Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են գնում Թուֆենկյանի ոչխարները

Օգոստոս 30,2002 00:00

Ո՞ւր են գնում Թուֆենկյանի ոչխարները Կրասնոսելսկի անասնաբուժական սպասարկման կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզի նոր օջախներ են հայտնաբերվել Ճամբարակի տարածաշրջանում։ Կայանի տվյալներով, օրերս Շորժա համայնքում հետազոտվել է 232 գլուխ մանր եղջերավոր կենդանի, որից 17-ը վարակված է եղել բրուցելոզով։ Տնօրենի հավաստմամբ, հիվանդ անասնագլխաքանակը, կայանի անասնաբույժի ներկայությամբ ենթարկվել է հարկադիր մորթի։ Ի դեպ, հիշյալ անասնագլխաքանակը Շորժայի ֆերմերներին է հատկացրել Թուֆենկյան հիմնադրամը՝ բրդի արտադրության նպատակով։ Համաձայն կնքված պայմանագրերի, շահառու ֆերմերները, ովքեր ներգրավված են այդ գործում, 5 տարվա ընթացքում պետք է վերադարձնեն իրենց հատկացված անասնագլխաքանակը։ Մեր հարցումներից պարզվեց, որ Թուֆենկյան հիմնադրամն այդ գլխաքանակը ձեռք է բերել առանց կենդանիների առողջական վիճակի մասին անասնաբուժական փաստաթղթերի առկայության։ Իսկ մարզից մարզ տեղափոխումը կատարել է դեռեւս անցյալ տարի աշնանը՝ դարձյալ առանց անասնաբուժական փաստաթղթերի։ Նույնիսկ Կրասնոսելսկի անասնաբուժական կայանին տեղյակ չի պահվել համայնքներ բերված մեծ քանակությամբ մանր եղջերավոր կենդանիների մասին, իսկ դրանց հետազոտումը ուղղակի ավելորդ է համարվել։ Այդ են փաստում մի շարք համայնքներում կայանի անասնաբույժների անհաջող փորձերը՝ կենդանիների տարբեր հիվանդությունների (եւ հատկապես բրուցելոզի) նկատմամբ ախտորոշիչ ստուգումներ կատարելու ուղղությամբ։ Կենդանիների առողջական վիճակի մասին ֆերմերները սկսեցին մտահոգվել միայն այս տարվա փետրվարին, երբ սկսվեցին հղի կենդանիների զանգվածային վիժումները։ Եվ միայն վերջերս տեղի անասնաբուժական կայանի ախտորոշիչ ստուգումներից հետո հաստատվեց նրանց կասկածը ոչխարների՝ բրուցելոզով վարակված լինելու վերաբերյալ։ Օրինակ, Շորժայի ֆերմերները տեղեկացրին, որ արտադրված կաթից պանիր են պատրաստել եւ իբրեւ թե առայժմ պահում են աղաջրի մեջ։ Ինչ վերաբերում է մնացած գլխաքանակին, որը տվյալ պարագայում հանդիսանում է պայմանական առողջ կամ պոտենցիալ հիվանդ, համաձայն Անասնաբուժական օրենսգրքի եւ հիվանդության նկատմամբ գործող հրահանգի, պետք է ամբողջապես ոչնչացվի։ Իսկ թե ինչպես հիմնադրամը կկարգավորի իր պայմանագրային պարտավորությունների հարցը ֆերմերների հետ, իր խնդիրն է։ Գեղարքունիքի մարզի անասնաբուժական համակարգող Պարգեւ Սահակյանը նշեց, որ համաձայն հրահանգի, անասնագլխաքանակն ամբողջությամբ պետք է վերացվի։ Արտանիշում նույն հիմնադրամի հատկացրած մանր եղջերավոր կենդանիներից հետազոտվել է 372 գլուխ, որից 14-ը վարակված է եղել բրուցելոզով։ Ալեքսան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ֆերմերները խոստացել են «ոչնչացնել» նշված գլխաքանակը։ Մինչդեռ, համաձայն անասնաբուժության պահանջների, հիվանդ անասնագլխաքանակի խոտանումը անպայման պետք է կատարվի անասնաբուժական կայանի անասնաբույժի մասնակցությամբ։ Այլապես, խոստումներ տալը քիչ է։ Ըստ անասնաբուժական կայանի տնօրենի, իրավիճակը հատկապես մտահոգիչ է Ջիլում եւ Դրախտիկում, որտեղ մանր եղջերավորների հետազոտումը բրուցելոզի նկատմամբ կատարել է ոչ թե Ճամբարակի անասնաբուժական կայանը, այլ դեռեւս անհայտ է, թե ով (այդպես են կամեցել Թուֆենկյանի ներկայացուցիչները)։ Կենդանիներից հետազոտման նպատակով վերցված արյունը տարվել է անհայտ ուղղությամբ, ոչ հետազոտողի տվյալները եւ ոչ էլ հետազոտությունների արդյունքները մինչեւ օրս չեն հաղորդվել Կրասնոսելսկի անասնաբուժական կայան։ Ինչպես նշեց Ալեքսան Հովհաննիսյանը, Ճամբարակի տարածքից միսը Երեւան եւ հանրապետության այլ մարզեր են տեղափոխվում առանց տեղի անասնաբույժից տվյալ մսեղիքի առողջական վիճակի վերաբերյալ անասնաբուժական 2-րդ ձեւ վերցնելու։ Այսինքն, միսը հասցվում է վաճառակետ եւ տեղի անասնաբույժը աչքի զննումով որոշում է կայացնում տվյալ մսի առողջական վիճակի մասին։ Ի դեպ, ոչ աչքի զննումով եւ ոչ էլ անգամ միկրոսկոպով մի քանի րոպեի ընթացքում հնարավոր չէ հայտնաբերել՝ տվյալ միսը բրուցելոզով վարակվա՞ծ է, թե՞ ոչ։ Նշենք, որ մարդու համար ամենավտանգավոր եւ հիվանդության ծանրագույն տեսակը ոչխարի բրուցելոզն է։ Այն, որ Թուֆենկյան հիմնադրամը դրվատանքի արժանի ձեռնարկում է սկսել Գեղարքունիքի մարզում՝ նպաստելով թե մանր եղջերավոր կենդանիների բուծմանն ու բրդի արտադրության ավելացմանը եւ թե աշխատատեղերի ստեղծմանը՝ անառարկելի է։ Բայց մի՞թե դա հնարավոր չէր կազմակերպել՝ առանց շրջանցելու անասնաբուժության մասին հրահանգի պահանջները։ Ո՞վ կարող է պատասխան տալ, թե ո՞ւր են գնում Թուֆենկյանի բրուցելոզով վարակված ոչխարները, եթե այդ մասին տեղյակ չէ անգամ Կրասնոսելսկի անասնաբուժական կայանը։ Ո՞վ է իրականացնում հսկողությունը, որպեսզի բրուցելոզով վարակված կաթից պատրաստված պանիրը շուկա չհանվի, կա՞ մեկը, որը տեղյակ է այդ արտադրանքի մասին։ Ի դեպ, Շորժայում տեղեկացանք, որ էլեկտրաէներգիայի պարտքի դիմաց ֆերմերները ոչխար են տվել։ Եվ, ի վերջո, այստեղ պայմանագրային պարտավորություններ, ֆերմեր ու Թուֆենկյան հիմնադրամ փոխհարաբերություն ու ընդհանուր շահեր կան, որը նույնպես մտորելու տեղիք է տալիս։ Չպետք է թույլ տալ, որ այդ շահերի բախումը կասեցնելու զոհը մարդկանց առողջությունը դառնա։ ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ Հ. Գ. Հոդվածում բարձրացված հարցերին հրաժարվեց պատասխանել Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտ Հովհաննիսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել