Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Օգոստոս 29,2002 00:00

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի անմիջական շրջապատում կան մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչ անել նախկին նախագահին վարկաբեկելու համար»,- ասել էր Արտաշես Գեղամյանը։ Այսպես արտահայտվելու առիթն «Արմատ» կենտրոնի խորհրդի անդամ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի այն դիտարկումն էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ենթադրական առաջադրման պարագայում մեծ դեր կարող են խաղալ նաեւ առանձին անձինք եւ, ի շարս այլոց, տվել էր նաեւ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի անունը։ Վերջինս այս վերլուծությանն ի պատասխան նաեւ ասել էր, թե Ստեփան Գրիգորյանն արեւահարվել է, եւ մտահոգություն էր արտահայտել «Արմատի» վերնախավի առողջության վերաբերյալ։ «Ես արտահայտել եմ իմ անձնական տեսակետն ապագա նախագահական ընտրությունների վերաբերյալ, Արտաշես Գեղամյանն էլ արտահայտել է իր կարծիքը,- այս հակազդեցության առնչությամբ ասաց Ստեփան Գրիգորյանը։- Թեեւ նրա արձագանքում ուղղակի հնչեցին վիրավորական շեշտադրումներ։ Եվ ամենակարեւորը՝ նրա պատասխաններում զգալի էր ՀՀՇ-ից հեռավորություն պահպանելու հստակ միտում։ Ինձ դա շատ զարմացնում է»։ Զարմանքի առիթ տվել էին Ստեփան Գրիգորյանին հայտնի փաստերը պրն Գեղամյանի եւ ՀՀՇ-ի համագործակցության վերաբերյալ. «Ես ուզում եմ, որ մեր հանրությունն էլ տեղեկանա այդ ամենին։ Թեեւ կբերեմ միայն երկու օրինակ՝ ճիշտ չեմ համարում ծավալվելը։ Բայց եթե ինձ ստիպեն՝ կծավալվեմ։ Առաջին օրինակը բավական հայտնի պատմություն է. 1995-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երեւանի Դավիթաշեն համայնքի թիվ 27 ընտրատարածքում Արտաշես Գեղամյանի գլխավոր մրցակիցը Համլետ Հովսեփյանն էր: Այնտեղ ընթանում էր բավական լուրջ ու ծանր մրցակցություն։ Եվ Գեղամյանի եւ Համլետ Հովսեփյանի ձայների միջեւ գրանցվեց շատ փոքր տարբերություն։ Եթե չեմ սխալվում՝ ուղղակի մի քանի տասնյակ քվեների տարբերություն էր։ Եվ քանի որ ընտրությունների օրը եղան մի քանի լուրջ խախտումներ տեղամասերում, հավանական էր, որ այդ ընտրությունները կհամարվեին չեղյալ եւ կհայտարարվեին նոր ընտրություններ։ Բայց Արտաշես Գեղամյանը բանակցություններ սկսեց Մաշտոցի շրջանի ՀՀՇ-ի տարածքային կազմակերպության ղեկավար Պետիկ Գեւորգյանի հետ։ Ես հիշում եմ՝ Գեղամյանն ընդունարանում սպասում էր, մինչեւ Պետիկը կընդուներ իրեն։ Ի վերջո, այդ բանակցությունները պսակվեցին նրանով, որ Գեղամյանին գրանցեցին պատգամավոր։ Երկրորդ օրինակը. 1990 թվականին Երեւանի թիվ 39 ընտրատարածքում ես եւ պրն Գեղամյանն էինք գլխավոր մրցակիցները ԳԽ ընտրություններում։ ՀՀՇ-ի առաջատարները Գեղամյանի հետ նրա նախաձեռնությամբ անցկացված բանակցությունների հետեւանքով շատ իմաստուն որոշում ընդունեցին այդ ընտրատարածքում իրենց կուսակցության ներկայացուցչին բացահայտ չպաշտպանելու վերաբերյալ։ Երկու փաստ նշեմ. իմ ազգանունը չկար ՀՀՇ պաշտպանյալների ցուցակում (թերեւս հիշում եք, թե ինչ էր դա նշանակում 1990-ին, երբ ՀՀՇ-ի վարկանիշը շատ բարձր էր), եւ ՀՀՇ-ի առաջնորդներից ոչ մեկը չեկավ այդ ընտրատարածք՝ հօգուտ իմ թեկնածության կազմակերպված հանրահավաքներին մասնակցելու։ Ճիշտ որոշում էր, քանզի ընտրատարածքում շատ ծանր ու լարված իրավիճակ էր՝ հարկ չկար միջամտությամբ հավելյալ ապակայունացնել այն։ Թողեցին, որ ժողովուրդն ինքը կողմնորոշվի։ Եվ ես ընտրվեցի պատգամավոր»։ Ստեփան Գրիգորյանի օրինակները վերաբերում են 1990 եւ 1995 թվականներին։ Սակայն 1999-ի ԱԺ ընտրություններից ի վեր Արտաշես Գեղամյանը հանդես է գալիս ՀՀՇ-ի եւ նախկին իշխանությունների սաստիկ քննադատությամբ։ Եվ անգամ այդ արնահոտ կոչերը մտաբերելով՝ դժվար է ենթադրել, թե հնարավոր է այժմ էլ համագործակցություն ՀՀՇ-ի հետ կամ, որ Գեղամյանը որեւէ դերակատարություն ունենա Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին մասնակցելու հարցում։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան, պրն Գրիգորյանն ասաց. «Եթե մարդը 1990 եւ 1995 թթ. պատգամավոր ընտրվելու համար ակտիվ բանակցությունների մեջ էր մտնում ՀՀՇ-ի հետ, չի բացառվում, որ այս անգամ էլ նա մասնակցի այդ բանակցություններին։ Իմ եւ Ձեր դիտարկումները չեն հակասում իրար։ Ես ուղղակի բերեցի այս օրինակները՝ որպես ապացույց, թե քանի որ կար այդ փորձը, չէր բացառվում, որ այս անգամ էլ, ելնելով ազգի շահերից, Գեղամյանն էլի համագործակցի։ Ազգի շահերն այսօր պահանջում են, որ ընդդիմությունը միավորվի մեկ թեկնածուի շուրջ։ Համոզված եմ, որ ընդդիմությունը միայն մեկ տարբերակ ունի հաղթելու՝ մեկ թեկնածուի շուրջ միավորվելն է։ Ես ասել եմ ի՛մ տարբերակը։ Բայց, դժբախտաբար, Հայաստանում սովորական է դառնում քաղաքական ծայրահեղականությունը։ Քաղաքական գործիչը կարծիք է արտահայտում՝ չեն ներկայացնում որեւէ հակափաստարկ, բայց սկսում են ասել, թե հիշողությունդ վատ է, հհշամոլ ես եւ այլն։ Ես, օրինակ, ինձ թույլ չեմ տալիս լրագրողին ասել, թե ինքը բաբայանամոլ է կամ, թե տվյալ գործիչն արեւահարված է։ Քանի որ ցանկացած կարծիք հարգում եմ եւ ընդունում։ Այլ բան է, որ կարող եմ եւ չհամաձայնել։ Բայց քաղաքական այս ծայրահեղականությունն իրոք վտանգավոր է Հայաստանի համար»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հիշեցնենք, որ իր ծառայությունները երեք անգամ Ռոբերտ Քոչարյանին իբրեւ վարչապետ առաջարկելուց (պատգամավորների, զանազան գրողների ու արվեստի գործիչների միջոցով) եւ մերժում ստանալուց հետո Արտաշես Գեղամյանը սկսեց քննադատել նախագահին, որին մինչ այդ աջակցում էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել