Բանավոր քննությունից դուրս եկար, էլ տերը չես Ներքոշարադրյալ բողոքը հեղինակը խմբագրություն է ներկայացրել կեղծանվամբ, քանի որ, թեկուզ վճարովի, ստիպված է լինելու սովորել այն դասախոսների մոտ, ում ընդունելության քննություններ է հանձնել եւ ումից «տուժել»: Թվում է՝ բողոքն այլեւս անիմաստ է, քանի որ հետադարձ ուժ չի կարող ունենալ, սակայն հույս ունենանք, որ ստորեւ ներկայացվող ճակատագրական մանրամասները հաշվի առնելով՝ գալիք տարիներին կվերանայվեն ու կմշակվեն քննությունների կազմակերպման շատ ձեւեր ու մեխանիզմներ, որոնք մասնավորապես առնչվում են բանավոր քննությունների բողոքարկմանն ու 1-ից ավելի պատասխան ակնկալող հարցերի՝ գոնե սահմանափակմանը: Այլապես ապացույցների բացակայության պայմաններում չես կարող խուսափել քննողների սուբյեկտիվությունից կամ ասենք շահերդ պաշտպանել օրենքով: «Դիմել էի լեզվաբանական համալսարան։ Առաջին քննությունս բանավոր անգլերենից էր։ Իմ պատասխանը հեռարձակմամբ դիտում էին ծնողներս, մասնագետներ եւ էլի ուրիշներ։ Ոչ միայն իմ, այլեւ բոլոր դիտորդների կարծիքով՝ ես գերազանց պատասխան տվեցի։ Անգամ քննողներն էին դժվարանում իրենց գոհունակությունն ու զարմանքը թաքցնել։ Բայց եւ այնպես նրանք հրաժարվեցին ինձ «17»-ից ավելի գնահատել՝ հայտարարելով, թե դա էլ ինձ բավական է անվճար ընդունվելու համար, մանավանդ համոզված են, որ ես մյուս երկու քննություններից «20» կստանամ։ Տարօրինակ համոզմունք. կարծում էին, թե միայն իրենք են անարդար։ Բայց դե, իհարկե, նրանք շատ լավ գիտեին, որ 3 միավորի կորուստն արդեն բավարար է անվճարից զրկվելու համար։ Ես չգիտեի եւ հույսերով շարունակում էի քննություններս։ Գրավոր անգլերենից հաջողվեց «20» ստանալ։ Ոչ մի թերություն չէր եղել միավոր հանելու համար։ Ի պատիվ ստուգողների՝ քմահաճություններ եւ անհիմն կերպով գնահատականս իջեցնելու փորձեր չէին արել։ Բայց ահա հայոց լեզվի գրավորս ստուգողները (2-րդ հանձնաժողով) այդպիսի քմահաճությունների գայթակղությանը չէին դիմացել։ Ըստ անկախ փորձագետների կարծիքի՝ ես հայերենից անսխալ գրավոր էի գրել։ Մինչդեռ ստուգողները երկու տեղ միավոր էին հանել՝ կառչելով, ինչպես մասնագետներն էին ասում, զուգաձեւություններից, մի տեղ էլ՝ կառչելով կանոնի բացակայությունից։ Կես միավոր հանել էին մի փոխակերպման համար, որը, ինչպես պարզվում է, չորս ճիշտ լուծում ունի։ Ստուգողներն այդ չորսից մեկն էին ճիշտ համարել, ընդ որում՝ ոչ լավագույնը։ Մոտ քսան հոգի բողոքարկել էր այդ կամայական որոշման դեմ, սակայն ստուգողներն անդրդվելի էին։ Քառորդ միավոր հանել էին բառի տեղադրման համար՝ պատճառաբանելով, թե իմ լուծումը տարբեր է այն գրական երկից, որից վերցված է տվյալ նախադասությունը։ Կարծես ոչ թե հայոց լեզվի, այլ հայ գրականության քննություն էր։ Բացի այդ, նմանատիպ առաջադրանքների զգալի մասը ոչ մի գրական երկից էլ քաղված չէ, այլ հորինված է «Շտեմարանը» կազմողների կողմից։ Ինչեւէ, ստուգողները բողոքարկման ժամանակ հրաժարվեցին իմ գրածը ճիշտ հաշվել։ Կրկնական բողոքարկման հանձնաժողովն ավելի արդար եղավ եւ ճիշտ համարեց իմ այդ լուծումը։ Դա, սակայն, բավարար չէր, որ գնահատականս «20» դառնար։ 0,2 միավոր էլ հանել էին տողադարձի մի դեպքի համար։ Սա, թերեւս, ամենամեծ անարդարությունն էր։ Ինձ դպրոցում սովորեցրել էին, որ միության գծիկով հարադրավոր բարդությունները տողադարձելիս առաջին բաղադրիչից հետո դրվում է ենթամնան, իսկ միության գծիկը երկրորդ բաղադրիչի հետ միասին տարվում է հաջորդ տող։ Դրա շնորհիվ երեւում է՝ տողադարձված բառը միության գծիկո՞վ է, թե՞ կցական բարդություն է, եւ գրողը գիտե՞ այդ մասին։ Ահա այսպիսի տողադարձն էին իմ գրավորում սխալ համարել՝ ավելորդ համարելով հաջորդ տող տարված միության գծիկը։ Կարծես թե, փոխանակ գրելու, պարտավոր էի կուլ տալ կամ գրպանս դնել այդ գծիկը։ Բողոքարկումից առաջ դիմեցի բազմաթիվ մասնագետների, նայեցի դպրոցական ու բուհական դասագրքեր, բայց ոչ մի տեղ չգտա ստուգողների կարծիքը հաստատող կանոն կամ գոնե որեւէ ակնարկ։ Իսկ իմ գրածի հաստատումը գտա «Կետադրական բառարանում»։ Բողոքարկման ժամանակ հայտարարվեց, թե այդ բառարանը դպրոցական դասագիրք չէ, հետեւաբար ստուգման համար հիմք ծառայել չի կարող։ Իսկ թե ի՞նչն է հիմք ծառայել իմ գրածը սխալ համարելու համար, ստուգողներն այդպես էլ չկարողացան մատնացույց անել։ Պարզվեց, որ դա ընդամենը իրենց անձնական (սուբյեկտիվ) կարծիքն է: Որքան էլ անսպասելի էր, կրկնական բողոքարկման ժամանակ էլ տողադարձի այդ դեպքը ճիշտ չհամարվեց, բայց ոչ էլ սխալ համարելը օրինականորեն հիմնավորվեց։ Չարվեց, որովհետեւ այդպիսով գնահատականս «20» կդառնար»։ Ն. ԽԱՉԻԿՅԱՆ