Ովքե՞ր են լրտեսները Այս ամիս ադրբեջանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքով կալանված Հայաստանի չորս քաղաքացիները, նրանց շահերի պաշտպանի տեղեկացմամբ, ազգությամբ ուկրաինացի բռնագաղթածներ են Ադրբեջանից: Բացի նրանից, որ Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով օգոստոսին կալանավորվել է ՀՀ 4 քաղաքացի եւ, որ օրենքի պահանջով նրանք ապահովված են իրենց իրավունքները պաշտպանող փաստաբանով, ԱԱՆ լրատվական ծառայությունը այլ տեղեկություններ առայժմ պաշտոնապես չի հաղորդել: «Ազատություն» ռ/կ-ին, սակայն, լրտեսության մեղադրանքով կալանվածների շահերի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների միության անդամ Գեւորգ Մելքոնյանը, որոշ մանրամասներ փոխանցեց: Նրանք ձերբակալվել են մոտավորապես 15-20 օր առաջ: Բոլոր չորս ձերբակալվածները ազգությամբ ուկրաինացիներ են՝ երկու կին եւ երկու տղամարդ: Բոլորն էլ Ադրբեջանից բռնագաղթածներ են եւ Հայաստանում բնակություն են հաստատել 1988-ից հետո: Ապրել են Եղեգնաձորում: Ձերբակալվածները 30-45 տարեկան են: Մեկ ամուսնական զույգ է, իսկ մյուս երկուսը ամուսինների ազգականներն են: Տարիքով ամենամեծը եւ խմբի ղեկավարը կին է: Ադրբեջանի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների համար աշխատել են չնչին գումարներով: Մեղադրյալներն ընդունել են, որ Հայաստանի մասին տեղեկություններ են փոխանցել Ադրբեջանի համապատասխան մարմիններին: Թե կոնկրետ ինչ կարգի եւ ինչ գաղտնիության տեղեկություններ են հայտնել, առայժմ պարզ չէ: Ըստ փաստաբանի, սակայն, դժվար թե դրանք պետական գաղտնիքներ պարունակեին՝ թեկուզ այն պատճառով, որ չորսից երեքը որեւէ տեղ չեն աշխատել, միակ աշխատողը խմբի ղեկավարն է եղել: Հնարավոր է, որ նրանք կոնկրետ հանձնարարություններ են ստացել, ասենք՝ ուսումնասիրել տեղի բնակչության տրամադրությունները իշխանությունների հանդեպ, կամ տեղեկացնել, թե Հայաստանի այս կամ այն տարածքում քանի զորամաս կա: Փաստաբան Մելքոնյանի փոխանցմամբ, մեղադրյալներն իրենց հավաքած տեղեկությունները պատվիրատուներին փոխանցել են Թբիլիսում կայացած հանդիպումների ժամանակ: Թե մեղադրյալները ինչպես կամ երբ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացել, առայժմ հայտնի չէ: Ադրբեջանի անվտանգության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Արազ Ղուրբանովը դեռ անցյալ շաբաթ Հայաստանի ազգային անվտանգության նախարարության հայտարարությունն անվանել էր «հերթական ապատեղեկատվություն»՝ հիշեցնելով, որ 1998-1999 թվականներին էլ հայկական կողմը մի քանի անգամ նմանատիպ հայտարարություններ էր արել՝ սեփական երկրի քաղաքացիներին մեղադրելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Հայաստանի դատական մարմինները, ըստ Ղուրբանովի, տարբեր պատճառաբանություններով (ոմանց մտավոր առումով թերզարգացած ճանաչելով), ստիպված են եղել նրանց ազատ արձակել: Հայաստանի ԱԱՆ լրատվական ծառայության ղեկավար Արմենակ Մանուկյանը հաստատեց, որ նման հայտարություններ եղել են, հավելեց, սակայն, որ այդ անձինք ոչ հայեր եւ ոչ էլ Հայաստանի քաղաքացիներ են եղել, այլ՝ Ադրբեջանի քաղաքացիներ եւ ազգությամբ ադրբեջանցիներ: Եվ ապա՝ հենց վերջիններս են իրենց ծառայություններն առաջարկել, ինչից Հայաստանի անվտանգության մարմինները հրաժարվել են: «Ազատություն» ռ/կ