշխության։ Ա՛յ, այստեղ մենք իրավաբանական փակուղու առաջ հաստատ կկանգնենք։ Մեր տեղեկություններով, նիստը նշանակված է սեպտեմբերի 13-ին։ 80-ն անց վետերաններին սպասվում է նոր փորձություն. հերթական սպասման։ Ռ. Մ.