Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

Օգոստոս 29,2002 00:00

ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ «Հայաստանի իշխանամետ մամուլը չափից ավելի պաշտոնական լրագրության տեսք ունի։ Իսկ ընդդիմադիրը ուրիշ տարօրինակություն ունի՝ հաճախ քննադատում է առանց դեպքը պատմելու»,- ասում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը։ Ի դեպ, նա գտնում է, որ Սփյուռքի մամուլ եւ հայաստանյան մամուլ հասկացությունները չպետք է իրարից խիստ հեռացնել, քանի որ երկուսն էլ հայ մամուլի բաղկացուցիչներն են եւ «մեկ ընդհանուր նավուն ճամփորդներ»։ Ա. Գոչունյանը, որ հաճախ է հանդիպում Հայաստանի առաջատար թերթերի խմբագիրների ու լրատվական գործակալությունների ղեկավարների հետ, համոզված է, որ բոլորը «իրարմով պիտի լինեն, քանի որ աշխարհի տարբեր անկյուններում նույն գործն են անում, իսկ առանձնության զգացումը վատ է ազդում»։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հայատառ լրատվամիջոցներին, ապա, պարոն Գոչունյանի խոսքերով, դրանք հիմնականում կուսակցական թերթեր են, իսկ «կուսակցական մամուլի՝ պաշտոնաթերթի մտայնության մեջ հարիր չէ լայն զանգվածներ շահասիրել ու դառնալ բաղկացուցիչը հայ մամուլին»։ Ըստ նրա, Ստամբուլի հայկական լրատվամիջոցները դժվար են գալիս ընդհանուր հայտարարի, հաճախ նույնիսկ ինքնաբերաբար, որովհետեւ Սփյուռքում ժողովրդի շահերը պաշտպանելու միջոցները այլընտրանք չունեն, սահմանափակ են։ Ա. Գոչունյանի հավաստմամբ, Ստամբուլի հայատառ մամուլում Հայաստանի բոլոր իրադարձությունները գտնում են իրենց արժանի մեկնաբանումը։ Իսկ կոնկրետ «Ժամանակը», բացի Հայաստան -Թուրքիա հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտությանը եւ քաղաքական զանազան իրադարձություններին վերաբերող հոդվածներ տպագրելուց, լայնորեն լուսաբանում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի գործունեությունը։ Պարզվում է, որ Թուրքիայում եւս թերթերն ունեն կարդացվելու պրոբլեմ՝ ինչպես ամբողջ աշխարհում։ Դա ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ։ Նախ, «Ժամանակ» օրաթերթի խմբագրի կարծիքով, զանգվածներն ավելի հետամուտ են «հեռուստալսողական խողովակներով տեղեկություններ ստանալու դյուրությանը»։ Երկրորդ՝ մամուլը պարտավոր է ինքնաքննադատորեն վերաբերվել իրեն եւ տպագրել այնպիսի նյութեր (խոսքը ամբոխավարության մասին չէ), որոնք կշարժեն ընթերցողի հետաքրքրասիրությունը եւ վստահություն կներշնչեն։ Պոլսի մամուլի առաջնային խնդիրներից մեկն էլ հայապահպանությունն է։ Արա Գոչունյանը գտնում է, որ տեղի թերթերը, սնվելով Ստամբուլի միջավայրի հարուստ ժառանգությամբ, առայժմ եղածի վրա ոչինչ չեն ավելացնում։ Նա նաեւ կարծում է, որ Սփյուռքի մտավորականությունը՝ լինի մամուլի մարդ, թե հայ մտքի մշակ ընդհանրապես, հայապահպանումը չպետք է այնպես մեկնաբանի, որ մարդիկ իրենց ազատ կամքով զրկվեն ժամանակակից «կարիքներից»։ «Այսօր այնպիսի վիճակի մը հասած ենք, որ հայապահպանումը եւ այս երկրին հասարակության հետ ինտեգրացումը իրար հետ խոտոր համեմատվող բաներու վերածված են,- ասում է Ա. Գոչունյանը,- մեր ժողովուրդը, սակայն, համամարդկային արժեքներ արտադրող ժողովուրդ է եւ համամարդկային տարբերակներում պետք չէ ինքն իր մեջ փակվի, որպեսզի ինչ-որ բան կարողանա պահել»։ Արա Գոչունյանը ցավով փաստեց, որ Սփյուռքում պակասել է մտավորականների ու լրագրողների թիվը, սակավաթիվ են հայերենով արտահայտվողները, դրա համար էլ շատ թե քիչ հայերեն գրել կարողացողը այստեղ համարվում է ե՛ւ գրագետ մարդ, ե՛ւ լրագրող, ե՛ւ բանաստեղծ։ Երկու երկրների միջեւ երկաթյա վարագույրի վերացումը դրական նշանակություն է ունեցել լրատվամիջոցների վրա։ Ա. Գոչունյանը վստահ է, որ շուրջ 10 տարի շարունակվող հարաբերությունների բնականոնացման գործընթացը ի վերջո կհանգեցնի երկու երկրների շահերից բխող ռեալ արդյունքի։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Հոկտեմբերի 28-ին լրանում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի 95-ամյակը։ Այն աշխարհում անընդմեջ հրատարակվող հայկական ամենահին օրաթերթն է։ «Ժամանակը» նաեւ Թուրքիայի օրաթերթերից ամենահինն է։ Նրա ներկայիս խմբագրի հավաստմամբ, «Ժամանակին» աշխատակցել են Սփյուռքի մտավորականության ամենահայտնի դեմքերը։ Կանխավ շնորհավորելով թերթի աշխատակազմին հոբելյանի կապակցությամբ, մաղթում ենք, որ թերթը միշտ մնա ստամբուլահայ համայնքի օբյեկտիվ խոսափող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել