«ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ», ԲԱՅՑ ԴԵՌ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ Որքան էլ տարօրինակ լինի, Հայաստանում ինտերնետ կապի մատուցման այս խառնաշփոթ վիճակի առանցքում, մեր աղբյուրների վերլուծությամբ, ընկած է Հունաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հարցը: Ինչպես հայտնի է, եվրոպական այս կառույցն անդամակցության հավակնություններ ունեցող երկրների ընկերություններից պահանջում է դադարեցնել մենաշնորհը, որ ունեն որեւէ երկրում: «ԱրմենՏելն» այդպիսի ընկերություններից մեկն է, որն այդ պահանջին ենթարկվելուն զուգահեռ, միաժամանակ փորձում է չանտեսել իր կոմերցիոն շահերը: Միայն թե այդ կոմերցիոն շահերը խիստ վիճարկելի են: Մեր աղբյուրները պնդում են, որ «ԱրմենՏելի» մասնակցությամբ ստեղծված «ԱրմենՍել» պրովայդերական ընկերությունը հենց այդպիսի շահի դրսեւորում էր, թեեւ դրա պաշտոնական ձեւակերպումն այն էր, թե «ԱրմենՏելն» էլ է հավասար սկզբունքներով մտնում շուկա: «ԱրմենՏելի» բաժնեմասն այս գործում, պետք է ենթադրել, «Ինֆոկոմի» բազային հիմքն էր: Այս ընկերության սայթն այցելելիս կարդում ես, «Հարգելի այցելուներ, մեր սայթը վերակառուցման փուլում է: Բոլոր հարցերով դիմեք [email protected] -ին»: Արդեն 1998թ. «Ինֆոկոմ» ՓԲԸ միակ բաժնետերը դարձել էր «ԱրմենՏելը»: Այս գործում «ԱրմենՏելի» գործընկերն «Արմինկոն» էր, որը, մեր տեղեկություններով, Եվրամիության պահանջի մասին իմանալով, արդեն հրաժարվել է կամ մտադրություն ունի հրաժարվել «ԱրմենՍելում» իր մասնակցությունից: «Արմինկոյի» ռեակցիան հասկանալի է, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ ինքը միայնակ կարող է տնօրինել իր բաժանորդային մեծ շուկան: Մինչդեռ ժամանակին «ԱրմենՍելը» ձեռնտու էր երկու հիմնադիրներին էլ: «ԱրմենՏելին», որովհետեւ կարող էր օգտվել «Արմինկոյի» մեծ (ամենամեծը հանրապետությունում) բաժանորդային շուկայից, իսկ «Արմինկոյին», որովհետեւ, «ԱրմենՏելի» նման բաժնետեր ունենալով՝ ապահովված կլիներ որեւէ ոտնձգությունից, որ թույլ է տրվում մյուս պրովայդերների նկատմամբ: «ԱրմենՏել»-«Արմինկո» հակամարտությունը, մեր աղբյուրի մեկնաբանությամբ, հենց գործընկերությունից հրաժարվելու պատճառով էլ առաջացել է: Հիշենք, որ նախ «ԱրմենՏելը» մեղադրեց «Արմինկոյին» ապօրինի կապուղիների օգտագործման մեջ, որին հետեւեցին տեւական բանակցությունները: Այսօր արդեն «ԱրմենՏելի» մամուլի քարտուղարի հաղորդմամբ, «Արմինկոն» էլ է հայտարարել, որ հենց հիմա հակամարտություն չկա»: Այդ դեպքում ինչի՞ շուրջ են բանակցում կողմերը հարցին հետեւեց պատասխանը, թե՝ «տարածքի շուրջ»: Հիշեցնենք, որ այս ողջ ընթացքում կողմերը ժամանակ առ ժամանակ հայտնում էին դատարան դիմելու իրենց մտադրության մասին, բայց այդպես էլ չդիմեցին, թեեւ տրամաբանական կլիներ: Տրամաբանական կլիներ, բայց ձեռնտու չէր լինի հատկապես «ԱրմենՏելին»: Ամբողջական պատկերի համար հարկ է նշել, որ մեր աղբյուրների տվյալներով, ապօրինի կապուղիներ ունեն գրեթե բոլոր պրովայդերները, կոպիտ ասած, «ԱրմենՏելը» չի բավարարում կապուղիներ տրամադրելու պրովայդերների հայտերը, նրանք էլ «վերցնում են»: Այս մասին «ԱրմենՏելը» գիտի: Բայց ոչ այս (որի մասին ինքը հայտարարեց), ոչ էլ մյուս դեպքերում դատարան չի դիմում: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, պարզ է. եթե պրովայդեր ընկերությունը նույնիսկ պատժվի էլ, «ԱրմենՏելը» դատարանից դժվար թե շահած դուրս գա, որովհետեւ «ԱրմենՏելի» պահանջը օրինական է թվում նեղ բիզնեսի տեսանկյունից, բայց իրավական առումով այս ընկերությունը չարաչար սխալվում է ինքն իրեն համոզելով, թե ինտերնետ կապի մատակարարման մենաշնորհն էլ է իր ձեռքում: Նկատենք, որ թիվ 60 լիցենզիան, որով պետք է գործի «ԱրմենՏելը», որեւէ նման իրավունք չի տալիս: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ