Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շահումյանցիների տարեգիրը

Օգոստոս 28,2002 00:00

Շահումյանցիների տարեգիրը Հրատարակվել է պատմական գիտությունների դոկտոր Կիմ Ղահրամանյանի՝ Շահումյանի շրջանի մասին ծրագրված եռահատոր հանրագիտարանի առաջին հատորը։ Երկրորդը՝ «Օջախի գիրք. հողը կանչում է» շրջանի հանգամանալից պատմությունը պիտի լինի, իսկ երրորդ հատորը՝ «Օջախի գիրք. կարոտի հասցեներ», տեղեկություններ կհաղորդի աշխարհով մեկ սփռված շահումյանցիների մասին։ Ինչպես ողջ շահումյանցիների, այնպես էլ Կիմ Ղահրամանյանի համար Շահումյանի կորուստը միայն հողուջրի, Հայրենիքի կորուստ չէր։ Այն հոգու մորմոք էր, լուռ հոսող արցունքներ, քնած թե արթմնի երազներ, կոկորդ սեղմող վիրավորանքներ։ Շահումյանցիները վաղուց տեղյակ էին «Օջախի գրքի» մասին ու հնարավորինս նյութերով, թղթակցություններով սատար էին կանգնում հեղինակին, որ գիրքն անպայման հրատարակվի ու հասնի իրենց։ Ավելի քան համոզված ենք, որ գիրքը կդառնա սուրբ նշխար ու կշրջի օջախից օջախ։ Գիրք-հանրագիտարանը նախեւառաջ աչքի է ընկնում բարձրորակ տպագրությամբ, հազվագյուտ լուսանկարների առատությամբ եւ բաժինների բազմազանությամբ։ Հետաքրքիր են վերնագրերը՝ «Հյուսիսային Արցախ. հողը կանչում է», «Տեղանուններ, ճանապարհներ», «Մռավի ղողանջներ. ցավ ու կարոտ, հույս ու հավատ», «Մեր ազգանունները», «Բերքահավաք՝ կլոր տարին», «Ժողովրդական խոհանոց», «Մրցումներ, խաղեր», «Արցունքոտ ժպիտներ» եւ այլն։ Ուշագրավ է, որ հեղինակը հետեւելով մեր բազմադարյան գրիչների ավանդույթին, վերջում հիշատակարան է թողնում. «Մեր պատմության նյութերը հավաքել եւ ուսումնասիրել սկսեցի 1964թ., շարադրեցի տարբեր առիթներով, բայց հանգամանորեն՝ 1992թ. դառն ու կսկծալի ժամանակներից սկսած, երբ մեր գերյալ գյուղերից վավերագրեր չէին մնացել, իսկ վկաներն օր օրի պակասում էին, ցրվում աշխարհով մեկ»։ Միանգամից աշխարհասփյուռ շահումյանցիների եւ ոչ միայն նրանց անունից նշենք, որ Կիմ Ղահրամանյանը շնորհակալ ու մնայուն գործ է կատարում՝ կործանումից փրկելով Հյուսիսային Արցախի հերոսական ժողովրդի բառ ու բանը, ավանդույթներն ու սովորույթները, ամեն-ամեն ինչ։ ՎԱԼՏԵՐ ԱՅԴԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել