ԵԽ-Ն ԴԱՍԵՐ Է ՏԱԼԻՍ Օրերս Հայաստան այցելած ԵԽ մոնիտորինգի խմբի պահվածքը մի քիչ տարօրինակ էր ոչ միայն այն առումով, որ «վերից խոսելու» սովորությամբ առանց քաշվելու, այսպես ասած, կանոնակարգված միջամտություն են հանդես բերում մեր երկրի ներքին գործերին, այլեւ հասարակայնության եւ քաղաքական ուժերի հետ բացահայտորեն հաշվի չնստելու առումով: Տարօրինակ էր նաեւ «ինչպես ուզել-վարվելու» տղայական պահվածքը, երբ 27-ի զոհերի հարազատների եւ իրավահաջորդների հետ զրուցելուց հետո հավաստիացնում են, թե այլեւս կարիք չունեն հանդիպելու 27-ի գործով ամբաստանյալների հետ, սակայն8230հանդիպում են: Տեսնես այդ ո՞վ է ոճրագործներին այդպես մանրամասն իրազեկում երկրում կատարված ու կատարվելիք իրադարձությունների մասին, որ ոճրագործը ձեռնաշղթաներով հանդերձավորվելը նախընտրում է հենց այդ օրերին, եւ կամ էլ այդ ո՞վ է նախապատրաստում այդ հանդիպումը, նույնիսկ այն պարագայում, երբ մոնիտորինգի խմբի կողմից հրաժարումն արդեն կար: Ես չգիտեմ, թե այդ խումբը ղեկավարող տիկնոջ կամ էլ խմբի անդամների համար ոճրագործները ամբաստանյալնե՞ր են, քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ռոմանտիկ սխալականներ, բայց կոնկրետ ինձ համար (համոզված եմ՝ նաեւ շատ-շատերի համար) դրանք (նրանք չէ՝ դրանք) չեն կարող բնորոշվել այն բառերով, որոնցով դասվում են սովորական հանցագործը, սովորական ամբաստանյալը: Եթե փողոցով անցնող օրիորդի պարանոցից վզնոցը գողացած երիտասարդին դատարանում դիմում են ամբաստանյալ բառով եւ նույն բառով պիտի դիմեն ազգի երեւելիներին գլխատողներին, ուրեմն մեր մեջ էլ մարդիկ կան, որոնք եվրոպացիների նման նույնացնում են այդ երկու դեպքը եւ անառարկելի տոնով պնդում մահապատիժը վերացնելու պահանջը: Մենք Եվրոդատարան դիմելու իրավունքը ստացանք այն պահից, երբ մեր երկիրը դարձավ Եվրախորհրդի լիիրավ անդամ՝ 2000թ. հունվարի 25: Հոկտեմբերի 27-ը 99-ին էր: Երիցս իրավացի են Վիկտոր Դալլաքյանը եւ նրա հետ շատ-շատերը, որ հորդորում են առանձնակի մոտեցում ցուցաբերել «հոկտեմբերի 27» գործին ու փաստին ընդհանրապես, եթե կուզեք՝ նաեւ երեւույթին: Եթե դատը մինչեւ օրս շարունակվում է, հո չի՞ նշանակում, թե դա պիտի վերցնել ու տեղավորել ԵԽ պահանջների մեջ, մանավանդ կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը ոչ ՀՀ ՍԴ-ում է քննության առնվել, ոչ էլ ԱԺ-ն է վավերացրել: ՀՈՎԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ