Ագոն ու Շվիմե՞րն են ստում, թե՞… Նախագահ Քոչարյանի՝ արտաքին եւ ներքին օգտագործման համար պնդումները սաստիկ տարբեր են։ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ժխտել էր այն պնդումները, թե Ռոբերտ Քոչարյանը միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս երաշխավորել է, որ նոր մրցույթ կհայտարարվի, եւ «Ա1+»-ը դարձյալ կլինի եթերում։ Նախագահի աշխատակազմի այս վարչությունը հայտնել էր, թե այդ հանդիպումների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը միայն բազմիցս նշել է, որ «Ա1+»-ն ընդհանուր հիմունքներով կարող է մասնակցել կապուղիների համար հայտարարված ցանկացած մրցույթի։ Զարմանալի է, թե նույն հանդիպումների մասնակիցները որքան տարբեր տպավորություն կարող են ստանալ։ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերն, օրինակ, նախագահի եւ Հայաստանի այլ ղեկավարների հետ այս թեմայով զրույցներից ստացած իր տպավորությունը հայտնել էր հուլիսին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում. «Հայկական իշխանությունները փնտրում են «Ա1+»-ի խնդրի լուծումը։ Եվ ես վստահ եմ, որ շուտով կգտնվի դրական լուծումը»։ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների դիտարկման խմբի ղեկավար դեսպան Պիետրո Էրկոլե Ագոն ավելի վաղ՝ 2002 թ. մայիսի 28-ին էր իր նամակում (այն հրապարակվել է մամուլում) հայտնել, թե մայիսի 15-ին Հայաստան իր այցելության ընթացքում իշխանությունների հետ քննարկել է «Ա1+»-ի հեռարձակման արտոնագրի չերկարացման հարցը. «Ռոբերտ Քոչարյանը եւ մենք շեշտել ենք, որ Հայաստանի համար նպատակահարմար չէր լինի չունենալ հեռարձակվող թեկուզ մեկ կայան, որը հնարավորություն չտար ընդդիմությանն իր տեսակետներն արտահայտելու։ Այս համատեքստում նախագահը խոստացավ, որ հայտերի համար կնշանակվի նոր մրցույթ։ Այն կանցկացվի հնարավորինս թափանցիկ։ Նախագահը նույնիսկ առաջարկեց Եվրախորհրդի փորձագետներ ընդգրկել այդ գործընթացում»։ Կարելի էր այստեղ դնել վերջակետ, քանզի ակնհայտ է, թե ով է ստում այժմ։ Բայց հարկ է նշել, որ Ռոբերտ Քոչարյանը թերեւս անընդհատ է փորձում արտաքին աշխարհին մի երեսով ներկայանալ, իսկ ներսում՝ մեկ այլ։ Իսկ գուցեեւ «Ա1+»-ի խնդրի դրական լուծման» վերաբերյալ եվրոպացիների եւ Հայաստանի իշխանությունների պատկերացումնե՞րն են տարբեր։ Վերջիններս ժամանակ են փորձում շահել՝ «Ա1+»-ին եթերից զրկած պահելով մինչեւ նախագահական ընտրությունները։ Իսկ մինչ այդ, եվրոպացիների բերանը փակելու համար, թույլ են տալիս, որ մեկ-մեկ էլ հայտնվեն ընդդիմադիրներ իշխանական վերահսկողության տակ գտնվող հեռուստաէկրաններում, պայմանով՝ որ նրանց անպայման պիտի հեգնեն ու դատափետեն։ Սա էլ է, չէ՞, լուծում։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ