Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԷՑ-երի վաճառքի պայմանագրային գինը 12 մլն 15 հազար դոլար է

Օգոստոս 29,2002 00:00

ԲԷՑ-երի վաճառքի պայմանագրային գինը 12 մլն 15 հազար դոլար է «Սոցիալիստական Հայաստան» միավորման երեկ հրավիրած մամուլի ասուլիսը վերջին պահին վերաճեց 14 կուսակցությունների բողոքի հայտարարության՝ ընդդեմ ԲԷՑ-երի սեփականաշնորհման։ «Գողությունը չի վերացվելու,- վստահ է Ալեքսան Կարապետյանը,- իրենց բաժին գումարը գլխից կվերցնեն, հետո ցույց կտան, որ վնասով են աշխատում, ու կսկսեն սակագինը բարձրացնել»։ Բացի այդ, քանի որ՝ այս իշխանություններն «ինչ հնարավոր էր ծախել կամ թալանել՝ ծախել ու թալանել են», ուստի Ալեքսան Կարապետյանի կարծիքով՝ նրանք «այստեղ այլեւս անելու բան չունեն»։ Նաեւ՝ «մենք արդեն չենք կարող թալանչիներին տանել ու նրանց հիվանդ երեւակայությամբ ղեկավարվել», ուստի՝ «գոնե թողեք մենք գանք՝ երկիրը սարքենք»։ Իսկ Արշակ Սադոյանը, որը «կառավարության միջին օղակներից անլեգալ կերպով» կարողացել էր պայմանագրի մեկ օրինակ հայթայթել՝ իրազեկեց. «Գնորդը պատշաճ կերպով հիմնադրվել է՝ որպես բաժնետոմսերով սահմանափակված ընկերություն, եւ գործում է Գելսի օրենքներին համապատասխան»։ Իսկ օրինական ճանապարհով տեղեկատվություն ստանալու՝ պրն Սադոյանի խնդրանքներին, իբր, մշտապես պատասխանել են՝ «մի անհանգստացեք, մեկ է, չի լինելու, այդ ընկերությունը ձեւի համար է, օֆշորային գոտում է…»։ Մինչդեռ, Սադոյանը, հավանաբար հարաբերությունները չփչացնելու նկատառումով, «Հայկական ժամանակի» լրագրողի հարցը՝ դիմելու ժամկետները եւ անձինք հստակեցնելու մասին, անպատասխան թողեց։ Իսկ շտապողականության սադոյանական մեկնաբանումը հետեւյալն է. «Բա որ հանկարծ ընտրություններում պարտվե՞ն. եթե հիմա հնարավոր է մի քանի միլիոն գրպանել՝ ինչո՞ւ հավելյալ ռիսկի դիմեն»։ «Իշխանափոխությունից հետո այս բոլոր անօրինական գործարքները չեղյալ են հայտարարվելու»,- իշխանություններին եւ գնորդներին սպառնաց Արշակ Սադոյանը։ Ըստ Մանուկ Գասպարյանի՝ բաշխիչ ցանցերում որքան բարձր է գոյություն ունեցող կորուստների տոկոսը՝ այնքան բարձր է հովանավորի պաշտոնը։ Իսկ հովանավորների անունները եւ 5-60% գերկորուստների պայմաններում՝ նրանց հասանելիք գումարի չափերը Մ. Գասպարյանը խոստացավ հրապարակել, «եթե կառավարությունը ետ չկանգնի այդ հանցավոր գործարքից»։ ԲԷՑ-երի գնման գինը, ըստ Ա. Սադոյանի ձեռք բերած պայմանագրի՝ 12 մլն 15 հազար դոլար է։ «Եթե այդ կազմակերպությունը չվճարեր 25 մլն-ը (դա եւս գումարվում է գնման գնին)՝ աշխատավարձի եւ պետբյուջեի պարտքերը, վերցրած վարկերը՝ դրանք չէին մարվելո՞ւ,- հարցնում է Մ. Գասպարյանը եւ հավելում,- երեք շաբաթ հետո առք ու վաճառքը՝ ընդունում- հանձնումով, ավարտվելու է»։ Մեր բաշխիչ ցանցերն, ըստ Մ. Գասպարյանի, տարեկան 6 մլրդ կվտ էներգիա են թողարկում, որի դրամական արժեքը 150 մլն դոլար է։ Իսկ գնորդ կազմակերպության տարեկան շրջանառությունը 130 մլն դոլար է։ Իսկ այսօր, դարձյալ ըստ Մ. Գասպարյանի, հանրապետությունում գանձվում է էներգիայի ընդհանուր վաճառքի 51%-ը։ «Եթե 49%-ը չի հավաքվում, ուրեմն այդ ընկերությունը պետք է հոսանքազրկի ձեռնարկությունները՝ պարալիզացնելով տնտեսությունը կամ էլ՝ գանձումները պիտի կատարի։ Եթե գերկորուստները պահպանվեն, որոնք տարեկան 60-70 մլրդ դրամ են կազմում՝ այդ ընկերությունն իր ողջ ունեցվածքն էլ վաճառի՝ տակից դուրս չի գա։ Սա ավելի այլանդակ գործարք է, քան «ԱրմենՏելը», եւ վաճառքի մեջ բոլորը՝ նախագահ, վարչապետ, էներգետիկայի, արդարադատության նախարարներ, հանձնաժողովի անդամներ, իրենց փայն ունեն»,- ավարտեց Մ. Գասպարյանը։ Ալեքսանդր Աղամալյանի համոզմամբ՝ սակագինը բարձրանալու է. «Եթե երկու տարի հետո՝ ավելի հանցավոր, քանզի երկու տարի հետո սոցիալական պայթյուն առաջանալով՝ մեղքը կընկնի արդեն նախորդ կառավարության վրա»։ Փաստորեն, այս իշխանությունը կրկնակի կշահի՝ «Միլիոնները կգրպանեն եւ մեղքն ուրիշների վրա կգցեն»։ ՀԺԿ-ն ներկայացնող Ռուբեն Կանդալյանի մտահոգությունն այլ էր. «այս իշխանավորներից ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այն տխրահռչակ մութ տարիները չեն վերադառնա։ Մեկ տարուց ավելի է, ներկայացնում են, որ մեր ցանցերը խայտառակ վիճակում են՝ էդ ո՞ր հիմարը եւ ինչի՞ համար է գնում այդ խայտառակ ցանցերը»։ Նաեւ. «մոռանում եք՝ ինչ շրջապատում ենք ապրում. մեր թշնամիների ի՞նչ հոգն է 40-50 մլն դոլար ծախսել՝ չոքացնելու համար այս ազգին»։ Իսկ Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով, եթե մի ողջ պետություն չի կարողանում էներգիայի համար շուկա գտնել ու հույսը դրել է օֆշորային ընկերության վրա, ուրեմն նրանք «ապաշնորհ եւ հանցավոր են»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել