Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԲԵՄԸ

Օգոստոս 30,2002 00:00

ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԲԵՄԸ «Խորհրդային ժամանակներում արվեստագետները գնահատվում էին, բարձրության վրա էին։ Հիմա փոխվել են ժամանակները։ Այսօր դերասանները կարծես մենք չենք, այլ դեպուտատները։ Հիմա նրանց են ճանաչում ու հիշում, որովհետեւ նրանք են թատրոն խաղում»,- ասում է Ժենյա Ավետիսյան-Յուրի Ամիրյան զույգը։ Իսկ ընդհանրապես նրանք Սունդուկյան թատրոնի ամենազբաղված դերասաններից են, բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք միշտ ասպարեզում են եղել։ Դա, Ժ. Ավետիսյանի կարծիքով, չպետք է զարմացնի որեւէ մեկին, քանի որ, ի տարբերություն մյուս արվեստագետների (որոնք մութ ու ցուրտ տարիներին հեռացան Հայաստանից), իրենք ձեռքները ծալած չեն նստել, հանդես են եկել հրաշալի ծրագրերով, ելույթներ ունեցել թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Յուրի Ամիրյանը եւս բնական է համարում իրենց նկատվելը. «Եթե դերասանը կամ դերասանուհին իրենից ինչ-որ բան է ներկայացնում, ուրեմն, բնականաբար, նա պիտի աչքի առաջ լինի՝ նկատվի ե՛ւ ռեժիսորի, ե՛ւ թատրոնի, ե՛ւ կինոստուդիայի կողմից»։ Նա, սակայն, ցավում է վերջին անպտուղ տասը տարիների համար, որոնք կարող էին ավելի բեղուն լինել։ Նախկինում թատրոնները տարեկան 4-5 բեմադրություն էին պատրաստում, կային հնարավորություններ, պայմաններ, իսկ իրենց թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանը այժմ չի կարողանում անգամ մեկ ներկայացման գումար պոկել նախարարությունից։ «Այս տարիների ընթացքում մենք ամեն ինչի սովորել ենք,- ասում է դերասանը։- Նույնիսկ սովորել ենք մեր երկրում հանցագործությունը ներել։ Հիմա էլ փողի ու աթոռի կռիվ է ու մեկ էլ 60-70 տոկոսով աղքատության մեջ ապրող ժողովուրդ։ Իսկ հեռուստատեսությամբ մի տեսեք ի՜նչ գույներով ու թվերով են ներկայացնում կառավարության իրականացրած ծրագրերը։ Հոգնեցինք ասելով, որ ամեն ինչ միայն շքեղ սրճարաններով ու ռեստորաններով չի որոշվում, եւ առանց մշակույթի ազգ չի լինում։ Վերջապես մեր ղեկավարները ե՞րբ պետք է հասկանան սա»։ Նա նույնիսկ կատակեց, որ մշակութային արժեքներն այնքան ոտնահարված են Հայաստանում, որ, օրինակ, ցանկացած փողատեր կարող է անգամ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին համոզել ու Թումանյանի եւ Սպենդիարյանի արձանների գլխին փափախ դնել։ Հետո էլ համոզել, որ իբր դրանք ժամանակին սխալ են կերտվել։ Յուրի Ամիրյանն ու Ժենյա Ավետիսյանը գտնում են, որ ճիշտ չէր թատրոնների միաժամանակյա վերանորոգումը։ Այդ կերպ դերասաններին դատապարտել են մշակութային անգործության, երկամյա պարապուրդի։ Ըստ Ամիրյանի, դա նույնիսկ նպատակ ունի՝ ընտրությունների նախօրեին արվեստագետներին զրկել ամբիոններից։ Այժմ չկան ֆինանսներ, որպեսզի բեմադրվի Ժորա Հարությունյանի «Պարոն Շմոն եւ ուրիշները» պիեսը (փոխարենը, միջոցներ գտնվել են մշակույթի նախարարի պիեսի բեմադրման համար- Գ. Հ.)։ Իսկ եթե, այնուամենայնիվ, գտնվեն, ապա հայտնի չէ, թե որտեղ են խաղալու։ Դրան գումարած նաեւ այն, որ արդեն վեցերորդ ամիսն է՝ դերասանները աշխատավարձ չեն ստացել։ Ամուսինների վկայությամբ, նրանցից շատերը երթուղային տաքսու գումար չունեն, որպեսզի կարողանան մասնակցել փորձերին։ Յու. Ամիրյանը մեղադրում է ի պաշտոնե պատասխանատուներին՝ Հայաստանի մշակութային շրջափակման համար. «Իսկ Դեմիրճյանը ո՞նց էր մշակույթին ուշադրություն դարձնում։ Ի՜նչ ինտելեկտ, զգացողություն ուներ։ Հասկանում էր, որ միայն մշակույթով կարող ես համաշխարհային հանրությանը ներկայանալ։ Այ սա է, որ շատ խոր պիտի նստի մեր կառավարական գլուխներում։ Թե չէ քաղաքականն այնքան է գերիշխում, որ մշակույթի մասին մոռացել են։ Փոխարենը գզվռտվում են։ Միլիոնատեր կոչեցյալները ափսոսում են որեւէ ներկայացում կամ ֆիլմ հովանավորել, փոխարենը սիրում են լավ թատրոն նայել»։ Ժենյա Ավետիսյանը եւ Յուրի Ամիրյանը մտահոգ են նաեւ ֆիլմերի անորակ կրկնօրինակումներով։ Նրանց կարծիքով, այսօր չնչին կոպեկներով ոմանք «տնավարի դուբլյաժ են անում», կենցաղային մակարդակի բառապաշարով «կրթում» երիտասարդությանը, որն առանց այն էլ քիչ է կարդում։ Բայց, չնայած հիասթափությանը, դերասանական այս զույգը դարձյալ բազմաթիվ ծրագրեր ունի, հնարավոր է համարում ելույթները հայկական գաղթօջախներում։ Նրանք մտադիր չեն երբեւէ «բախտի շալակը թռչել» որոշ արվեստագետների նման, պատրաստ են Աստծո տված շնորհը ծառայեցնել ի նպաստ սիրելի ժողովրդի։ Ցավում են միայն, որ լավատեսությունը գնալով հնանում է եւ արդեն լաթերի մեջ է։ Սակայն հույս ունեն, որ մի օր թունելի վերջում գոնե փոքրիկ կայծ կերեւա։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել