Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԴԱՌՆԱՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Օգոստոս 29,2002 00:00

«ՉԴԱՌՆԱՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» Համայնքների միության արտահերթ համագումարում ունեցած իր ելույթում Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը խոսեց «ուսադիրներով նախարարների» մասին, եւ ներկաներն անմիջապես մտաբերեցին այդ պաշտոնի համար «Օրինաց երկրի» թեկնածուի հետ նրա մրցակցությունը։ Բայց պրն Ներսիսյանի հետ զրույցից պարզվեց, որ ընտրություններին ուժայինների միջամտության առումով ավելի հարուստ է նրա փորձառությունը. «1999-ին, երբ քաղաքապետ էի ընտրվում, «Միասնություն» դաշինքն ընտրություններից 3 օր առաջ եկավ, հանրահավաքներ արեցին, եւ պաշտպանության նախարարը հայտարարություն արեց հօգուտ մարզպետի թեկնածուի։ Ժողովուրդն ընտրեց ինձ։ Այս անգամ էլ եղավ նման մի բան, եւ մի քանի օր առաջ «Օրինաց երկրի» անդամ դարձած մարդը պարտվեց։ Ոչ մի ուսադիրավոր մարդ չպիտի ազդեցություն ունենա ընտրությունների վրա։ Խոսքս վերաբերում է բոլորին՝ ե՛ւ երկրապահներին, ե՛ւ ՆԳ-ին, ե՛ւ ԱԱՆ-ին, ե՛ւ ՊՆ-ին»։ Իջեւանի քաղաքապետի ելույթում (որ թյուրիմացաբար ընկալվել էր որպես հիմնական զեկույց) հնչած հայտարարությունը՝ «Մենք չենք կարող հենարան դառնալ իշխող քաղաքական ուժին», կարծես առիթ դարձավ համագումարում խմորումներ սկսելու համար։ Մեր խնդրանքով, Վարուժան Ներսիսյանն ավելի որոշակիացրեց իր ասելիքը. «Իմ խոսքը ոչ թե զեկույց էր, այլ ելույթներից մեկը։ Որպես Հայաստանի Համայնքների միության վարչության անդամ, ես ուղղակի ցանկանում եմ, որ մեր միությունը չքաղաքականացվի, չդառնա կուսակցություն, այլ մնա միայն որպես հասարակական կազմակերպություն եւ զբաղվի տեղական ինքնակառավարման խնդիրներով։ Իմ ասածը չէր վերաբերում ՀՀԿ-ին կամ քաղաքական որեւէ այլ ուժի։ Ուղղակի անթույլատրելի է Համայնքների միության քաղաքականացումը։ Բայց իմ խոսքերն էլ, ցավոք, քաղաքականացվեցին. չէի ուզենա, որ այդպես լիներ»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել