Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ, ԹԵ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿՌՎԵԼՈՒ ԵՆ

Օգոստոս 29,2002 00:00

ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ, ԹԵ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿՌՎԵԼՈՒ ԵՆ ԿԸՀ-ն երեկ հերթական նիստն էր հրավիրել, եւ հանձնաժողովի նորաթուխ անդամներն արդեն փորձառու հանձնաժողովի գլխավորությամբ փորձում էին սովորական աշխատանքային հուն մտնել։ Սակայն որքան էլ այդպես, պարզ է, որ այսօրվա ԿԸՀ-ից իշխանությունները սպասելիքներ ունեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը բոլորովին վատ բան չի տեսնում նրանում, որ հանձնաժողովը կազմվել է այնպես, ինչպես կազմվել է, իսկ, այսպես կոչված, ընդդիմադիր կուսակցությունները (ՀԿԿ, ԱԺՄ, «ԱՄ») ներկայացնող հանձնաժողովականների հետ որեւէ խնդիր չի տեսնում, ընդհակառակը, համարում է, որ որքան կառուցողական եւ ընդդիմադիր առաջարկներ լինեն, դրանից հանձնաժողովի աշխատանքը միայն կշահի։ Իրենք՝ ընդդիմադիրները, ակնհայտ մարտական են տրամադրված, հատկապես՝ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ պրն Պլուզյանը։ Ի պատասխան «Առավոտի» հարցի, թե իր առաքելությունն ինչո՞ւմն է տեսնում, արդյոք մինչեւ վերջ կռվելո՞ւ է, պրն Պլուզյանն ասաց. «Ես կռիվներից հաղթող եմ դուրս գալիս եւ չեմ վախենում կռիվներից։ Իմ մարտավարությունը սկզբում մի քիչ անհասկանալի է թվում, հետո, կամաց-կամաց (ինձ թվում է) բոլորը կսովորեն։ «Կռիվ» բառը մի քիչ լավ չի օգտագործել, պայքար, գուցե, պայքարի պատրաստ եմ»։ Պրն Պլուզյանը երեկվա նիստում առաջարկ էր արել, որպեսզի քվեաթերթիկի ետեւում ոչ թե ԿԸՀ-ի երեք անդամ ստորագրի (ինչպես այսօր գործող «Ընտրական օրենսգրքում» է), այլ՝ բոլոր անդամները, ինչպես նախորդում էր. «Հիմա, փաստորեն, հնարավոր է, որ նախագահի նշանակած երեք մարդիկ այդ քվեաթերթիկների ետեւը ստորագրեն։ Ես չեմ ասում, որ նրանք լավ կամ վատ մարդիկ են, բայց դա ճիշտ սկզբունք չի։ Սկզբունքը սխալ է, ընդդիմության ներկայացուցիչը պետք է անպայման ստորագրի քվեաթերթիկի ետեւում»։ Բոլոր ընդդիմադիր ԿԸՀ-ականներին, նաեւ՝ հանձնաժողովի նախագահ պրն Սահրադյանին երեկ հարցրինք՝ հավատո՞ւմ են, որ Հայաստանում հնարավոր է անցկացնել (2003-ին) ազատ, արդար, գործածեմ նաեւ թափանցիկը (որն ամենածիծաղելին եմ համարում) ընտրություններ։ «ԱՄ»-ն ներկայացնող պրն Պլուզյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ կանցնեն ազատ եւ արդար ընտրություններ, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի ունենա»։ ԱԺՄ-ն ներկայացնող պրն Կոստանյանը մեր նույն հարցին այսպես պատասխանեց. «Ընտրության կարգը եւ մթնոլորտը փոխված է, նախկինում ուրիշ կեղծիքներ էին անում, նախկինում ընտրական տեղամասերում խիստ կեղծիքներ էին լինում, հիմա դա պակասել է, կեղծիքները կատարվում են ընտրական կենտրոնից դուրս։ Ուրիշ մեխանիզմներ եւ ուրիշ տեխնոլոգիաներ են աշխատում, եւ դրանց դեմն առնել ո՛չ ԿԸՀ-ն է կարող, եւ ո՛չ էլ տեղամասայինը։ Բարի կամք է պետք, իշխանությունը պիտի անի։ Վերջապես բոլոր խախտումները, որ արվել են եւ արվելու են, ընդդիմությունը չի արել եւ չի անելու, իշխանություններն են անելու։ Նաեւ՝ քաղաքական կամք է պետք»։ Պրն Կոստանյանը եւս պատրաստ է պայքարի. «այս ձեւով կազմված ընտրական հանձնաժողովում ես ամեն ինչ անելու եմ, որ ընտրությունը լինի ազատ, արդար։ Եվ չեմ էլ ուզում կասկածել մյուս անդամներին, բայց իմ կողմից հասանելիքը կատարելու եմ մինչեւ վերջ»։ Հանձնաժողովի միաբեւեռությունը պրն Կոստանյանը եւս տեսնում է, բայց առայժմ չի ուզում հետեւություններ անել. «Կանխատեսումներ էլ չեմ ուզում անել, որովհետեւ վատ խնդիր է կանխատեսվում, չեմ ուզում անել»։ Հանձնաժողովում ԱԺՄ-ի համախոհ պրն Կոստանյանը չի տեսնում, իսկ պայքարի պատրաստ է. «Անպայման, կռվի՝ ոչ, իհարկե, պայքարի պատրաստ եմ, բայց երբեք կռիվ չեմ արել, փորձել եմ տանել օրինական ճանապարհով եւ միշտ հաջողվել է, չգիտեմ՝ ինչքան կհաջողվի հետագայում»։ ՀԿԿ-ն ներկայացնող ընկեր Սուքիասյանը ԿԸՀ-ում իրեն ընդդիմություն չի զգում, այլ. «Կա օրենք, ընդունվել է օրենքը եւ պետք է կատարվի օրենքը։ Չես ուզում, թող գնա այստեղից»։ Ընկեր Սուքիասյանը կարծես չի հավատում, որ հնարավոր է անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ. «Երբեք, խուժանությունը շատ է տարածված։ Ես ոչ մեկին չեմ վերագրում՝ ո՛չ նախագահին, ո՛չ որեւէ մեկին»։ Մեր տպավորությամբ, ընկեր Սուքիասյանը «տարածված խուժանությունը» վերագրում է մեր ազգային տեսակին։ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը դրական է համարում, եթե հանձնաժողովի անդամներն իրար հետ «կռվեն», նա նույնիսկ հիշեցրեց մի գերմանացու խոսք, որի համար «խիստ կարեւոր է, որ իր ընդդիմադիրի կարծիքն ազատ արտահայտվի»։ Պրն Սահրադյանին խնդրեցինք համեմատել նախորդ ԿԸՀ-ն եւ այսօրվանը. «Բնականաբար, հանձնաժողովի նոր անդամները դեռեւս աշխատելու շատ տեղ ունեն, մենք աշխատում ենք նրանց հետ եւ աշխատում ենք բացերը շատ արագ կարգավորել, որովհետեւ մեզ լուրջ աշխատանք է սպասվում»։ Արտակ Սահրադյանը միանգամայն համոզված է, որ 99 թ. ընտրությունները որոշակի առաջընթաց ունեցան նախորդ ընտրությունների համեմատ, իսկ առաջիկայո՞ւմ. «Համոզված եմ, որ առաջիկա ընտրություններում եւս մենք որոշակի առաջընթաց անպայման պետք է արձանագրենք։ Իդեալական ընտրություններ ես չեմ կարող խոստանալ, եւ ոչ ոք իրավասու չէ իդեալական ընտրություններ խոստանալ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել