Տիղմը կրկին ջրի երես ելավ Արդեն 2 տարի է՝ պետական այրերը չեն կարողանում Վանաձորում 2 շենքի հետ կապված հարց լուծել։ Խնդիրը վերաբերում է Վանաձորի Աղայան փող. (Դիմաց թաղամաս) 83 եւ 87 շենքերին, որոնք 1988թ. երկրաշարժի արդյունքում վթարային դառնալուց հետո 2000թ. ամրացվեցին։ Հիշեցնենք, որ այդ շենքերի՝ բնակվելու համար ոչ պիտանի լինելը ի հայտ էր եկել այն ժամանակ, երբ շենքերի նախկին բնակիչներին (ժամանակավորապես տնակներում բնակվող) տեղական իշխանություններն ստիպել էին տնակներն ազատել եւ տեղափոխվել շենքեր։ Չհաշված կենցաղային որոշ անհարմարություններ՝ կապված էներգասնուցման համակարգի, ներքին հարդարման աշխատանքների հետ, պարզվել է, որ ամրացման աշխատանքներից հետո շենքերի կոյուղագիծը անհուսալիորեն անսարք վիճակում էր, քանի որ այդ աշխատանքների համար… բյուջեով առանձին ֆինանսավորում չի նախատեսվել։ «Ամրացվող շենքերի համար բյուջեով ֆինանսավորվում է նախատեսվում այնքան, որ շենքից մինչեւ կոյուղու 1-ին դիտահորը վերականգնվի»,- վերոհիշյալ թերությունների առնչությամբ մասնագիտական «նրբությունները» պարզաբանելիս նշել է Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության այժմ արդեն նախկին պետը՝ 2001թ. հոկտեմբեր ամսին մարզային պաշտոնաթերթում։ Երբ 2000թ. հիշյալ շենքերի բնակիչների բողոքը ցուցադրվեց տեղական հեռուստատեսությամբ, մի քանի օր անց, այդ շենքերի շինարարական աշխատանքները իրականացրած կազմակերպությունները, տեղական իշխանությունների գլխավորությամբ այդ ամենը «մեղմացնել» փորձող պատասխան ռեպորտաժով հանդես եկան։ Այդ ամենին արձագանքեց «Առավոտը»՝ 10.11.2000թ.։ Դրանից հետո, ամեն անգամ, երբ շենքերի առնչությամբ տիղմը (ուղղակի եւ անուղղակի իմաստով) ջրի երես է ելնում, այդ հարցերը պարզաբանելու կոչված որեւէ պաշտոնատար անձ որեւէ հայտարարությամբ հանդես է գալիս, տրվում են համապատասխան հանձնարարականներ՝ իրավիճակը մեղմելու ուղղությամբ, սակայն որոշ ժամանակ անց հարցը կրկին ընկղմվում է ջրի խորխորատները։ Որպես հարցի ժամանակավոր կարգավորման մի տարբերակ՝ շենքերի կոյուղագծերի հարցով պետք է զբաղվեր Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան բաժինը. պարբերաբար պետք է տարվեին մաքրման աշխատանքներ՝ մինչեւ հնարավոր լիներ միջոցներ ձեռք բերել նոր կոյուղագիծ կառուցելու համար։ Թերեւս առայսօր ֆինանսներ չեն գտել, քանի որ, օգտվելով տեղական հեռուստատեսությամբ դժգոհելու հնարավորությունից (այս անգամ՝ շնորհիվ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի «Ինքնակառավարում» հաղորդաշարի), վերոհիշյալ շենքերի բնակիչները օրերս կրկին հիշեցրին իրենց հիմնախնդրի մասին, ակնկալելով համապատասխան ուշադրություն։ Բնակիչների դժգոհությանը պատասխանելու իրավասությունն այս անգամ իր վրա վերցրեց Վանաձորի քաղաքապետը, որը մեղադրեց այդ շենքերի ամրացման աշխատանքներն իրականացրած կազմակերպություններին։ Հարց է ծագում. ինչպե՞ս են համապատասխան ակտով ընդունվել վերոհիշյալ շենքերը, եթե բնակության համար պիտանի չեն եղել։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ