Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չենք հանդուրժելու ապօրինի գործարքը»

Օգոստոս 29,2002 00:00

«Չենք հանդուրժելու ապօրինի գործարքը» ՀՀ իշխանությունները մեր ժողովրդի աչքի առաջ հերթական անգամ կատարեցին լկտի, միայն մաֆիոզ-կլանային համակարգին բնորոշ գործարք՝ վաճառեցին ռազմավարական նշանակություն ունեցող, երկրի տնտեսության ողնաշարը հանդիսացող էլեկտրական բաշխիչ ցանցերը։ Մինչ այդ փաստի կայացումը, մենք՝ քաղաքական ու հասարակական ուժերս, փորձում էինք փաստարկված հիմնավորել վաճառքի անթույլատրելիությունը։ Զանգվածային բողոքի ալիք բարձրացնելով՝ 2001 թ. մենք կանխեցինք միջազգային տենդերի կայացումը։ Թվում էր՝ իշխանությունները, որոնք պետք է ականջալուր լինեին ժողովրդի պահանջին, կսթափվեն եւ կհրաժարվեն երկրի հարստությունը մաս-մաս վաճառելու կործանարար քաղաքականությունից։ Ապազգային վարչակազմի ծրագրված գործունեության արդյունքում հազվադեպ շահութաբեր համակարգը միտումնավոր դարձվեց վնասաբեր, վաճառքն արդարացնելու համար։ Ցավոք, մենք գործ ունենք բախտի բերմամբ պաշտոնական բարձր աթոռներին տիրացած հանցավոր տարրերի հետ, որոնք արհամարհում են պետության շահերը։ Ելքը մեկն է՝ օր առաջ ազատվել հակաժողովրդական իշխանություններից, միասնական ուժերով ապահովել մեր երկրի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացումը։ Մենք զգուշացնում ենք գնորդ կազմակերպության տերերին՝ մեր ժողովուրդը չի հանդուրժելու ապօրինի գործարքի իրականացումը։ Պահանջում ենք Ազգային ժողովի պատգամավորներից՝ անհապաղ կանխել հակաօրինական գործարքը։ Հակառակ պարագայում, բոլոր մեղավորները հայտնվելու են ժողովրդի դատի առջեւ։ Դիմում ենք երկրի եւ ժողովրդի ճակատագրով մտահոգված կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, մտավորականությանը՝ պաշտպանել մեր հայտարարությունն ու միանալ մեր հետագա գործողություններին՝ տեր կանգնելու համաժողովրդական ունեցվածքին։ «Ազգային միաբանություն», ԱԺԿ, «Հանրապետություն», ՀԺԿ, Հայաստանի կոմունիստների միություն, «Հայրենիք ու Պատիվ», ՍԴՀԿ, ԱԺԴ, ԳիԱրՔՄի, ՀԴԿ, ՀԿԿ, Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, ՍԻՄ, «Սոցուժերի եւ մտավորականների» միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել