ՀԱՆՑԱԳՈՐԾ ԳՐԱՄԵՔԵՆԱՆ ԱՌԳՐԱՎՎԱԾ Է «Երնեկ դատդ արդար լինի» Արարատ քաղաքի բնակիչ Ջանիկ Ադամյանը, որը 2 ամիս 7 օր գտնվեց ազատազրկման մեջ, Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանի 41 խցում նստած իր խցընկերոջը այսպիսի բանաստեղծություն է նվիրել. «Վերջը բարին թող լինի, / հնուց եկած խոսք է սա, / րոպեական կգան-կերթան, / վատ օրերը ձմռան նման։ Երնեկ դատդ արդար լինի, / շուտ ազատվես- տուն գնաս, / ժողովրդի հետ միասին, / ամբողջ գյուղով սեղան բանաս»։ Նվիրել է, սակայն այս բանաստեղծությունը չի արժանացել տեղական իրավապահների ուշադրությանը, ինչպես իր մի բանաստեղծությունը, որն առիթ էր դարձել քրեական հետապնդման։ Երեկ Արարատի մարզի Վեդիի դատարանում պետք է սկսվեր թիվ 26201702 քրեական գործի դատաքննությունը։ «Ամբաստանյալները» երկուսն էին. Ջանիկ Ադամյանը եւ Ջեմմա Սահակյանը։ Վերջինս Արարատ քաղաքի ԱԺՄ տարածքային կազմակերպության նախագահն է եւ ուներ իր պաշտպանը՝ նախկին ԱԺՄ-ական, փաստաբան Վովա Հախվերդյանը (ի դեպ, դատավորն էր Գեւորգ Բալյանը, մեղադրողը՝ Հմայակ Հակոբյանը)։ Ջանիկ Ադամյանը չուներ պաշտպան եւ ցանկացավ, որ այն լինի նույն Վովա Հախվերդյանը։ Դատարանը «նկատի ունեցավ» սակայն, որ կան հակասություններ, այդ իսկ պատճառով հնարավոր չհամարեց, որ Վ. Հախվերդյանը իրականացնի «ամբաստանյալ» Ջ. Ադամյանի պաշտպանությունը։ Վերջինս 1 շաբաթ ժամանակ խնդրեց պաշտպան ընտրելու համար։ Երբ ճշտվեց «ամբաստանյալների» ինքնությունը, պարզվեց, որ թե Ջանիկը, թե Ջեմման ունեն 3-ական երեխա։ Նրանք նախկինում դատված չեն եղել։ Երկուսն էլ չեն աշխատում։ Ջանիկը մեղադրվում էր Քրօրի 131 հոդվածի 3-րդ մասով (ուրիշին նշավակող ակնհայտ սուտ հերյուրանքներ տարածելու, որը զուգորդված է պետական կամ այլ ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրելու հետ)։ Կարճ ասած՝ զրպարտության։ Չնայած մեղադրականում ՆԳ բաժնի աշխատակցի՝ Ա. Տեր-Մարգարյանի ազգանունը փոքրատառով է գրված, բայց մենք անքեն ներկայացնենք, որ սույն փոքրատառով աշխատակիցը զեկուցագիր էր ներկայացրել Արարատի ՆԳ բաժին, նշել, որ այս տարվա հունիսի 14-ին «մարդաշատ վայրերից» հայտնաբերել են «փակցված թռուցիկներ, որոնք ՀՀ նախագահին նշավակող եւ զրպարտող տեղեկություններ են պարունակում»։ Թռուցիկն, իհարկե, Ջ. Ադամյանի բանաստեղծությունն էր, որը, ըստ նրա, եղել էր 12 օրինակից։ Բովանդակությունն այսպիսին էր. «Շատերը Վազգենով հարստացան, բայց այսօր նրան մոռացան։ Բայց առանց գրելու էլ պարզ է, թե դուք ովքեր եք։ Այսօր ունեք հիմնարկ, բար, շքեղ դաչա, տուն, ջիփ, ոսկի, դոլար ունեք դուք շատ, միայն չունեք հարգանք-պատիվ։ Անաղուհաց քրդի շունը շուտ ուրացավ Վազգենին, Հաստատ խառն է նրա մատը 27-ի գործին»։ Վերջին նախադասությունը, որը առիթ է դարձել զեկուցագրի ուղղվածությանը, «ակնհայտ սուտ» չի կարելի համարել, քանզի, ըստ դատական դռնբաց նիստի մասնակիցների տրամաբանության, «Հոկտեմբերի 27» մայր գործի դատաքննությունը չի ավարտվել, հետեւաբար պարզ չի, թե ում մատն է խառը այդ ոճրագործությանը։ Ի դեպ, նկատենք, որ մամուլ-լրատվության միջոցներ են նրանք, որոնք միանվագ հրատարակվում են 100 օրինակից ավելի տպաքանակով։ Մամուլ եւ ԶԼՄ ստեղծում եւ տարածում են խմբագրությունները, լրատվական գործակալությունները, քաղաքացիներն անգամ։ Մյուս «ամբաստանյալը»՝ Ջեմմա Սահակյանը, տպագրել է Ջանիկի բանաստեղծությունը, ինչպես մեղադրականում է արձանագրված, «հասկանալով բանաստեղծության բովանդակությունն ու գիտակցելով Ջ. Ադամյանի նպատակը»։ Նա մեղադրվում էր զուգորդված զրպարտություն կատարելու մեջ։ Երկու «ամբաստանյալներն» էլ նախաքննության ժամանակ իրենց մեղավոր չեն ճանաչել։ Չնայած, ըստ նախաքննական մարմնի որակման՝ «Ջ. Ադամյանի եւ Ջ. Սահակյանի կողմից իրենց մեղավոր չճանաչելու պատճառաբանություններն անհիմն են»։ Այս քրգործով անցնում է 6 վկա: Ուշադրության արժանի է այն, որ նրանցից 4-ը ՆԳ համակարգի ներկայացուցիչներ են։ Տեղեկացնենք, որ իրեղեն ապացույց են ճանաչվել մեքենագրուհու հանցագործ գրամեքենան եւ Ջանիկի «թվով 8 գրվածքները»։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 4-ին, ժամը 12-ին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ