Լրահոս
Օրվա լրահոսը

US OPEN-Ը ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ

Օգոստոս 30,2002 00:00

US OPEN-Ը ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ Նյու Յորքում մեկնարկած թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը, որը մտնում է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մեջ, աստիճանաբար թափ է վերցնում։ Մասնակիցների մեծ մասն արդեն ոչ միայն անցել է առաջին շրջանը, այլեւ հասցրել հանդես գալ երկրորդ փուլում։ «Ֆլաշինգ Միդոու» թենիսի կենտրոնում ընթացող պայքարից հայ մարզասերներին հետաքրքրում են տղամարդկանց եւ կանանց մենախաղերը, որոնցում հանդես են գալիս հայ մարզիկներ։ Ամերիկացի մեր հայրենակից Անդրե Աղասիի մեկնարկում տարած հաղթանակի մասին արդեն տեղեկացրել ենք։ Վիճակահանության քմահաճույքով առաջին շրջանում միմյանց դեմ ելան Հայաստանի դրոշի պատիվը պաշտպանող Սարգիս Սարգսյանը եւ արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը։ Վերջինն, ինչպես հայտնի է, արդեն մեկ տարի է, ինչ աշխարհի ամենաներկայացուցչական մրցաշարերում անչափ հաջող է հանդես գալիս ու հիմա ATP-ի դասակարգման վարկանիշային ցուցակում 14-րդն է։ Սակայն Սարգիսը, որը նույնպես միջազգային մրցաշարերի հարուստ փորձ ունի, բայց երբեք նույն սանդղակում այդքան վեր չի բարձրացել, իր հայրենակցի հետ պայքարն անցկացրեց վերելքով ու 6։1, 6։4, 6։4 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ։ Ավաղ, կանանց մենախաղերում մեկնարկն անհաջող եղավ Մարի-Գայանե Միքայելյանի (Շվեյցարիա) համար։ Նա 6։7 (1։7), 4։6 հաշվով զիջեց Աննա Սմաշնովային (Իսրայել) եւ դուրս մնաց հետագա մրցակցությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել