Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԳԵՐԱՆԿԱԽ» ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՐԱԽՈՒՄ

Օգոստոս 28,2002 00:00

«ԳԵՐԱՆԿԱԽ» ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՐԱԽՈՒՄ Պարզվում է, մեզանում դատարանները գերանկախ են, գերօրինական եւ գերանձեռնմխելի։ Այդպիսի տպավորություն ստացա մասնավորապես ուսումնասիրելով տարբեր տրամաչափի չինովնիկների պաշտոնական կոչեցյալ գրությունները, որոնք ուղարկվել էին ՀՀ շարքային միամիտներից՝ քաղաքացի Վարդան Պողոսյանին։ 2-րդ կարգի հաշմանդամ Վ. Պողոսյանը «սխալմամբ» դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը (ապրիլի 20-ին)։ ԱՆ վերահսկողության ծառայության պետ Վ. Ստեփանյանը բողոքին ի պատասխան (իսկ քաղաքացին դժգոհել էր դատարաններից-քաշքշուկներից) հիշեցրել է «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, հասկացնելով, թե «պաշտոնատար անձանց միջամտությունը դատավորի գործունեությանը՝ արդարադատություն իրականացնելիս անթույլատրելի է»։ Դատարանի հետ գործ բռնողները, փառք Աստծո, գիտեն վերոնշյալ օրենքի վերոնշյալ հոդվածը: Ցավին «դարմանելով», այս օրենքը նույնպես անթույլատրելի է։ Վ. Պողոսյանը ձեռքը մեկնել է նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովին։ Ասել է թե՝ իրավապաշտպաններին։ Իրավապաշտպանության այս շինծու կենտրոնի տրամաբանությամբ էլ դատարանները անկախ են («Տեղեկացնում ենք, որ դատարանները անկախ են։ Հանձնաժողովն իրավասու չէ միջամտելու դատարանների գործունեությանը», 30 ապրիլի)։ Լավ, Վ. Պողոսյանի օրինակով քաղաքացիները իրավապաշտպանների՞ն էլ չդիմեն։ Վ. Պողոսյանը հույսով դիմել է այս անգամ արդարադատության խորհրդի աշխատակազմ, որը «տեղեկացրել» է հայցվոր-քաղաքացուն այն, ինչ նա գիտի։ Այսինքն այն, որ իր հայցադիմումը գտնվում է Ավան եւ Նոր Նորք, նաեւ՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանների վարույթում։ ԱԽ-ը քաղաքացուն հիշեցրել է նաեւ «Դատավորի կարգավիճակի մասին» օրենքի 6-րդ հոդվածը, որի 1-ին մասը հաստատ Թումանյանի քառյակներից առավել անգիր գիտի քաղաքացին։ Իրավաբանական ուշագրավ օգնություն է ցույց տվել քաղաքացուն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Դալլաքյանը։ Նա տեղեկացրել է, թե մեզանում արդարադատություն իրականացնում է եռաստիճան դատական համակարգը։ Նա «հիշեցրել» է նաեւ, որ «ԱԺ-ն դատական ֆունկցիա, ինչպես նաեւ վերահսկողություն այդ մարմինների նկատմամբ չի իրականացնում, ուստի միջնորդություն ներկայացնել չի կարող»։ Իհարկե, շատ լավ գիտենք, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովները լավ էլ դատական ֆունկցիաներ են իրականացնում (ասենք՝ կասկածյալներին, դատակոչի ենթակա վկաներին ինչպես են կանչում հանձնաժողով՝ «ուղղորդելու» հանճարեղ նպատակաուղղվածությամբ)։ Ինչո՞ւ եք մոռանում «Լոբու» պատմաքրեական գործով արված միջնորդությունը, երբ նրա խափանման միջոցի հարցը անգամ լուծվեց։ Մի խոսքով, Վ. Պողոսյանը հայտնվեց գերանկախ դատարանների երախում։ Էլեկտրոնային արդյունաբերության հիմնադիրներից մեկը («Արագիլ» գործարանի նաեւ) շուկայական նոր հարաբերությունների զոհը դարձավ։ Լինելով «Ազատ-Դ» ՍՊԸ նախագահ, նախաձեռնեց «Վարդանանց» անունով օղու արտադրությունը։ Ներդրեց գումար, սարքավորումներ, բնակարանի նկուղը դարձրեց արտադրամաս: Սակայն հիվանդության պատճառով գործը կիսատ մնաց եւ այն «շարունակեց» պատասխանող Արմեն Ամիրխանյանը։ Վերջինս ըստ Վ. Պողոսյանի «մեկուսացրեց» իրեն աշխատանքից եւ շահույթի մասնաբաժնից։ Վ. Պողոսյանը դադարեցրեց արտադրությունը, դիմեց դատարան՝ խնդրելով բռնագանձել պատասխանողից սարքավորումների $4000 արժեքն ու պատրաստի արտադրանքի արժեքը ($1500)։ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Խ. Բաղդասարյան) հայցը բավարարում է մասնակիորեն, վճռելով Վ. Պողոսյանին վերադարձնել նրա նկուղում գտնվող 200լ կապրոնե բաքը, 4 հատ ֆիլտրերը, շշալցման սեղանը, ջրի պոմպը, շիշ փակելու սարքը, 2 հատ «վաննան»։ Ինչպես նկատեցիք, խոսք անգամ չկար ներդրված գումարի մասին։ Իսկ գումարի մի մասը ($2000) Վ. Պողոսյանը պարտքով վերցրել էր մեկ այլ քաղաքացուց՝ Սարգիս Զաքարյանից, որի հայցը բավարարեց մեկ այլ դատարան՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշի (դատավոր՝ Վ. Լալայան)։ Գումարի դիմաց բռնագանձում տարածվեց Վ. Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 14,3 քմ մակերեսով բնակելի 1 սենյակի եւ օժանդակ-կոմունալ տարածքների 1,5 բաժնեմասի վրա։ Դիմելով վերաքննիչ, միայնակ թոշակառուն, անկողնուն գամված (որն, ի դեպ, խնդրել էր իբրեւ միայնակ թոշակառու ազատել իրեն պետական վճարումից), պահանջում էր իրենից «քցած» գումարը վերադարձնել, որպեսզի 2-րդ դատարանի բռնագանձման վճռի տակից ըստ էության կարողանա դուրս գալ։ Ի դեպ, այս փուլում, ԴԱՀԿ Երեւանի ստորաբաժանման կողմից (համաձայն թիվ 2-253 կատարողական թերթի) արգելանք է դրված այն բնակարանի վրա, որը դատարանի վճռով «անցել» էր Ա. Ամիրխանյանի տնօրինության տակ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել