Լրահոս
Օրվա լրահոսը

Ներգաղթը դպրոցներ՝ ավելացել է

Օգոստոս 30,2002 00:00

Ներգաղթը դպրոցներ՝ ավելացել է Այս տարի առաջին դասարանցիների թվի աճ չի գրանցվել, սակայն պետք չէ հիվանդագին ընդունել այս փաստը, մանավանդ որ հիմնավոր պատճառներ կան դրա համար: Նախ բնականորեն ամեն տարի ծնելիությունը չի կարող նույնը լինել, չի կարող բնակչության թվի աճ կամ նվազում նկատվել ամեն տարի հավասարապես, սա՝ ամբողջ աշխարհում: Իսկ մեզ մոտ հատկապես այս տարի մենք աճ ունենալ չէինք կարող, որովհետեւ անցյալ տարի 6,5 տարեկանների ընդունելություն սահմանվեց, եւ ստացվեց, որ այս տարվա համար նախատեսված կազմը դպրոց գնաց անցյալ տարի: Այս իմաստով քաղաքապետարանի Կրթության վարչության պետի տեղակալ Ս. Աչոյանը ներկայիս վիճակը գոհացուցիչ է համարում: Եթե անցյալ տարի ունեինք մոտ 14500 առաջին դասարանցի, այս տարի այդ թիվը մոտ 2000-ով պակաս է: Առաջին հայացքից մեծ թիվ է, սակայն եթե մայրաքաղաքի 194 դպրոցներից յուրաքանչյուրում 2 երեխա էլ պակաս լինի, դրան էլ ավելացնենք բազմաթիվ մասնավոր դպրոց ընդունվածները, այդ թիվը կլրանա: Չնայած սրան, մի հանգամանք կա. դասարանները կոմպլեկտավորելիս նախատեսված է 30 աշակերտի դեպքում 1 դասարան ունենալ, 30-ից ավելի աշակերտի դեպքում նոր հնարավոր է կիսել, 91-ից ավելին ունենալու դեպքում՝ կարելի է 4-րդը ունենալ եւ այլն: Սա վնաս է բերում այն առումով, որ դասվարները զրկվում են աշխատանքից, թեպետ խորազգաց տնօրենները միջոցներ են մշակում ուսուցիչներին աշխատանքով ապահովելու համար. ասենք, մի տարրական դասարանին հատկացնում են 2 դասվար՝ երկրորդին տալով աշխատանքի ուսուցման կամ մաթեմատիկայի դասերը՝ կախված մասնագիտական ունակություններից: Ի դեպ, նախորդ տարում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ 6,5 տարեկանների ֆիզիկական եւ մտավոր ունակությունները չեն զիջում 7 կամ 7,5 տարեկանների ունակություններին: Եթե առաջին կիսամյակում փոքրիկները մի քիչ հետ են մնացել, երկրորդ կիսամյակում նրանք կարողացել են լրացնել բացերը: Եվ, ի վերջո, ամեն ինչ կախված է նաեւ երեխայի անհատականությունից. պատահում է, որ 7,5 տարեկան երեխան ավելի մանկական է կամ կարգապահական իմաստով ավելի վատ է պահում իրեն, քան 6,5 տարեկանը: Այս առիթով զրուցեցինք Երեւանի Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցի տնօրեն Վ. Սարգսյանի հետ: Հիշյալ դպրոցում անցյալ տարի ուսումնասիրություն է կատարվել, եւ արդեն 2-րդ կիսամյակում 6,5 տարեկանները դրական արդյունք են ապահովել: Այս տարի դպրոցի այս փոքրիկները կազմում են ընդհանուր առաջին դասարանցիների թվի 25 տոկոսը, իսկ առաջին դասարանների թիվը, անցյալ տարվա համեմատ, 1-ով ավելացել է: Ի դեպ, տնօրենը նշեց, որ իրենց մոտ անցյալ տարի էր մի դասվար անգործ մնացել, եւ նրան հատկացվել էին կերպարվեստի եւ աշխատանքի ուսուցման ժամեր: Ինչ վերաբերում է վեցօրյա ուսումնական շաբաթի անցնելուն, տիկին Աչոյանը նախ նշեց, որ այդ հարցում խիստ առարկություն չի եղել, ընդհակառակը, ավագ սերնդի ուսուցիչները գուցե իներցիայով, սովոր են աշխատել 6-օրյա շաբաթով: «Ես չգիտեմ, թե ինչ ֆինանսական հարցեր կարող են տուժել սրա պատճառով, բայց ես մի բան գիտեմ. միջին դասարանի երեխան չի կարող օրական դասարանում նստել 6-7 ժամ, որքան էլ սիրի դպրոցը, տարրական դասարանի երեխան չի կարող նստել 5 ժամ: Սա խղճի դեմ բան է: Եվ 2 օր իրար հետեւից հանգստանալը երեխային «չի փրկում», սա մանկավարժորեն ընդունելի չէ»: Չանտեսենք, որ շրջաններում ապրող ուսուցիչը կարիք ունի մեկ օր ավելի զբաղվելու գյուղատնտեսական իր գործերով, բայց նրանք փաստորեն փոքրաթիվ են՝ 10-15 տոկոս, եւ նրանց կարծիքը, թող ներվի ասել, որոշիչ լինել չի կարող, մանավանդ որ, ամեն ինչ պետք է հարմարեցվի աշակերտին: Այս առնչությամբ մի քանի դպրոցներում (Չեխովի անվ. թիվ 25, Շիրվանզադեի անվ. թիվ 21, թիվ 122) արված հարցումների արդյունքում էլ պարզեցինք, որ ուսուցիչներն առավելապես կողմ են 6-օրյա ուսուցման համակարգին: Ի դեպ, անհասկանալի պատճառներով, դեռ զրույցը չսկսած, Երեւանի Մռավյանի անվ. թիվ 25 դպրոցի տնօրենը խուսափում էր հարցերից, միայն հասկացանք, որ առանձնապես դեմ չէ վեցօրյակին: Կրթության վարչությունը թեպետ ստույգ թիվ չի նշում, սակայն ԿԳՆ-ից տեղեկատվություն ունի, որ այս տարի ավելի շատ ներգաղթել են դպրոց, քան արտագաղթել այնտեղից: Ասել է թե՝ այս տարի շատ են արտասահմանից, առավելապես Ռուսաստանից, ներգաղթած մեր հայրենակիցները: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել