Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՂԲԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Օգոստոս 28,2002 00:00

ԱՂԲԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Երեւանի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի վերգետնյա՝ դեպի «վերնիսաժ» տանող մուտքի առջեւ, կառավարական թիվ 2 մասնաշենքի անմիջական հարեւանությամբ օրեր շարունակ լցվել-մնացել է եւ օր օրի ավելանում է կենցաղային աղբի մի հսկա կույտ, գարշահոտություն տարածող մի բլուր՝ ամբողջ 8-10 քառակուսի մետրի վրա։ Հավանաբար տարածքը աղբահանության համար չեն հաշվարկել, մնացել է անտեր, այսպես ասած՝ չեզոք գոտում։ Իսկ քիչ այն կողմ պաղպաղակ ու բուլկեղեն են վաճառում։ Շաբաթ եւ կիրակի օրերին այստեղով տասնյակ-հարյուրավոր զբոսաշրջիկներ են անցնում, աշխատանքային օրերին՝ հարյուրավոր երեւանցիներ, հիմնականում քաղաքաշինության նախարարության, Ազգային վիճակագրական ծառայության, Արտոնագրային վարչության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության եւ Ազգային ճարտարապետական թանգարանի աշխատակիցները։ Ու ի՞նչ։ Ոչինչ։ Աղբը հիմա էլ այնտեղ է։ Իսկ այն, ինչ ասաց մեզ կառավարական շենքի (վարչապետի նստավայրի) հերթապահ ոստիկանը, երբ նրան խնդրեցինք որեւէ կերպ օգնել այս հարցի լուծման համար (հեռախոսահամար տրամադրել եւ այլն), թե ինչ եւ ինչպես պատասխանեց նա, ոչ մի դեպքում չենք կարող պատկերացնել։ Նա ասաց. «Ի՞նչ ա, կարո՞ղ ա ես պըտի աղբը հավաքեմ»։ Ի՞նչ կարող ես անել այս ամենից հետո։ Մի՞թե ավելի լավ չէր լինի, որ մենք հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդ չլինեինք, աշխարհում առաջինը պետականորեն ընդունած չլինեինք քրիստոնեությունը, չունենայինք ճարտարապետական ու մշակութային գլուխգործոցներ, գիտական նվաճումներ, «Արարատն» էլ երբեւէ չեմպիոն ու գավաթակիր դարձած չլիներ, միայն թե այդպես չմտածեինք։ Կ. ՎԱԼԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել