Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

Օգոստոս 30,2002 00:00

ԿԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Հայաստանի ընդդիմադիր դաշտը կարծես որոշել է վերջնականապես խելքը գլուխը հավաքել եւ հանդես գալ հերթական միասնական հայտարարությամբ։ Այս անգամ բազմաթիվ քաղաքական ուժեր հայտարարություն կանեն միավորում ստեղծելու մասին։ Միավորմանը կարող են միանալ նաեւ այլ քաղաքական ուժեր, բացի այն կուսակցություններից, որոնք նախաձեռնության հեղինակներն են։ Իսկ դրանք քիչ չեն. «Սոցիալիստական Հայաստան» միավորումը՝ իր մեջ մտնող բազմաթիվ մեծ ու միջին կուսակցություններով եւ քաղաքական ուժերով, ՀԿԿ-ն, ՀԺԿ-ն, ԱԺԿ-ն, «Հանրապետությունը», «Ազգային միաբանությունը», ՍԻՄ-ը, ԱԺՄ-ն, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը։ ԱԺԴ-ն դեռեւս ծանոթանում է։ Նախորդ օրը լուր տարածվեց, թե վերոնշյալ ուժերը երեկ ժամը 17։00-ին պետք է ստորագրեն փաստաթուղթը։ Սակայն կուսակցությունները երեկ կարողացան ընդամենը հայտարարության միասնական տեքստը խմբագրել եւ պատրաստել։ 6,5 կամ 12 էջանոց մի քանի հայտարարությունների տարբերակներից մնաց միայն մեկ էջանոց հայտարարություն, որում, ըստ նախաձեռնող խմբի, ի մի են բերված բոլոր հիմնական եւ սկզբունքային կետերը։ Մի շարք կուսակցությունների ղեկավարներ երեկ բացակայում էին քաղաքից, եւ ընդդիմադիրները ճիշտ համարեցին չշտապել եւ հայտարարությունը ստորագրել միասին, միաժամանակ, «երեք ույու չորս» ասելով։ Քննարկումներին փակ դռան ետեւից հետեւում էր մեկ-երկու լրատվամիջոցի ներկայացուցիչ, ու երբ ինչ-որ պահի «Հանրապետություն» կուսակցությունից Արամ Սարգսյանը դուրս եկավ ՀԺԿ դահլիճից, «Առավոտը» հետաքրքրվեց՝ տղա՞ է, թե՞ աղջիկ։ Նախկին վարչապետը կարծես պատրաստի պատասխան ուներ՝ ջուխտ է։ Արդյո՞ք սա նշանակում է, որ միավորման ստեղծման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց առաջ ընդդիմադիր քաղաքական ուժերը պայմանավորվել են առաջին հերթին միասնական թեկնածուի վերաբերյալ։ Այս մասին առայժմ կարող ենք միայն ենթադրություններ անել, քանի որ ո՛չ Արամ Սարգսյանը («Հանրապետություն»), ո՛չ էլ որեւէ մեկը միավորումից միասնական թեկնածուի մասին հարցերին չէին պատասխանում։ Ասվեց միայն, որ առայժմ ֆիքսվում է միասնական ճանապարհը, միասնական նպատակը։ Արամ Սարգսյանը չբացառեց, որ ընտրությունների նախօրեին միավորումը կվերածվի դաշինքի։ Որքան հասցրինք նկատել՝ ընդդիմադիր դաշտը ներկայացված էր գրեթե ամբողջությամբ, ներկա չէին ՀՀՇ-ն ու մարքսիստները։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Երեկ մինչեւ կեսգիշեր շարունակվում էր միավորման մասին հայտարարության ստորագրման գործընթացը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել