Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄՈՐԴԻ «ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՄՏՑՎՈՒՄ

Օգոստոս 30,2002 00:00

ԴԻՄՈՐԴԻ «ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՄՏՑՎՈՒՄ Այսուհետեւ ՀՀ քաղաքացի այն տղաները, ում մտքով կանցնի արտասահմանյան ուսումնական հաստատություններում կրթություն ստանալ առանց միջպետական կամ միջբուհական պայմանագրերի, իրենց ուսման, արտասահմանում ապրելու ծախսին պետք է գումարեն եւս 15 հազար դոլար։ Սույն 15 հազար դոլարը ապագա ուսանողից պահանջելով, մեր պետությունն ուզում է հավաստիանալ, որ ՀՀ քաղաքացին ուսումն ավարտելուց հետո հանուն իր 15 հազար դոլարի հետ կգա եւ կծառայի հայկական բանակում։ Ընդհանրապես, կառավարությունն է զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տալիս, որն էլ պոտենցիալ զինվոր չկորցնելու նպատակով ապագա ուսանողի «նախահաշվում» նման փոփոխություն է պարտադրում։ Մյուս դեպքերում (միջպետական եւ միջբուհական պայմանագրերի առկայության դեպքում) պետք է ենթադրել, կրթություն ստացած եւ զորակոչի ենթակա երիտասարդի վերադարձն ապահովված է։ Կառավարությունն իր երեկվա նիստում այս կապակցությամբ կարգ է մշակել՝ աչքի տակ ունենալով այն տասնյակ դեպքերը, երբ երիտասարդներն ուսումն ավարտելուց հետո հայրենիք չեն վերադարձել, որոնց առիթով քրեական գործեր են հարուցվել։ Հետաքրքիր է ընտրված, սակայն, գրավի չափը։ Փաստորեն, եթե մեր պետությունը արտասահմանյան բուհում առանց միջպետական ու միջբուհական պայմանագրերի սովորելու հավակնություն ունեցող յուրաքանչյուր երիտասարդի դիտարկում է որպես զինծառայությունից պոտենցիալ խուսափողի, ապա մտադիր է մխիթարվել գոնե 15.000 դոլարով։ Ընդ որում, խոսքը արտասահմանյան հեղինակավոր բուհի մասին է։ Այսինքն, եթե անշնորհք երիտասարդը մտադիր է «դասալքել», ապա կառավարության որոշման տրամաբանությամբ, նոր կարգը գործելու պարագայում, ձեռնպահ կմնա իր այդ որոշումից։ Տրամաբանական է, որովհետեւ, ըստ ասեկոսեների, Հայաստանում բանակից ազատվելու «գինը» հիմա 7-9 հազար դոլար է։ Մյուս կողմից, եթե երիտասարդը լրացուցիչ գումար չունի, ուրեմն «Օքսֆորդում», «Քեմբրիջում» ու «Սորբոնում» չպիտի՞ կրթություն ստանա (նրանց մի մասը գործարարների, զանազան ֆիրմաների ֆինանսավորմամբ են մեկնում կրթություն ստանալու)։ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի պարզաբանմամբ, 15.000 դոլարի փոխարեն ապագա ուսանողը (կամ նրա ծնողները) կարող է նույն արժողության գրավ թողնել։ Սրանից հարցերն ավելի են շատանում, որոնք նախարարի բնութագրմամբ, «տեխնիկական» են. անշարժ գույքն իր արժեքից, ասենք, կրկնակի, եռակի ցածր գնո՞վ է ընդունվելու, ինչպես բանկերում։ Կամ հանրահայտ է, որ մեր երկրի բնակչության գերակշիռ մեծամասնության անշարժ գույքը սեփական բնակարանն է, որը 15000-ից առնվազն երկու անգամ քիչ արժե։ Քիչ կարեւոր չէ մեկ այլ հարց եւս, ուսանողի ծնողը, որի հիմնական անշարժ գույքն արդեն գրավադրված կլինի որպես որդու բանակ գնալու երաշխիք, էլ չի կարող, չէ՞, սույն անշարժ գույքը բանկում գրավ դնել, վարկ վերցնել, գործ սկսել որդու ուսման ծախսերը հոգալու կամ ուրիշ նպատակով։ Լեւոն Մկրտչյանի պարզաբանմամբ, նախ հովանավորների միջոցներով արտասահման ուսման մեկնողները, որպես կանոն, մեկնում են միջպետական պայմանագրերով (ընդունենք, որ ոչ բոլոր դեպքերում- Ա. Ու.)։ Երկրորդ, «հաշվի առնելով, որ ուսումն արտասահմանում է եւ վճարովի է, տարեկան վճարը նվազագույնը 10-15 հազար դոլար է եւ եթե հաշվի առնենք, թե քաղաքացին ինչ ծախսի տակ է ընկնում, ուրեմն դժվար է պատկերացնել, որ տվյալ քաղաքացին ընդամենը 15 հազար դոլարանոց գույք չի ունենա»։ Կառավարությունն իր երեկվա նիստում 135 պահուստային տեղ է հաստատել, որով, ըստ ԿԳ նախարարի, կհատկացվեն հաշմանդամներին, զոհված ազատամարտիկների երեխաներին եւ մեդալակիրներին։ Այս տարի զոհված ազատամարտիկների թիվը 2 անգամ ավելի է եղել, քան նախատեսել են նախարարության մասնագետները (80 հոգի)։ Փաստորեն, ըստ Լ. Մկրտչյանի, պետք է նկատի ունենալ, որ մի շրջան է եկել, որ զոհված ազատամարտիկների երեխաները հասել են բուհերում ուսման տարիքի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել