ԴԱՆԴԱՂ ՔԱՅԼԵՍ՝ ԵՐԿԱՐ ԿԳՆԱՍ Հովհաննես Բաբախանյանին արվեստի մարդու «շնորհք» տվողը «պոչիկ» կապած երկար մազերն են ու խոսուն, արտահայտիչ աչքերը, իսկ ընդհանրապես նա Երեւանի դրամատիկական թատրոնի զբաղված դերասաններից է։ Հովհաննես Բաբախանյանին «իսկական դերասան է» ասում էին փոքրուց ու բոլորը՝ բակի ընկերներից մինչեւ ծանոթ-բարեկամները, բայց ինքը երազում էր դառնալ նկարիչ, ինչպես քույրը։ Այնինչ, կյանքը դասավորվեց հոր սրտով. դարձավ դերասան։ «Առաջին դերս «նաֆսոտ» դեր էր (պրոֆեսոր՝ «Սպանության վկաները» պիեսում), ում տալիս էին՝ կամ հիվանդանում էր, կամ՝ մեռնում, մեկն էլ գնաց Ամերիկա։ Բայց ինձ համար շատ կարեւոր դեր էր այն առումով, որ դրանով որոշվում էր իմ մուտքը մեծ թատրոն»,- հիշում է Հովհաննեսը։ Այդ օրերից անցել է 10 տարուց ավելի եւ էլ կասկածելու բան չկա, որ Հովհաննես Բաբախանյանին «նաֆս» չի կպչում, եւ այսօր նա զբաղված է խաղացանկի գրեթե բոլոր պիեսներում, այն էլ՝ գլխավոր դերերով։ «Դերասանական մեր սերնդին դժվար ժամանակներ բաժին ընկավ, մենք եկանք այն տարիներին, երբ կինո ու հեռուստաթատրոն չկար, այսինքն ճանաչում գտնելու կարճ ճանապարհը փակված էր»,- ասում է նա։ Բայց, ինչպես ասում են, Աստված մի դուռ որ փակում է, մյուսը բացում է։ Մեր «ղսմաթով» Հովհաննեսին էլ նկատեցին կինոռեժիսորները, նկարահանվեց, այն էլ՝ Ռ. Քոչարի «Հերոստրատոս» ֆիլմում, որն այս օրերին ցուցադրվում է արտերկրում եւ նույնիսկ մի ուրիշ ֆիլմի «դուռ է բացել», այժմ էլ՝ հայ-բրազիլական ուղղությամբ։ Ակամա չկարողացա խուսափել «թունոտ» հարցից, այն է՝ արդյո՞ք Հովիկի աները (Վլ. Մսրյան) դեր չունի իր հաջող կարիերայի մեջ։ Զրուցակիցս չվիրավորվեց. «անշուշտ, «խ.ծ.բ.» (խնամի-ծանոթ-բարեկամ) համակարգը գործում է նաեւ թատրոնում, բայց՝ մինչեւ առաջին բեմելը, իսկ դրանից հետո դու ես ու հանդիսատեսը, ու թե տղա ես՝ դիմացիր… Եթե վատ խաղացիր, հանդիսականները քեզ կգզեն, հո չե՞ն նայի, թե ում փեսան ես։ Այսօրվա հանդիսատեսը, հատկապես, շատ ազատ է իր վերաբերմունքը դրսեւորելու մեջ. կսուլի, կվիրավորի, կթողի-դուրս կգա դահլիճից, ի՞նչ էթիկա…»։ Այդպիսի դեպք դերասանն իր կյանքում չի հիշում, չի հիշում նաեւ, որ հին ու նոր սերնդի միջեւ խնդիր ծագած լինի իրենց թատրոնում։ Նրա պատկերավոր ներկայացմամբ՝ թատրոնը սովորական թագավորություն է, որտեղ կան թագավոր, թագուհի, դրանիկներ ու սպասավորներ։ «Եթե ուժեղ է թագավորը, դերասաններն իրենց բոլոր «կապրիզներով» հանդերձ դառնում են նույն տարիքի, հակառակ դեպքում՝ սոդոմ-գոմոր է, այս առումով մեր թատրոնում ամեն ինչ կարգին է, եւ մեր մեծերը հատընտիր գրկաբաց են ընդունում բոլոր երիտասարդներին»,- ասաց Հովհաննեսը։ Ինչ վերաբերում է դերերի ընտրությանը, ապա այս հարցում դերասանը «կապրիզ» չունի, համաձայն է խաղալ ե՛ւ թափառաշրջիկ հարբեցողի, ե՛ւ արքայից արքայի դեր, բայց երկրորդական կամ էպիզոդիկ դերն այլեւս նրա սրտովը չէ։ «Ինձ չհամոզեք, որ փոքր դերերով կարող ես դառնալ մեծ դերասան»,- ասաց նա։ Հայ թատրոնի մեզ հայտնի խնդիրներն այս դերասանն այլեւս անցած է համարում, վկայակոչելով այն փաստը, որ բոլոր մեծ թատրոնների շենքերն այժմ հիմնանորոգվում են։ «Դա արդեն նշանակում է, որ հայ թատրոնը մտնում է շրջադարձային փուլ, իշխանությունների վերաբերմունքը փոխվել է, հիմա մեզ միայն պակասում են անգլերենի իմացությամբ ճարպիկ պրոդյուսերներ, որոնք կկարողանան հայկական բարձրարվեստ թատրոնը դուրս բերել միջազգային ասպարեզ»։ Նրա կարծիքով, թատրոնը չունի նաեւ սերնդափոխության խնդիր, քանի որ թատրոնի նվիրյալներ այսօրվա ջահելության մեջ էլ կան ու բավարար չափով, եւ հանդիսատեսն էլ կա, նույնպես՝ բավարար չափով։ «Իմ 3 երեխաներն էլ շատ սիրում են թատրոնն ու երազանք-նպատակ ունեն դերասան դառնալու, չնայած դա լուրջ չէ, որովհետեւ շատ փոքր են լուրջ որոշում կայացնելու համար։ Կարծում եմ, ինչ էլ դառնան, թատրոնի հանդեպ սերն, այնուամենայնիվ, կպահպանվի»,- նշեց Հովհաննեսը։ Քանի որ խոսք գնաց ընտանեկան ավանդույթներից, ապա ասենք նաեւ, որ բնավորությամբ պահպանողական ու ավանդապահ մեր զրուցակիցը մազերը երկարացրել ու պահպանում է ոչ թե որպես ընտանեկան ավանդույթի շարունակող (նկատի ունենք Վլ. Մսրյանի մազերը), ո՜չ, պատճառն այլ է, ինչպես Հովհաննեսն ասաց. «Այս մազերը հիշատակ մնացին Հերոստրատոսի դերից, որից հետո առաջարկված բոլոր դերերը թե՛ թատրոնում, թե՛ կինոյում պահանջում էին երկար մազեր, դե, ես էլ ստիպված խնամում-պահում եմ»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ