Ո՞ւր է մեր Քենեդին Որքան էլ մեր նախագահն իր ազգին «զարմացնում» է ջրային ու ցամաքային սպորտաձեւերի իմացությամբ, դպրոցում ֆիզկուլտուրայի դասերից նա կամ փախել է, կամ էլ հարկավոր ուշադրության չի արժանացրել դրանք։ Թե չէ մինչ այժմ գոնե մի անգամ հետաքրքրված կլիներ, թե ինչ մակարդակի վրա են ֆիզդաստիարակության դասերը հանրակրթական դպրոցներում։ Էլի՞ նախագահը… Իսկ ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ բանակի գերագույն հրամանատարը, նույն ինքը՝ երկրի նախագահը պետք է մտածի այն մասին, որ մեր զորակոչիկների 90%-ն իր ֆիզիկական պատրաստվածությամբ չի համապատասխանում պահանջվող չափանիշներին, քանի որ հանրակրթական դպրոցների հիմնական մասը չունի ֆիզկուլտուրայի դասերի անցկացման համար գույք, ջեռուցվող սրահներ, մեթոդական ուղեցույցներ եւ, վերջապես, պակասում են ուսուցիչները։ Նրանց միջին տարիքն անցնում է 50-ից։ «Իսկ երբ ժամանակին Ջոն Քենեդուն տեղեկացրին, որ զորակոչիկների 30%-ը չունի անհրաժեշտ ֆիզպատրաստվածություն, ԱՄՆ պրեզիդենտն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրեց այդ խնդրի վրա»,- պատմությունից ցիտեց սույն թեմայով երեկ կազմակերպված կլոր սեղանի մասնակից, Ստ. Զորյանի անվան դպրոցի ուսուցիչ Լ. Մակարյանը։ Իսկ իրենք բազմիցս դիմել են ԿԳ փոխնախարար Ա. Թոփուզյանին, եւ անօգուտ։ Թերեւս ճիշտ էր դիմել միանգամից երկրի նախագահին՝ Քենեդուց ինչո՞վ է պակաս։ Իսկ կլոր սեղանի շուրջ հնչող ելույթներն այս հարցում խիստ «կլոր» էին։ Այսինքն, ինչպես միշտ, դպրոցի տնօրեններն անհույս ու ալարկոտ բողոքներ ներկայացրին պետական այրերի անուշադրությունից, իսկ պետական այրերը (ԿԳ նախարարություն, քաղաքապետարանի կրթության վարչություն) նույն ձայնային ելեւէջներով հակադրվեցին, թե «ծրագրեր ենք մշակել, առաջարկություններ արել, հո անգործ նստած չե՞նք»։ Վերջում բոլոր մասնակիցներն էլ միահամուռ որոշեցին, որ այսպես խոսելով ոչինչ չի փոխվելու, որ «իրար հետեւից եկող-գնացող իշխանավորները, տեղը եկած ժամանակ, գլուխ են գովում իրենց սպորտային փայլուն անցյալով։ Բայց երբ ինչ-որ բան պետք է անել, աչքը շինելու տեղ՝ հոնքն էլ են քանդում»։ Ինչ վերաբերում է կլոր սեղանի կազմակերպիչ «Արմեն-Ակոբ» հեռուստաընկերության մարզային ծրագրերի ղեկավար Լեւոն Անանիկյանին, ապա, ակներեւաբար, նրա նպատակը մեկն էր՝ նկարահանել իր հերթական հաղորդումը, ինչը եւ արեց։ «Մասսովկան» ապահովելու համար կանչել էր լրագրողներին, որոնցից ոչ մեկը չդիմացավ մինչեւ «հաղորդման ավարտը»։ Միակ հարցը, որ այդպես էլ մութ մնաց, մեկն էր՝ ի՞նչ իմաստ ուներ այս տխուր ու գորշ քննարկումը, մանավանդ որ, բարեփոխումների հնարավորություն էլ՝ չիք։ Ուրեմն ի՞նչ, եկել էին ասելու, որ «մեր վրա հույս չդնե՞ք»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ